«Ամենքը փնտրում են քեզ» (Մարկ. 1:37)

«Ամենքը փնտրում են քեզ» (Մարկ. 1:37)

Մեր և մեր շրջապատում եղած շատերի կյանքում ականատես ենք լինում այնպիսի իրավիճակների, երբ մարդիկ փնտրում են Աստծուն: Սա միանգամայն բնական երևույթ է, քանզի այն հանդիսանում է յուրաքանչյուր քրիստոնյայի համար կարևորագույն ձգտում: Աստծուն փնտրելու համար կա՛մ պետք է Նրան արդեն ճանաչած և կորցրած լինել, կա՛մ երբևէ ճանաչած չլինել: Աստծուն փնտրելու համար նախ պետք է իմանալ, որ Աստված Ինքն է Իր էությունը բացահայտում մեր առաջ՝ մեզ համար: Ցույց է տալիս այնպիսին, ինչպիսին որ պետք է ճանաչենք Նրան, այնսիսին, ինչպիսին պիտի տեսնենք: Եվ մեր՝ քրիստոնյաներիս խնդիրը ոչ թե պիտի ձևակերպվի, թե «ինչո՞ւ ինձ չի երևում Տերն այնպիսին, ինչպիսին կա», այլ այնպես, թե «Ամենքը փնտրում են քեզ» (Մարկ. 1:37): Եվ սրանից պիտի ածանցվի հարցը, թե ինչ կարող ենք անել, որպեսզի գտնենք Տիրոջը:

 

Չկարծենք, թե Աստված մեզ հետ խաղում է և թաքնվում՝ թույլ տալով, որ մենք գտնենք Նրան և կարևորենք: Ո՛չ: Նա ցանկանում է, որ ինքներս կատարենք մեր քայլերն աստվածճանաչողության մեջ, ինչպես մանուկն է կատարում իր առաջին քայլերը: Եվ Նա էլ, ինչպես ծնողը, հիանում է մեր քայլերով: Մեր քայլերը պետք է լինեն մեր բարի գործերը, աղոթքները,զղջումը, դարձն առ Աստված: Մեր քայլերը պիտի արտահայտվեն ամեն երևույթի մեջ՝ սկսած ամենապարզ և առօրյա երևույթներից մինչև ամենաբարդ իրավիճակներ: Ուրեմն՝ փորձենք ամեն երևույթի մեջ, թեկուզ և հակասականների, տեսնել Աստծուն փնտրելու և գտնելու հնարավորությունը: Երբ այդ պահին չենք տեսնում Աստծուն, չի նշանակում, թե Նա մեզ հետ չէ:  մեր պատասխանատվությունը կիսելու համար չէ, որ Աստված մեզ հետ է, այլ մշտապես պահապան է մեզ ու աջակից: Եվ երբ հանդիպենք Տիրոջը, երկխոսության մեջ մտնենք Նրա հետ մեր աղոթքներում, չմոռանանք նաև որ ամենքը փնտրում են Նրան, և Տիրոջը գտածների շարքում լինելն էլ մի մեծ պարգև ու շնորհ է:

  • 2022-03-25
×