Փորձե՛ք ինքներդ ձեզ

Փորձե՛ք ինքներդ ձեզ

Ամեն անգամ, երբ լսում ենք ամենատարբեր խորհուրդներ ինքներս մեզ հետ մնալու և մեր ներքին աշխարհը բացահայտելու մասին, ունենում ենք կասկածի ու վախի զգացողություն և ինքներս մեզ հարցնում՝ ինչո՞ւ է այսպես։ Իսկապես, չէ՞ որ զղջացել ենք մեր բոլոր մեղքերի համար, փորձել ենք լինել արժանի հետևորդը Քրիստոսի և Նրա ավանդածի, ուրեմն՝ ինչո՞ւ ենք խուսափում ինքներս մեզ հետ մենակ մնալուց, ինքնաքննությունից, ինչի՞ց ենք հատկապես խուսափում։ Սուրբ Գիրքն այս դեպքում էլ մեզ պատգամում է․ «Քննե՛ք ինքներդ ձեզ՝ տեսնելու, թե նույն հավատի մե՞ջ եք։ Փորձե՛ք ինքներդ ձեզ» (Բ Կոր. 13։5)։

 

Իրականում մենք գուցե իսկապես չենք վախենում մեր անցյալից, կատարած սխալներից՝ լինելով արդար Տիրոջ առաջ, սակայն այդ դեպքում հավանաբար վախենում ենք ապագայից ու որոշումներ կայացնելու պատասխանատվությունից։ Այո՛, քրիստոնյա դառնում են Սուրբ Մկրտության խորհրդով, սակայն քրիստոնեությունն ընթացք է, որտեղ մեկ սխրանքը, մեկ որոշումը բավարար չէ։ Հարկավոր է շարունակ վառ պահել հավատի կրակը՝ շարունակ այն բորբոքելով բարի գործերով։ 

 

Երբ մեկից ստանում ենք ինքնաքննության խորհուրդը, պետք է քաջ գիտակցենք, որ մեր դեպքում ինքնաքննությունը չպետք է սահմաափակվի միայն որակումներով, այլ պետք է շարունակվի՝ դառնալով որոշում որևէ դրական, բարի արարքի, դառնալով գործ։ Մեր բարի գործերը, որ ծնվել են ինքներս մեզ քննելու արդյունքում, պետք է մեզ մշտապես պահեն հոգևոր արթնության մեջ։ Այդպես է, որ ավելի կմոտենանք Աստծուն, կապրենք աստվածահաճո, քրիստոնեավայել կյանքով։ Այդպես է, որ կդառնանք ինքնուրույն հավատքի մեջ՝ կկայացնենք որոշումներ՝ փորձելով դրանք հաճելի դարձնել Աստծուն և պատասխանատու կլինենք Տիրոջ առաջ մեր յուրաքանչյուր քայլի համար։ Եվ որ ամենակարևորն է, այլևս չենք վախենա, չենք խուսափի ինքնաքննությունից, քանզի այն մեզ տանում է ոչ թե պարսավանքի ու ինքնաոչնչացման, այլ տալիս է հնարավորությունը ընդգծելու մեր արժանիքները և  էլ ավելի զորացնելու դրանք։

  • 2022-03-25
×