Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Եփեսոսի Սուրբ Ժողովի 200 հայրապետների հիշատակության օրը:
Եկեղեցական ժողովների շարքում հատկապես առանձնանում են տիեզերական ժողովները: Դրանք կոչվում են տիեզերական, քանի որ մասնակիցները Տիեզերական կամ Ընդհանրական Եկեղեցու ներկայացուցիչներն են: Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ընդունում է միայն երեք տիեզերական ժողովներ, որոնցից մեկն էլ Եփեսոսինն է, որին չի մասնակցել, սակայն նախորդ տիեզերական ժողովների հետ ընդունել է նրա որոշումներն ու տիեզերական հեղինակությունը:
Եփեսոսի երրորդ Ժողովը տեղի է ունեցել 431 թվականին՝Թեոդոսիոս Փոքր կայսեր օրոք, 200 հայրերի մասնակցությամբ, որոնք հավաքվել էին՝ քննելու Կ. Պոլսի պատրիարք Նեստորի սխալ ուսմունքը, թե՝ Քրիստոսն ունի երկու բնություն և երկու անձ և հակադիր էություն, ի տարբերություն ուղղափառ վարդապետության, որը մեկ միավորյալ բնություն է ընդունում Քրիստոսի մեջ: Նեստորը 428-431թթ-ին Կ. Պոլսի պատրիարքն էր, իսկ մինչ այդ քահանա էր եղել Անտիոքում։ Նա Քրիստոսին ընդունում էր լոկ որպես մարդ, որը հաղթահարել է մարդկային թուլությունները և մեսիա դարձել։ Նա Սուրբ Կույս Մարիամին չէր համարում Աստվածածին, այլ՝ մարդածին։ Նա պնդում էր, որ Քրիստոսի մեջ մարդկային և աստվածային սկիզբերը գտնվում են լոկ հարաբերական միության մեջ՝ երբևէ լիովին չմիաձուլվելով։
Ի վերջո Եփեսոսի Ժողովը դատապարտեց Նեստորի թյուր վարդապետությունը և ընդունեց Սուրբ Կյուրեղ Ալեքսանդրացու բանաձևը. «Մի է բնութիւն Աստծոյ Բանին մարմնացելոյ»: Ըստ այս ուսմունքի՝ Քրիստոսի աստվածային և մարդկային բնությունները գոյություն չունեն առանձին-առանձին, այլ միավորված կերպով ստեղծում են մեկ՝ մի աստվածամարդկային բնություն: Իսկ Սուրբ Կույսը ոչ թե մարդածին է, այլ Աստվածածին, քանզի լույս աշխարհ է բերել Աստծո Որդուն:
Սուրբ Կյուրեղի 10-րդ նզովքը, որը նրա աստվածաբանության դրույթներից է, ասում է. «Մեր խոստովանության առաքյալը և քահանայապետը, ըստ Աստվածաշնչի, Քրիստոսն է Իր Արյամբ, և մեզ համար Իր անձը մատուցեց որպես անուշահոտություն Հայր Աստծուն: Արդ, եթե մեկն ասի, թե մեր խոստովանության առաքյալը և քահանայապետը Բանը չէ, որ Հայր Աստծուց է, որ մարմին եղավ և մեզ պես մարդ, այլ մեկ ուրիշը կնոջից կամ թե ինքն իր համար իրեն պատարագ մատուցեց, ոչ թե մեզ համար, նա, որ պատարագների կարոտ չէր, որ մեղք չէր ճաշակել, նզովյալ լինի»: Իրենց էությամբ այս և մյուս նզովքները հանդիսանում են նեստորականության խորագույն ժխտումներ:
Հայ Եկեղեցին Եփեսոսի երրորդ տիեզերական ժողովի և 200 հայրապետների հիշատակը տոնում է Վարդավառի հինգերորդ կիրակիին նախորդող շաբաթ օրը կամ Վարդավառին հաջորդող առաջին շաբաթ օրը՝ օգոստոս ամսին։