Ինչո՞ւ հսկել ինքդ քեզ

Ինչո՞ւ հսկել ինքդ քեզ

Սուրբ Պետրոս առաքյալն ասում է, որ Երկնավոր Հայրը կամենում է, որ սուրբ լինենք, ինչպես գրված է. «Սուրբ եղեք, որովհետև սուրբ եմ ես» (Ա Պետր. 1:16): Այս պատգամը կատարելու համար մենք՝ որպես անկատար երկրային արարածներ, հաճախ ենք փորձում ջանքեր չխնայել և կառավարել ինքներս մեզ: Չէ՞ որ միայն ժուժկալությամբ և ինքդ քո հանդեպ սահմանած հսկողությամբ է, որ կարող ենք հասնել կամ գոնե մոտենալ աստածայինին՝ կատարյալին:

 

Սուրբ Բարսեղ Կեսարացին էլ մեզ՝ քրիստոնյաներիս հորդորում է.  «Հսկի՛ր քեզ, որպեսզի չկորցնես ճանապարհը, չշեղվես աջ կամ ձախ»: Ինքնահսկումը միակ ճանապարհն է, որով հնարավոր է քայլել՝ առանց սխալներ թույլ տալու: Աստծո հանդեպ ունեցած մեծ սերն է, որ մեզ առաջնորդում է ճիշտ ուղով՝ դարձնելով սեփական գործերը հսկողներ: Եվ խոսքը բնավ ինքնախարազանման, անտեղի սեփական անձը ցածրացնելու մասին չէ, այլ միայն առողջ ինքնահսկման: 

 

Տասը պատվիրաններն էլ, այո՛, թեև Տիրոջից են, սակայն կրկին ունեն առողջ ինքնահսկման միտումը: Չլինի, թե գործեմ ոչ աստվածահաճո մի արարք, չլինի, թե անարգեմ այն, ինչ տրված է Բարձրյալից:

 

Ինքնահսկումը, սակայն, բնավ սարսափի ու ահի մթնոլորտում չի իրագործվում, ինչպես պատկերացնում են շատերը: Մենք հսկում ենք ինքներս մեզ, մեր արարքներն ու մտքերը ոչ թե այն պատճառով, որ վախենում ենք Տիրոջից, այլ այն պատճառով, որ անսահման սիրում ենք Նրան և կամենում ենք մշտապես արժանանալ Նրա սիրուն ու ողորմածությանը:

 

Աստված ոչ թե մեզ սպառնալով է տանում դեպի բարի գործերը, այլ անսահման սիրով ու հայրական հոգատարությամբ: Զուր չէ ասված Սաղմոսների Գրքում, թե «Տերն Իմ լույսն է ու կյանքը, ումի՞ց վախենամ» (Սաղմ. 26:1) և նաև «Եթե իմ դեմ ճակատամարտի ելնեն, միևնույն է, Տե՛ր, հույսս քեզ վրա եմ դնելու» (Սաղմ. 26:3): Մեր հույսը մշտապես Տիրոջ վրա է, ոչ թե մեր արարքներն են կախված Նրա հանդեպ վախից: Եվ ինչպես մեր ծնողին ենք սիրում, վստահում և ցանկանում հաճելի դառնալ, նույնպես և պիտի փորձենք լինել Աստծու հանդեպ: Ուրեմն՝ ինքդ քեզ հսկելու ուղին միայն ու միայն սիրով է, ոչ թե վախով:

 

Կեսարացին նաև պատվիրում է. «Քննիր ինքդ քեզ»: Մեր սեփական անձը քննելով ու ճանաչելով միայն կարող ենք տեսնել մեր բացթողումները, սխալները, մաքրել ու աստվածահաճո դարձնել մեր մտքերը: Ուստի՝ մի պահ դառնալով դեպի մեր սիրտտ՝ մտածենք նաև այս երևույթի մասին: Ո՞ւր է մեզ հասցրել մեր ինքնահսկումը կամ դրա պակաս, դեպի ո՞ւր ենք գնում հիմա մեր հոգևոր ընթացքով, և իրականում ո՞ւր կուզենայինք գնալ:

 
  • 2022-03-25
×