Ոսկե օրենքը

Ոսկե օրենքը

«Այն ամենը, ինչ կկամենաք, որ մարդիկ ձեզ անեն, այդպես և դո՛ւք արեք նրանց » (Մատթեոս 7:12)

 

«Պիտի սիրես քո ընկերոջը, ինչպես քո անձը» (Մատթեոս 22:39),- պատվիրում է մեզ Ավետարանը: Արդյո՞ք մշտապես ականջալուր ենք այս պատվիրանին, թե՞ զանազան հոսանքներով տարվելով՝ երբեմն մոռանում ենք նշված պատգամի մասին ու ընթանում սխալ ուղով:

 

Ինչո՞ւ չենք սիրում մեր ընկերներին, ինչպես ինքներս մեզ: Ինչո՞ւ ենք մշտապես գերադասում մեր անձը, մեր ունեցածը՝ հաճախ ոտնահարելով այլոց արժեքները: Հաճախ այս արատավոր երևույթների հիմքում մարդկային նախանձն է, որը համարվում է յոթ մահացու մեղքերից: Սակայն, միևնույն է, անգամ գիտակցելով մեր մեղքը, դրա ահռելիությունը, կրկին շարունակում ենք այն գործել ու էլ ավելի «կատարելագործվել» մեր նախանձի մեջ:

 

Աստվածաշնչյան դրվագներում նկատում ենք նախանձի վնասակար ազդեցությունները: Օրինակ՝ Աբելի և Կայենի մասին պատմող դրվագում, երբ Կայենը, նախանձից դրդված, եղբայրասպան է դառնում: Եվ կամ էլ նորկտակարանյան դրվագներում, երբ փարիսեցիները նախանձում են Քրիստոսին: 

 

Նախանձը, սակայն, երբեք դրական հետևանք չի ունեցել: Ուստի՝ ճիշտ են նկատում այն մարդիկ, ովքեր կարծում են, թե չարժե ցանկացած որևէ դեպքում նախանձը համարել բարի: Գուցե այն, ինչ մարդիկ անվանում են բարի նախանձ, բնավ էլ նախանձ չէ, այլ ձգտում՝ որևէ դրական, աստվածահաճո գործում հաջողության հասնելու: Եվ չկա անհրաժեշտություն նման երևույթը պղտորել՝ նախանձ անվանելով և կամ էլ իրական նախանձի բնույթը մեղմացնել՝ կոչելով այն «բարի»: 

 

Նախանձից, անշուշտ, ազատվել է պետք, որպեսզի հիմք դնենք աստվածահաճո կյանքին և Աստծո շնորհները մեր կյանքից ներս ունենալուն: Քրիստոս սահմանել է ոսկե օրենքը. «Այն ամենը, ինչ կկամենաք, որ մարդիկ ձեզ անեն, այդպես և դո՛ւք արեք նրանց » (Մատթեոս 7:12): Հենց սա էլ կարող է լինել նախանձ կոչված արատից ազատվելու մեր ուղենիշը: Պարզապես պետք չէ նախանձել, եթե չես ցանկանում, որ քեզ էլ նախանձեն: Այդպիսին էր Քրիստոս, այդպիսին լինելու հնարավորություն տրված է և մեզ:

  • 2022-03-25
×