«Բացի ինձանից ուրիշ աստվածներ չունենաս»․ Ինչո՞ւ Աստված այս պատվիրանը առաջին տեղում դրեց: Հավանաբար այն պատճառով, որ եթե մենք Նրան իսկապես սիրենք, կկամենանք պահել բոլոր մյուս պատվիրանները: Երբ կարևորում ենք սիրո պատգամը և այն դնում առաջին տեղում, ամեն բան դառնում է կատարյալ, ներդաշնակ և Աստծուն հաճելի։ Այլ հարց է, թե մեզանից քանիսն են պահում Աստվածային պատվիրանները, կամ քանի անգամ են այն խախտում, միևնույնն է Տերը բոլորիս սիրում է և միշտ պատրաստ է օգնել, երբ դրա կարիքը ունենք։
Ավետարանում ասվում է․ «Պիտի սիրես Տիրոջը` քո Աստծուն, քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով, քո ամբողջ մտքով և քո ամբողջ զորությամբ» (Մարկոս 12:30):
Երբ մենք Աստծուն առաջին տեղում ենք դնում, բոլոր մյուս բաներն ընկնում են իրենց ճիշտ տեղը կամ հեռանում են մեր կյանքից:
Կյանքի մեծագույն խնդիրն է սովորել Տիրոջ կամքը և ապա այն կատարել:
Աստված սիրում է մեզ, սատանան՝ ատում։ Աստված ուզում է, որ մենք ունենանք միայն ուրախության ու երջանկության պահեր, ինչպես Ինքն ունի: Փոխարենը՝ սատանան ուզում է, որ մենք լինենք թշվառ ու մեղքերի մեջ թաթախված ինչպես ինքն է: Աստված պատվիրաններ է տալիս՝ օրհնելու մեզ: Սատանան ստիպում է մեզ խախտել այդ պատվիրանները՝ մեզ նզովելու համար: Ու այս պայքարի մեջ մենք ինքներս պետք է հասկանանք՝ ում ենք ընտրում ու ինչպես ենք կատարած ընտրությամբ ապրում։ Նույնիսկ այն պահին, երբ չարին ավելի մոտ ենք կանգնում, միևնույնն է, Տերը չի հեռանում մեզանից, Նա շարունակում է մեզ պաշտպանել, մինչև այն պահը, երբ վերջնականապես չարի ձեռքում չենք հայտնվում։
Ամեն օր և անընդհատ մենք ընտրություն ենք կատարում մեր ցանկություններով, մեր մտքերով և մեր գործողություններով՝ մենք ուզում ենք օրհնված լինել, թե անիծված, երջանիկ թե դժբախտ: Ու այդ ընտրության վերջնական պատասխանատուն մարդն ինքն է լինում, քանզի Աստված սովորեցնում է, բայց չի պարտադրում։