Վստահությունը գալիս է Աստծուն ճանաչելուց

Վստահությունը գալիս է Աստծուն ճանաչելուց

Մենք Աստծո հանդեպ վստահություն ցույց ենք տալիս այն ժամանակ, երբ լսում ենք Նրան՝ ցանկանալով սովորել և ապաշխարել: Այդ ճանապարհին լինում են դեպքեր, երբ այն, ինչի միջով մենք անցնում ենք, անհասկանալի է մեզ թվում: Չենք հասկանում, թե ինչու համար են նեղությունները, փորձությունները, որոնք գալիս են դեպի մեզ, բայց սովորում ենք համբերել, դիմանալ ու վստահել Աստծուն:

 

Հիշո՞ւմ եք Տեր Հիսուսի խոսքերը, երբ ասաց՝ «Ձեզնից ո՞վ է այն մարդը, որից իր որդին եթե հաց ուզի, մի՞թե քար կտա նրան» (Մտ 7:9): Ուրեմն, մենք պետք է հիշենք, որ ցանկացած իրավիճակում մեր երկնավոր Հայրը մեզ հաց է տալիս: Ու եթե մենք ինչ-որ դժվարության միջով ենք անցնում, ապա պետք է քննենք մեր կյանքերը ու տեսնենք, թե ինչ դաս է մեզ ուզում սովորեցնել մեր երկնավոր Հայրը, որպեսզի շտկենք մեր կյանքերը:
Գուցե շատ անգամներ հիասթափվենք, հուսալքվենք, միայնակության զգացումով լցվենք, բայց մի օր կհասկանաք, որ Աստված ինքն է այդպես կամեցել, հետո Աստծուց շնորհակալ կլինենք արածի ու չարածի համար:

 

Եթե մենք կարողանանք դժվարությունների ժամանակ վստահել Աստծուն, մենք կհաղթահարենք անգամ անհաղթահարելին, իսկ հաղթահարված ամեն   մի դժվարություն կավելացնի մեր հավատքն ու փորձ: Աստծուն ճանաչելը և Նրա հանդեպ ունեցած մեր վստահությունը կօգնի մեզ հավատքի ուղին անցնել արժանապատվորեն:

 

Աստվածաշնչում կարդում ենք․ «Այսուհետև զորացե՛ք Տիրոջով ու նրա զորության կարողությամբ։ Եվ Աստծու սպառազինությունը հագե՛քորպեսզի կարողանաք սատանայի հնարներին դիմադրել»(Եփեսացիս 6:10): Այս հատվածը մեզ մի կարևոր ճշմարտություն է սովորեցնում․ մենք միայն Աստծո զորությամբ  կարող ենք ամուր կանգնել սեփական ոտքերի վրա ու միայն Աստծո սպառազինությունն է ունակ մեզ պաշտպանելու ամեն տեսակ չարից։

  • 2022-03-25
×