Այսօր հավատով ապրելն ու հոգով մաքուր լինելն, իրոք, շատ դժվար է դարձել։ Բոլորը չէ, որ հավատ ունեն գործնականում: Շատերն ամբողջությամբ կլանված են իրենց անձնական շահերով և չեն ապրում Աստծո պատգամներով։
Քանի որ այդպիսի անհատները չեն տեսնում Աստծո ներկայությունը, նրանք իրենց այնպես են պահում, կարծես թե Աստված չի տեսնում՝ ինչ են անում իրենք: Այդպիսի մարդիկ պետք է գիտակցեն, որ իրենք իրենց զրկում են Աստծո օրհնությունից: Ուստի, տեղին են Պողոս առաքյալի խոսքերը. «Ոչ հոգևոր մարդը Աստծու Հոգուց եկած ճշմարտությունները չի ընդունում, որովհետև այդ հիմարություն է նրա համար. և չի կարող հասկանալ, քանզի հոգևոր կերպով են քննվում դրանք» (Ա Կորնթացիս 2.14)։
Փրկիչն ուսուցանել է. «Երանի՜ նրանց, որ սրտով մաքուր են, որովհետև նրանք Աստծուն պիտի տեսնեն» (Մատթեոս 5.8): Երբ մենք ճիշտ ենք ապրում և ձգտում ենք մաքրագործել մեր սրտերը, ավելի ենք մոտենում Աստծուն: Մարդը պետք է սովորի իր կյանքում Աստծո ներկայության զգացումով ապրել:
Երբ կյանքը լի է գեղեցիկ պահերով, մարդիկ Աստծո կարիքն այնքան էլ չեն զգում, սակայն, երբ իրավիճակը փոխվում է, նրանք անմիջապես սկսում են Աստծուն փնտրել: Եթե մենք կարողանանք Աստծո սերը զգալ, կտեսնենք, որ բոլոր խնդիրները անհետանանում են, որովհետև Աստծո ներկայությունը մեզ հզոր և անպարտելի է դարձնում ցանկացած իրավիճակում:
Երբեմն, ներդաշնակության և ներքին խաղաղության պակասը մեր կյանքում Աստծո բացակայությունից է գալիս. խաղաղությունը հնարավոր է դառնում, երբ Աստված ներկա է մեր կյանքում: Անկախ նրանից, թե ի՛նչ է մեզ համար պատրաստել ապագան, մենք կարող ենք մեր հույսն Աստծո վրա դնել: Մեզանից շատերը Աստծուն կարող են ընկալել որպես «վերջին հույսի ապավեն», բայց իրականում Նա հենց միակ իրական հույսն է մեզ համար: