«Ուրախանանք ոչ թե պարգևներով, այլ պարգևները շնորհողով». Տեր Աշոտ քահանա Սաֆարյան

«Ուրախանանք ոչ թե պարգևներով, այլ պարգևները շնորհողով». Տեր Աշոտ քահանա Սաֆարյան

Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Ս. Հովակիմի և Աննայի՝ Ս. Աստվածածնի ծնողների և Յուղաբեր կանանց հիշատակության օրը: Ներկայացնում ենք Նոր Նորքի Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Աշոտ քահանա Սաֆարյանի քարոզը՝ տոնի առթիվ:

 

Ինչպես Սուրբ գրային իմաստությունն է պատգամում, յուրաքանչյուր ծառ իր պտղից է ճանաչվում: Այս խոսքերը հիրավի պատշաճում են ծնող-զավակ հարաբերությանը: Պատահական չէ, որ Սուրբ Եկեղեցին Աստվածածնի Վերափոխմանը նվիրված 9 տոնական օրերից անմիջապես հետո, տոնում է Տիրամոր ծնողների՝ Ս. Հովակիմի և Ս. Աննայի հիշտակը: Ս. Աստվածածնի ծնողները ոչ միայն կազմել էին աստվածահաճո միություն, այլև սերվել էին Ս. Հովակիմը՝ Հուդայի թագավորական տոհմից, որից ծնվել էր սաղմոսերգու Դավիթ թագավորը, իսկ Աննան՝ քահանայական տոհմից:

 

Թեև Իսրայելի 12 ցեղերի և տոհմերի մեջ ընտանեկան միությունները ձևավորվում էին նույն տոհմերի անդամների միջև, սակայն երբեմն բացառություններ էին լինում, իսկ այս դեպքում բացառությունը շատ ավելի առանձնահատուկ էր, քանի որ Ս. Հովակիմը և Ս. Աննան պիտի աշխարհին պարգևեին մարդկության փրկչի մորը՝ Մարիամ Աստվածածնին, որից ծնվածը Քրիստոս պետք է լիներ: Համաձայն Պողոս առաքյալի խոսքի. «ԴուհավիտյանքահանաեսըստՄելքսեդեկիկարքի»(Եբր. 5:6):

 

Սակայն, իրենց ամուսնությունից հետո, երկար ժամանակ Հովակիմը և Աննան զավակ չեն ունենում: Ս. Աննան տևական աղոթքներով և արտասուքներով Աստծուց խնդրում է, որ Տերը իրեն արժանացնի մայրության բերկրանքին: Նույն ընթացքում Հովակիմը իր ազնիվ աշխատանքից ընծաներ է մատուցում Աստծո տաճարին: Ի վերջո, Աստված լսելով նրանց աղոթքները, ասում է.«Աննա՜, Աննա՜, Աստված լսեց քո աղոթքը, և ահա դու պիտի հղանաս և մի դուստր պիտի ծնես, ում անունը տարածվելու է ամբողջ երկրում, և նրան պիտի նվիրես Տիրոջը՝ Աստծու տաճարին: Եվ ահա քո Հովակիմ ամուսինը գալիս է խոյերով, նոխազներով ու զվարակներով, քանզի Տերը լսել է նրա աղոթքները»: Իր ծննդյան պահից մանուկ Մարիամը ստանում է հոգևոր դաստիարակություն և մեծանում սրբության մեջ՝ ծառայելով Աստծո տաճարին այնքան ժամանակ, մինչև որ նշանվում է Ս. Հովսեփի հետ:

 

Ժամանակակից աշխարհը ամեն բան անում է այսօր, որպեսզի Աստծուն դուրս թողնի իր իսկ ստեղծած աշխարհից: Շատ նորաստեղծ ընտանիքներ, որոնք ունեն նույն խնդիրը, ինչ-որ Ս. Հովակիմը և Ս. Աննան իրենց ժամանակ՝ փոխանակ դիմելու բարիքները պարգևողին, կյանքը շնորհողին, իրենց ամբողջ ուշադրությունը սևեռում են մարդկային գործոնի՝ բժշկության և գիտության զարգացումների վրա, որոնք հաճախ ստեղծում են կեղծ պատրանք, թե մարդկությունը ինքնաբավ է և նույնիսկ երեխա ունենալու հարցում ամեն բան մարդու ձեռքերում է: Եվ այստեղ Աստված գալիս է վերահաստատելու Ս. Գրային Իր պատգամը. «Ես եմ որթատունկը, իսկ դուք՝ ճյուղերը։ Ով բնակվում է իմ մեջ, և ես՝ նրա մեջ, նա շատ պտուղ է տալիս, որովհետև առանց ինձ ոչինչ անել չեք կարող» (Հովհաննես 15։5):

 

 Որպեսզի մարդկությունը ճանաչի իսկական պարգևները պարգևողին, պետք է ուրախանա ոչ թե պարգևներով, այլ՝ պարգևները շնորհողով:

Ս. Հովակիմը և Ս. Աննան նորաստեղծ ընտանիքներին փոխանցում են նաև խոնարհության պատգամ: Քանի որ, իրենք լինելով համբերատար աղոթողներ և իրենց ազնիվ եկամուտից Աստծո տաճարին ընծաներ մատուցողներ, երբ տաճարի քահանայից լսում են՝ դուք զավակներ չունեք Իսրայելի մեջ և ձեր ընծան վերջում մատուցեք. այս խոսքերը չեն ընկալում իբրև անձնական վիրավորանք, այլ քահանային համարում են՝ որպես Աստծո բերան, որ իրենց հուշում է գնալ հավելյալ ապաշխարության:

 

Հովակիմը և Սուրբ Աննան պատգամում են մեզ ծնողներիս, որպեսզի հոգատար և ուշադիր լինենք մեր զավակների հոգևոր և բարոյական կերտվածքի ձևավորման մեջ: Քանի որ, Աստված ինքը սուրբ է և սուրբերի մեջ է բնակվում, ուստի ցանկանում է, որպեսզի մեր զավակներն էլ մեծանան սրբության մեջ: Իսկ այդ ճանապարհը լինում է ազնիվ, երբ ծնողներն իրենք էլ սրբության կրողներ են, բարի և աստվածահաճո գործերի կատարողը:  

 

Հայ Առաքելական Ս. Եկեղեցին Ս. Աստվածածնի ծնողների հիշատակության օրը նաև տոնախմբում է Ս. Յուղաբեր կանանց հիշատակությունը: Նրանք այն համարձակ կանայք էին, որ չլքեցին մեր Տեր Հիսուս Քրիստոսին այն դեպքում, երբ շատերը փախան խաչելության ժամանակ և հավատարմորեն նրա կողքը մնացին, մինչ մահվան դառը բաժակը ըմպելը: Աստված տեսնելով նրանց քաջությունը՝ նրանց շնորհ արեց, որպեսզի իրենք լինեն առաջին ականատեսները Քրիստոսի հրաշափառ Հարության: 

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2022-03-25
×