Մարիամի հետ հանդիպում ենք Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում: Երկար զրույցի վերջում պատմում է, որ Նարեկ սարկավագի հետ առաջին անգամ հենց այս եկեղեցի են ծաղիկներ բերել։
Մարիամի մատին հիմա երկու մատանի է՝ իրենն ու Նարեկ սարկավագինը: Երկու հոգու փոխարեն է հիմա սիրում ու խնամում Մարիային, որն առաջին անգամ «պապա» ասել է հայրիկի զոհվելուց ամիսներ անց:
Նարեկ սարկավագ Պետրոսյանը սպասավորել է ԶՈւ հոգևոր առաջնորդությունում: Մասնակցել է ապրիլյան, նաև՝ վերջին պատերազմին: Կապայով, զրահաբաճկոնով ու խաչը ձեռքին. այսպիսին էին նրա վերջին նկարները: Նարեկ սարկավագը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին կարգի շքանշանով:
«Ասաց՝ զինվորները մեր կարիքը շատ ունեն, պիտի քաջալերենք, որ դիրքերը չթողնեն»:
Պատերազմի լուրը Նարեկից ստացանք: Կիրակի էր, ես գիտեի՝ եկեղեցի է գնացել, զանգեցի, պարզվեց՝ ՊՆ-ում է: Այդ օրն ասաց, որ Արցախ գնալու կարիք չկա, բոլոր գնդերեցներն իրենց զորամասերում են, հրահանգները տրված են: Մի օր էլ չանցավ՝ ասաց՝ զինվորները մեր կարիքը շատ ունեն, պիտի քաջալերենք, որ դիրքերը չթողնեն:
Ամեն օր խոսում էինք, բայց՝ ոչ երկար: Ուշադիր էր, որ հանկարծ իր զանգով թիրախավորում, տեղորոշում չլիներ: Ես մի քիչ ցրված էի, իմ ուշադրության կենտրոնում Մարիան էր՝ ինչ պիտի ուտի, ինչ հագնի, երբ դուրս գանք մաքուր օդի: Բայց հենց Մարիային քնեցնում էի, ծնկում էի աղոթքի:
«Չէի ուզում բարկանալ, մտածում էի՝ ամեն պահի վտանգի մեջ է, հանկարծ չնեղացնեմ»:
Ոչ մի անգամ չեմ համոզել, որ չգնա, ուղղակի անընդհատ ասում էի, որ զգույշ լինի: Նույնիսկ մի անգամ ասացի՝ զոհվելով չի, Նարե՛կ: Լսում էի, որ զինվորականները գալիս, իրենց ընտանիքին տեսնում, հետ էին գնում, ասում էի՝ արի՛ էլի, մնացել ես՝ ի՞նչ անես: Եկավ, երկու օր մնաց, նորից գնաց: Ընթացքում շատ է պատահել, որ ջղայնացել եմ, գրել եմ՝ հերի՛ք եղավ, հե՛տ արի: Բայց չէի էլ ուզում բարկանալ, մտածում էի՝ ամեն պահի վտանգի մեջ է, հանկարծ չնեղացնեմ իրեն: Երկրորդ անգամ հոկտեմբերի վերջին եկավ, գնաց, ու երևի 2 օր անցավ՝ ստացանք լուրը:
Քրոջս տանն էի, անծանոթ համարից զանգ եկավ: Վերցրեցի՝ տեր Կորյունն էր: Ինքն է եղել Նարեկի մանկության առաջին քահանան, ով Շուշիում Նարեկին շապիկ է հագցրել, որ ծառայի եկեղեցում: Հարցրեց, թե որտեղ եմ ու եկավ քրոջս տուն: Բոլորը, բացի ինձնից, գիտեին արդեն: Եկավ, նստեց, ասաց՝ դու գիտեի՞ր, որ Նարեկը վիրավորվել էր: Ակնոցը հանեց, աչքերը լցվեցին: Ես արդեն մտածում էի՝ ո՞ր հիվանդանոց պիտի վազեմ, ի՞նչ վիրավորում է ստացել: Հետո հանկարծ ասացի՝ ո՞նց թե վիրավորվել էր: Երկար ձայն տվեցի, գոռացի Նարե՛կ, Նարե՛կս։
«Ինքն ուզում էր, որ բոլորը ճանաչեն Քրիստոսին»:
Նարեկը միանգամից ընկերանում էր զինվորների հետ, երկար զրուցում էր, լուսանկարվում, գիրք նվիրում և միշտ նրանց դիմում էր «ախպեր ջան»-ով, սրտանց ու սիրով: Բոլորին Նոր Կտակարան էր նվիրում ու անպայման մաղթանք էր գրում և իր հեռախոսահամարը, որ երբ դժվարություն ունենան կամ կարդան ու հարցեր առաջանան, զանգեն:
Անհրաժեշտ իրերի ցուցակներ էր կազմում ու ուղարկում ինձ, մեր ընկերներին: Ասում էր՝ չեն գալիս պատերազմ, գոնե էսպես օգնեն: Սրբապատկերներ ու խաչեր էր բաժանում, գրում էր չմկրտված զինվորների անունները, որ քահանաները գնան, մկրտեն: Ինքն ուզում էր, որ բոլորը ճանաչեին Քրիստոսին, հաղորդություն ստանան: Ինձ թվում է՝ իր ներկայությունը զինվորների համար ամեն ինչ էր: Նարեկը ոնց որ հանրագիտարան լիներ, ինչ հարց տայիր, ինչ թեմայից ուզեիր, կխոսեր, էնքան հետաքրքիր կպատմեր:
