«Մովսեսն ասաց Տիրոջը. «Աղաչում եմ քեզ, Տե՛ր, ես կարող մեկը չեմ, այլ ցածրաձայն ու ծանրախոս եմ…»։ Տերն ասաց Մովսեսին. «Ո՞վ է մարդուն բերան տվել կամ ո՞վ է մեկին խուլ և համր դարձրել, տեսնող ու կույր։ Ո՞չ արդյոք ես՝ Աստվածս։ Արդ, գնա՛, և ես կբացեմ քո բերանը. դու կասես այն, ինչ պետք է ասել»» (Ելք 4.10-12)
Մեր աղոթքներում մենք մշտապես Տիրոջից խնդրում ենք, որ մեր առաջ բացի հաջողության դռները, մեզ արժանացնի ավելի բարձր շնորհների: Ի՞նչ է հաջողությունն ու Աստծուն հաճելի կյանքը, եթե ոչ պատասխանատվություն:
Ահա, այդ պատասխանատվության առաջ կանգնելիս սկսում ենք երկմտել՝ արդյո՞ք հենց մենք ենք այն մեկն, ով արժանի է գործելու, լինելու տվյալ դերում: Այդ ժամանակ մտածում ենք ետ կանգնել պատասխանատվությունից ասելով՝ «աղաչում եմ քեզ, Տե՛ր, ես կարող մեկը չեմ»: Այդ ժամանակ մոռանում ենք, որ, այո՛, գուցե և անկարող կլինեինք գործել և չսխալվել առանց Տիրոջ, սակայն Տիրոջ հետ ի զորու ենք հաղթահարելու ամեն բան՝ հասնելու մեր բարի նպատակներին:
Մշտապես հիշենք որպես անխախտելի ճշմարտությու է, որ Աստված մեզ ճանաչում է մեզանից ավելի լավ: Նա գիտի մեր բոլոր թերությունները, արատները, ինչպես նաև առավելություններն ու դրական կողմերը: Եվ երբ մեզ է պատվիրակում՝ կատարելու որևէ աստվածահաճո աշխատանք, առաքելություն, վստահ է նաև, որ ի զորու ենք այն իրականացնել: Մեզ մնում է միայն անմնացորդ հավատալ ու վստահել Տիրոջը: Ձերբազատվել մեզ տանջող կասկածներից, թե անարժան ենք և սխալ ենք ընտրված՝ տվյալ առաքելության համար: Չվիճարկել Տիրոջ ցանկությունները և անդադար աղոթել: Աղոթել, որ Տերը չլքի մեզ՝ մեր բոլոր օրերում, աղոթել, որ պատվով կատարենք Տիրոջից մեզ տրվածը, և վերջապես աղոթել, որ մեր կյանքում առհասարակ հնարավորություններ ունենանք՝ կատարելու աստվածահաճո գործեր: