Հիսուս Իր Լեռան քարոզը սկսեց երանիներով, այնուհետև անդրադարձավ մարդկային ամենակարևոր առաքինություններին և ճշմարիտ քրիստոնյայի կյանքի ամենակարևոր մոտեցումներին և վարվելակերպերին:
Տեսնելով հինկտակարանյան պատվիրաններն ու օրենքներն, ապա նաև̀ նորկտակարանյան մոտեցումներն ու քարոզները շատերը նկատում են հակասություն և կարծում, թե նորկտակարանյան մոտեցումները բացարձակապես անհաղորդ են հինկտակարանյան կանոնադրությանը:
Այս պարագայում չափազանց կարևոր է հիշել, մեր Տեր Հիսուս Քրիստոսի խոսքն, Ով ասաց . «Մի՛ կարծեք, թե օրենքը և մարգարեներին ջնջելու եկա . չեկա ջնջելու, այլ՝ լրացնելու: Ճշմարիտ եմ ասում ձեզ . մինչև որ երկինք և երկիր անցնեն, մի հովտ իսկ, - որ մի նշանախեց է, - Օրենքից և մարգարեներից չի անցնի, մինչև որ այս բոլորը կատարվի» (Մատթ. 5.17-18):
Այսպիսով Հիսուս երբևէ և ոչ մի դեպքում չժխտեց մարգարեների խոսքը, այլ միայն լրացրեց: Սակայն այս ամենն առավել պարզ և ընկալելի դարձնելու նպատակով, կարող ենք դիտարկել մի քանի օրինակ:
Այսպիսով Հին Կտակարանում ասվում է. «Մի՛ սպանիր» և դաժան պատիժ խոստացվում այս պատվիրանը խախտողին: Իսկ Նոր Կտակարանում Հիսուս ասում է . «Լսել եք, թե ինչ ասվեց նախկիններին . «Մի՛ սպանիր», որովհետև, ով որ սպանի, ենթակա կլինի դատաստանի: Իսկ ես ձեզ ասում եմ, թե՝ ամեն մարդ, որ զուր տեղը բարկանում է իր եղբոր վրա, ենթակա կլինի դատաստանի…» (Մատթ. 5.21-22):
Հին Կտակարանում ասվում է. «Մի՛ շնացիր»: Իսկ Նոր Կտակարանում Հիսուս ասում է. «Լսել եք, թե ինչ ասվեց նախնիներին. «Մի՛ շնացիր». իսկ ես ձեզ ասում եմ. ամեն մարդ, որ կնոջը նայում է նրան ցանկանալու համար, արդեն շնացավ նրա հետ իր սրտում» (Մատթ. 5.27-28):
Նոր Կտակարանում Հիսուս ոչ միայն չի ժխտում հինկտակարանյան մարգարեների օրենքները, այլ՝ ընդհակառակը ավելի է խստացնում, քանզի եթե հինկտակարանյան օրենքի համաձայն դատաստանի էր ենթակա միայն այն մարդը, ով գործել էր այդ մեղքը, ապա Նոր Կտակարանում մեղք է համարվում անգամ դրա մասին մտածելը:
Պարզապես միակ տարբերությունն այն է, որ Հին Կտակարանում Սինա լեռան վրա Մովսեսին տրված Տասը Պատվիրանների պահպանումն ամենից նվազագույն բանն էր, որը կարող էր անել մարդ Աստծո սիրուն արժանանալու և սեփական արժանապատվությունը փրկելու համար:
Իսկ Նոր Կտակարանում Աստված այնքան սիրեց աշխարհը և մարդուն, որ մինչև իսկ Իր Միածին Որդուն ուղարկեց աշխարհ, որպեսզի իր վրա վերցնի մարդկության մեղքերը, այսինքն՝ Աստված մարդացավ և դարձավ մեզնից մեկը:
Եվ հետևաբար, եթե Աստված այնքան սիրեց մարդուն, որ մինչև իսկ Նա էլ մարդացավ, ապա Նա պարզապես չէր կարող մարդուն զրկել ապաշխարելու հնարավորությունից և դաժանորեն պատժել կամ դատապարտել նրան ցանկացած օրինազանցության համար:
Հիսուս Քրիստոսի Խաչելությունից և Հարությունից հետո մարդն էլ առավել պարտավորված է պահպանել Աստվածային բոլոր բարոյական օրենքները: Իսկ այս պարտավորվածության հիմքում աստվածային ճշմարիտ Օրենքը պահպանելու բնական ցանկությունից զատ, ընկած է նաև այն բարոյական և հոգևոր գիտակցումը, որ Աստված մարդացավ, տառապեց և խաչվեց հանուն մեզ, ապա այսքանից հետո որքա՜ն պարտավոր ենք մենք պահպանելու Տիրոջ պատվիրանները և որքա՜ն նվազագույն և աննշան է մեր կատարած այս չնչին գործն Աստծո Միածին Որդու սխրանքի առջև:
Արմեն Չաքմիշյան