Տիրահաճ ընտանիք և ամուսնություն

Տիրահաճ ընտանիք և ամուսնություն

«Հիմա սա ոսկոր է՝ իմ ոսկորից ու մարմին՝ իմ մարմնից. սա թող կին կոչվի, քանզի իր այրուց առնվեց ...»:

 

Ծննդոց Բ 23

 

Երբ Աստված արարեց Ադամին, իշխանություն տվեց բոլոր արարածների վրա և, ի նշան այդ իշխանության, նրա առջև բերեց բոլոր կենդանիներին՝ երկնքի բոլոր թռչուններին և դաշտի բոլոր գազաններին, որպեսզի Ադամը նրանց անուններ դնի և ինչ անուն որ դրեց, այդպես էլ կոչվեցին: Սակայն Իր Արարչի պես ստեղծագործելու կարողությամբ օժտված Ադամի համար հարմար օգնական չգտնվեց, քանի որ դրանցից և ոչ մեկը չունեին խոսելու, մտածելու կարողություն և հավիտենական հոգի՝ ինչպես Ադամը: Այնժամ Աստված խոր քուն բերեց Ադամի վրա և, ինչպես եկեղեցու սուրբ հայրերն են ասում, «Ինքը կատարեց առաջին վիրահատությունը». վերցրեց Ադամի կողից մի կտոր ու նրանից կին շինեց, իսկ վերցրած ոսկորի փոխարեն միս լցրեց:

 

Սակայն մինչ այն, որ Սուրբ Երրորդության համապատիվ անձերից Որդին խոնարհվեց Իր հավիտենական գահից և մարդացավ, ստեղծողն Իր ստեղծածի մասին շարունակաբար հոգ էր տանում և միայնությունը փարատելու համար ընտանիք շնորհեց ու որդեծնությամբ պարգևատրեց, որպեսզի, տերունական խոսքի համաձայն, աճեն ու բազմանան և լցնեն երկիրը: Մարդուն մանկահասակ ծնունդ պարգևեց և ծնողներ կարգեց նրանց համար, որպեսզի սիրով շրջապատեն ու հոգ տանեն նրա մասին, ինչպես Ինքն է հոգ տանում Իր արարածների համար, որոնց սիրեց կյանքը տալու չափ և հանուն նրանց խաչին գամվեց: Ադամին ու Եվային, որպես Անդրանիկ ծնողներ, պատվիրեց ամուսնությամբ մեկ լինել հոգով և մարմնով, ապրել ոչ թե միմյանց հետ, այլ միմյանց համար: Տղամարդուն ասաց, թե կնոջ պատճառով պիտի թողնի իր հորն ու մորը և գնա նրա հետևից: Սակայն սա ամենևին էլ չի նշանակում, թե ծնողները պիտի անտեսվեն կամ դուրս մնան որդիական հոգածությունից, այլ որ առանձնանալով՝ փոքրիկ ընտանիք կազմեն մեծ ընտանիքում: Հույժ կարևոր է պատասխանատվության գիտակցությունը ընտանիք կազմելուց առաջ: Սիրելն անշուշտ ենթադրում է ներել, պատրաստ լինել ներում խնդրելու սեփական արարքի համար և սիրով լսելու սիրած էակի ներման հայցը, լինի այն ուղղակի, թե անուղղակիորեն մատուցված: Այս պատճառով պետք չէ գերվել արտաքին գրավչությամբ և խորշել երևելի տգեղությունից, ինչի համար սուրբ հայրերը խրատում են, ասելով. «Տգեղությունը վնասակար չէ, իսկ գեղեցկությունը վտանգավոր է հույժ»: Ուրեմն անսանք նրանց փորձառությամբ ասված խորհրդին և վեհանանք դատողությամբ, հասնենք երկինք և դեն նետենք գեղեցկության գերող թակարդն ու վարժվենք սիրել մարդուն, նրա հոգին, այլ ոչ այն «զարդատուփը», որում ամփոփել է նրան Արարիչը, որ մարմինն է: Իսկ այն կորստական է, այլայլման, խեղման և ծերացման ենթակա: Այս իրողությունը պարզ դարձնելու համար հիշենք Աստվածորդու աշխարհ գալը: Մեր Տերը կամավորապես աղքատացավ, հրաժարվեց Իր կատարելությունից, ազնվական չեղավ, բայց աշխարհը տիրեց, սիրեց և սիրվեց այն աստիճան, որ նահատակ սրբերն իրենց կյանքը տվեցին, միայնակյացները՝ կուսությունը, մարտիրոսները՝ բոլոր ջանքերը, մանուկները՝ սիրտը: Մեր Տերը՝ Հիսուս Քրիստոս հայտնեց Իր փառքն ու գեղեցկությունը միայն պայծառակերպության օրը, իշխանությունը՝ Մովսեսի և Եղիայի վկայությամբ: Այսպես հասկանում ենք, թե մարդկային բոլոր և մանավանդ ընտանեկան հարաբերությունում կարևորը մարդու հոգին է, իսկ մնացած շնչականն ու մարմնավորը գալիս են ծառայելու նրան: Ըստ այդմ մեր Տերը պատվիրեց, թե կինը թող հնազանդ լինի, իսկ այրը տեր կանգնի իր կնոջը և սիրի իր անձի պես: Հիրավի, եթե հետևենք տերունի պատվիրաններին և այդ պատվիրանները ոսկեղենիկ մեկնություններով մեզ հրամցնող սուրբ հայրերի կենարար խրատներին, կունենանք ամուր և ազգային ավանդույթները սրբությամբ պահող տիրահաճ և օրինակելի ընտանիքներ: Ուրեմն դաստիարակենք մեր զավակներին այսպիսի ոգով և հանգիստ կլինենք նրանց համար՝ առիթ ունենալով վերստին փառավորելու Ամենատես և Ամենահաս Արարչին: 

 

Պատրաստեց

Նաիրա ՊԵՊԱՆՅԱՆԸ 

  • 2022-03-25
×