Հավատով աղոթքը՝ մշտապես լսելի

Հավատով աղոթքը՝ մշտապես լսելի

«Աղոթի՜ր Աստծուն կարծես թե տեսնում ես նրան, քանզի նա իսկապես տեսնում է քեզ»

 

Աղոթքի կանգնելիս մշտապես մեր մտքերում ունենք հարցը, թե արդյոք լսո՞ւմ է մեզ Աստված: Նա ներկա չէ ֆիզիկապես, մենք չենք տեսնում, չենք լսում Նրան իրական ժամանակի ու տարածության մեջ և այդպիսով ունենում ենք հարցեր՝ կապված մեր աղոթքի լսելիության հետ: «Աստված Հոգի է, և նրան երկրպագողները պետք է հոգով և ճշմարտությունով երկրպագեն» (Հովհ. 4:24),- ասված է Սուրբ Գրքում։ Այս փաստը պետք է մշտապես ունենանք մեր մտքերում և տեղի չտանք երկմտանքի: Այո՛, Աստված մեզ լսում է միշտ, երբ կանգնում ենք աղոթքի ու խոսում Նրա հետ: Եվ զուր չէ ասված, որ աղոթքը ոչ թե մենախոսություն է, այլ երկխոսություն Աստծո հետ:

 

Այս մասին է ասում Հայր Նեստորը, թե «Աղոթի՜ր Աստծուն կարծես թե տեսնում ես նրան, քանզի նա իսկապես տեսնում է քեզ»: Թերևս մեր ողջ կյանքը պետք է ապրենք այնպես, կարծես թե Աստված մեզ տեսնում է, սակայն հատկապես աղոթքի ժամանակ պիտի ունենանք այդ զգացումը՝ զգոնության ու արթնության համար:

 

Տիրոջ անունը մեզ համար սրբություն է, և պետք է ինքներս էլ սրբորեն վարվենք անվան հետ՝ չարդարացված կերպով շարունակ չշահարկելով: Մեր աղոթքները պիտի լինեն արդարացված, կատարվեն ուշադրությամբ ու բաց սրտով: Այսպես աղոթքում կարևորվում է ուշադրությունը, թե «չլինի, թե անուշադրությամբ սխալ գործեմ»:

 

Սակայն ինչ էլ որ ասենք, միևնույն է, աղոթքի հիմքը, ամենակարևորն աղոթքում հավատքն է: Աստվածաշնչում հավատի մասին ասված է. «Եթե հավատք ունենաք ու չերկմտեք մինչև իսկ եթե այս լեռանը ասեք ելիր և ծովը ընկիր, պիտի կատարվի: Եվ ամեն ինչ որ աղոթքի մեջ խնդրեք հավատով, պիտի ստանաք» (Մատթ. 21: 21-22): Հավատքի շնորհիվ է, որ մեր աղոթքը լսելի է դառնում՝ անգամ առանց բառերի: Մեր անդադար աղոթքներով պահպանենք մեր հավատքը, որը կամուրջն է մեր և Տիրոջ միջև:

  • 2022-03-25
×