Աստծո գործերը բխում են սիրուց

Աստծո գործերը բխում են սիրուց

Հաճախ է մարդը  հայտնվում դժվար իրավիճակներում, ու այդ պահին, երբ դրանք մեզ թվում են անլուծելի խնդիրներ, անմիջապես օգնության ենք կանչում ամենազոր Աստծուն: «Տեր, օգնիր» - այսպես է հնչում աղոթքը անհանգիստ ժամանակներում: Ու մենք սրտի թրթիռով, մեծ հավատով սպասում ենք, որ Տեր լսելու է մեզ ու օգնության հասնի:

 

Մենք վստահ ենք ու հավատում ենք, որ Տիրոջ օգնությունը երբեք չի ուշանում ու այդ վստահությունն է, որ ստիպում է, մինչև վերջին վայրկյանն անգամ, հուսալքության ճանապարհը չբռնել, այլ համբերատար սպասել:

 

Աստծո բոլոր գործերը բխում են սիրուց ճիշտ այնպես, ինչպես Նրա բոլոր գործերն արդար են ու ճշմարիտ։ Աստված Սեր է։ Եվ սերը մեր կյանքում իրական է դառնում, երբ ընդունում ենք Իր Որդուն որպես Փրկիչ. «Իսկ ովքեր Նրան ընդունեցին, նրանց իշխանութնուն տվեց լինելու Աստծո որդիներ, նրանց, որոնք Իր անվանը կհավատան» (Հովհաննես 1.12):

 

Հովհաննես ավետարանիչը Աստծուն անվանում է «Սեր»՝ համարելով դա Աստծուն բնորոշելու լավագույն միջոցը. «Աստուած սեր է», (Ա Հովհ. 4, 8): Ա՛յս է ամենակարևոր ուղերձը, որ Աստված ի սկզբանե ջանում էր իր մարգարեների միջոցով հասցնել Իրեն չհասկացող, Իրեն մշտապես դավաճանող մարդ արարածին: Ի վերջո, Աստված այնքան սիրեց աշխարհը, որ մինչև իսկ իր Միածին Որդուն տվեց, որպեսզի Իր Որդին մարդանալով, բացահայտ ցույց տա աստվածային ողորմությունը:

 

Բայց Աստված, չնայած մարդկության պատմության դառն ժառանգությանը, շարունակում է լինել համբերատար և ողորմած միշտ փնտրելով իր մոլորյալ զավակներին, միշտ կարոտով սպասելով յուրաքանչյուրի դարձին ու անկեղծ զղջմանը:

 

Հիշե՛ք, Աստծո ողորմությունը մեր հանդեպ ոչ միայն մեծ խաղաղություն և մխիթարություն է, այլև՝ պարտավորություն լինել ողորմած միմյանց հանդեպ. «Երանի՛ ողորմածներին, որովհետև նրանք ողորմություն պիտի գտնեն» (Մտթ. 5.7):

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2022-03-25
×