«Այս բաները ասացի ձեզ, որպեսզի ինձնով խաղաղություն ունենաք: Այստեղ, աշխարհում նեղություն պիտի ունենաք, սակայն քաջալերվեցեք, որովհետև ես հաղթեցի աշխարհին» (Հովհ. 16.33):
Սովորաբար, կյանքում հաղթում են նրանք, ովքեր մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի հանդեպ մեծ սեր ու հավատք ունեն:
Հիսուս Քրիստոս պատգամում է. «Ես ձեզ հետ եմ, որպեսզի դուք խաղաղություն ունենաք»: Անկեղծ ապաշխարությունը և սերը կարող է մեր կյանքը սրբագրել այնպես, որ կվերագտնենք Աստծո ներկայությունն ու ներքին խաղաղությունը:
Մեր կյանքը փնտրտուք է. փնտրում ենք, բայց հաճախ չգիտենք էլ, թե ինչ ենք փնտրում: Քանի երիտասարդ ենք, մենք նախընտրում ենք հաճույքները, որոնք երբեմն մեզ գցում են մեղքի ճիրանը: Չափահաս տարիքում՝ փնտրում ենք ապահովություն, իմաստություն: Արդեն ծերության օրոք, փառք ենք փնտրում՝ ասելով. «Մենք արդեն մեծ ենք, այլևս մեզ պետք է պատվեն մեր որդիները, մեր թոռներն ու սերունդները»: Այսպես, մենք մշտապես փնտրում ենք, բայց չգիտենք, թե ինչ:
Իրականում որպես քրիստոնյաներ միակ բանը, որ պիտի փնտրենք, խաղաղությունն է՝ հոգու և մտքի՝ Աստծո հետ համերաշխության մեջ: Եթե քրիստոնյան խաղաղություն փնտրի, նրան ամեն բան կտրվի: Եվ ստացվում է՝ մեր կյանքի բոլոր փուլերում երբեք չենք փնտրում այդ խաղաղությունը: Օրինակ՝ մեղքի մեջ, որ փափագում ենք մեր երիտասարդության տարիքում, չկա խաղաղություն: Մեզ թվում է, թե մեր զգայարանների հաճույքները բավարարելով՝ մենք պետք է ուրախություն ապրենք: Ո՛չ: Դրա մեջ կա միայն ցավ, վիշտ և նեղություն: Այս հաճույքները ժամանակավոր են ու չեն կարող մեզ հարատև երջանկություն պարգևել: Մինչդեռ խաղաղությունը մշտական է ու հարատև:
Մեր առաքելությունն է՝ ճանաչել Փրկիչին և հաղթել աշխարհի փորձություններն ու գայթակղությունները Նրա հանդեպ ունեցած հավատով:
Փորձենք գտնել մեր հոգիների մաքրությունը, հանդարտությունն ու ներդաշնակությունը, և այդժամ կվայելենք խաղաղություն: Այն ժամանակ Աստված կերևա մեր սրտերում, և ինչպես մեր Տերը` Հիսուս Քրիստոս է ասում. «Երանի՜ նրանց, որ սրտով մաքուր են, որովհետև նրանք Աստծուն պիտի տեսնեն» (Մատթ. 5.8):