«Թվում է՝ ինքն էս ամեն ինչի մասին հուշել է ինձ»:
Առաջին կուրսի ուսանող էի, որոշեցի ամեն կիրակի Սուրբ Պատարագի մասնակցել: Սուրբ Շողակաթ եկեղեցու երգչախումբը մուտքի մոտ էր կանգնում: Խմբավարը տեսավ, որ ամեն կիրակի գնում եմ, առաջարկեց՝ երգեմ իրենց հետ: Էդպես ծանոթացա նաև Երիտասարդաց միության անդամներին: Երիտասարդները պարբերաբար ասում էին. «Նարեկ սարկավագին էնքան ենք կարոտել, ե՞րբ կգա»: Պարզվեց, որ Նարեկը մի ժամանակ եղել էր միության ղեկավարը:
Մի օր գնում էինք Մեղրաձոր՝ ուխտագնացության, Նարեկ սարկավագն էլ եկավ: Շատ ակտիվ էր, ամեն ինչ ինքն էր կազմակերպում ու ինձ էլ անընդհատ ասում էր. «Մարիա՛մ ջան, արի էստեղ կանգնի, նկարվի, էնտեղ նկարվի»: Բարձունքի վրա մի եկեղեցի կար, գնացել էինք՝ մաքրելու: Տարիներ հետո ասում էր. «Ես եմ քո ձեռքը բռնել, բարձրացրել»: Ասում էի՝ անհնար է, ես չէի կարող ձեռքս տալ, ես Գայանեի հետ եմ բարձրացել: Ինքը սիրում էր էդպիսի պատմություններ ստեղծել ու պատմել ինձ:
Միշտ ֆիլմեր էր ուղարկում, որ նայեի: Առաջինը «Իմ ընկերը հրեշտակ է» ֆիլմն էր: Խորհրդանշական էր, ինքը դարձավ իմ ընկեր հրեշտակը: Վերջերս միացրեցի իր ուղարկած ֆիլմերից «Ջուզեպպե Մասկատի, բժշկարար սեր»-ը, բայց չկարողացա նայել, արցունքներս խեղդում էին ամեն դրվագում, կարծես թե Ջուզեպե Մասկատիի կյանքով էր ապրել Նարեկս. նվիրվում էր բոլորին, հոգ տանում նրանց համար, ամենուրեք սեր ու ժպիտ էր տարածում: Էդպիսի էնքան ֆիլմեր կան, որ հիմա նայում եմ, ու թվում է՝ ինքն էս ամեն ինչի մասին հուշել է ինձ:
«Երազում եմ տեսնում, միշտ զինվորական շորերով է»:
Օրվա ընթացքում ժամեր են լինում, որ բարկանում եմ իր վրա, ժամեր են լինում՝ կարոտում եմ, հետը խոսում եմ՝ ոնց որ միշտ եմ խոսել: Երազում եմ տեսնում, միշտ զինվորական շորերով է: Այն, ինչ իրականում մտածում եմ հարցնել, երազում եմ հարցնում, օրինակ՝ ինչի՞ գնացիր: Մի անգամ տեսա, որ կանգնել է իմ դիմաց, ես իրեն ամուր գրկում եմ, ու, կարծես, ինքն իրենից առանձնանում, առաջ է գալիս, ու թիկունքում երկրորդ Նարեկին եմ տեսում, որ ծնկած աղոթում է:
«Ասաց՝ էնքան կուզեմ հենց հիմա Երկնքի արքայությունը գա»:
Իր համար Աստված, Քրիստոս ուսումնասիրության, հիացմունքի մեծ աղբյուր էին, միշտ ուրախությամբ, սիրով էր խոսում Քրիստոսի մասին, ու միշտ ասում էր. «Երբ պիտի գա Երկնքի արքայությունը»:
Արցախում ծառի տակ նստած ժենգյալով հաց էինք ուտում, ասաց. «Էնքան կուզեմ հենց հիմա գա Երկնքի արքայությունը»: Մի քիչ մխիթարվում եմ, երբ մտածում եմ, որ գնացել է իր երազած Երկնքի արքայություն:
Հադրութում, ամենաթեժ օրերից էր, այստեղ համազգային աղոթք էր, զանգեց, ասաց. «Մարիա՛մս, աղոթիր մեզ համար, էստեղ շատ թեժ է»։ Հետո մի կարճ հաղորդագրություն գրեց. «Միշտ կմնանք Քրիստոսի Սուրբ ճանապարհին»:
Միշտ ասում էր, որ ամուսիններից մեկի մահը մյուսի համար ավելի ծանր է, քան՝ որևէ հարազատի: Անցյալ տարի ճանապարհին վրաերթ տեսանք, մեկը մահացել էր: Ասաց. «Մարիա՛մս, ինքը ցավ չի զգում, իր հարազատներն են ցավ զգում»: Կյանքի ընթացքում ինքը, կարծես, ամեն ինչ ասել էր, որ հետագայում ես հարցերի պատասխանն ունենամ, որ իմանամ՝ հիմա ինքը ցավ չի զգում, մենք ենք ցավում:
Լուսինե ՂԱՐԻԲՅԱՆ