Հարուստ երիտասարդի առակը

Հարուստ երիտասարդի առակը

Փրկչի ուսուցումներից մեկն ուղղված էր հարուստ երիտասարդին, ով նրա մոտ էր եկել հարցնելու, թե ինքն ինչ պետք է անի փրկվելու համար: Այս մասին մեզ պատմում է Մատթեոսի Ավետարանը.

 

«Եվ ահա մեկը մոտենալով Հիսուսին՝ ասաց. «Բարի վարդապետ, ի՞նչ բարիք գործեմ, որ հավիտենական կյանքն ունենամ»: Եվ Հիսուս նրան ասաց. «Ինչո՞ւ ես ինձ բարու մասին հարցնում. մե՛կ է բարին. եթե կամենում ես հավիտենական կյանքը մտնել, պահի՛ր պատվիրանները»: Նա ասաց. «Որո՞նք»: Հիսուս նրան ասաց. «Մի՛ սպանիրը, մի՛ շնանարը, մի՛ գողանարը, սուտ մի՛ վկայիրը, քո հորն ու մորը մեծարի՛րը և քո ընկերոջը քո անձի պես սիրեսը»: Երիտասարդը Հիսուսին ասաց. «Այդ բոլորն իմ մանկությունից ի վեր պահել եմ. արդ, էլ ի՞նչ բանով պակաս եմ դեռ»: Հիսուս նրան ասաց. «Եթե կամենում ես կատարյալ լինել, գնա վաճառի՛ր քո ունեցվածքը և տո՛ւր աղքատներին. և երկնքում գանձեր կունենաս. և դու արի՛ իմ հետևից»: Երբ երիտասարդը այս խոսքը լսեց, տրտմած գնաց. որովհետև շատ հարստություն ուներ:

 

Հիսուս աշակերտներին ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ հարուստը դժվարությամբ կմտնի երկնքի արքայությունը: Դարձյալ ասում եմ ձեզ՝ ավելի հեշտ է, որ պարանը ասեղի ծակով մտնի, քան թե հարուստը՝ Աստծո արքայությունը»: Երբ աշակերտները այս լսեցին, շատ զարմացան ու ասացին. «Իսկ ո՞վ կկարողանա փրկվել»: Հիսուս նրանց նայեց և ասաց. «Մարդկանց համար այդ անկարելի է, բայց Աստծո համար ամեն ինչ կարելի է» (Մատթ. ԺԹ 16-26) :

 

Ավետարանական այս պատումի մեջ արծարծվում է մարդու հոգևոր կյանքի համար հարստության նշանակության թեման: Իհարկե հարստությունը մարդկանց համար մշտապես եղել է գայթակղիչ երևույթ: Եվ անշուշտ եղել են շատերը, որոնք ընչաքաղցությամբ տարված հեռացել են իրենց քրիստոնեական հոգևոր կյանքից:

 

Սակայն այս պարագայում չափազանց կարևոր է նշել, որ Հիսուսին մոտեցած երիտասարդն իրականում չէր դասվում ամբարտավան և մեծամիտ հարուստների շարքին, այլ՝ ընդհակառակը հանդիսանում էր բարեպաշտ և առաքինի անձնավորություն, ով դեռ մանկուց պահել էր աստվածային պատվիրանները: Բայց Հիսուս հանկարծ նրան ասում է, որ վաճառի իր ողջ ունեցվածքն ու բաժանի աղքատներին, ինչից հետո երիտասարդը տրտմած հեռանում է:

 

Նախ չափազանց կարևոր է նշել, որ Հիսուս Ավետարանական որևէ այլ պատումի մեջ երբևէ չի ասում, որ հարստությունից հրաժարումը պարտադիր պայման է երկնքի արքայություն մտնելու համար: Եվ Փրկչի նմանօրինակ խոսքը մեզ հանդիպում է միայն հարուստ երիտասարդի հետ ունեցած նրա զրույցի մեջ: 

 

Այս դեպքում չափազանց կարևոր է իմանալ, որ Հիսուս երբևէ կասկածի տակ չի դնում հարուստ երիտասարդի առաքինությունը և պարկեշտությունը, ինչպես նաև չի թերագնահատում նրա հոգևոր ջանքերը մանկուց ի վեր Աստծո պատվիրանները պահելու գործում: 

 

Պարզապես այս դեպքում հարուստ երիտասարդն ինքն է հարցնում Հիսուսին, թե այս ամենից բացի էլ ի՞նչ է ինձ պակասում: Եվ Հիսուս ասում է,  որ եթե ցանկանում ես կատարյալ լինել, ապա վաճառիր ողջ ունեցվածքդ և տուր աղքատներին: Այս պարագայում Հիսուս ոչ թե թերագնահատում է հարուստ երիտասարդի առաքինություններն, այլ խոսում է հոգևոր կատարելության մասին, որն ավելին է քան պարզապես առաքինի քրիստոնյայի կերպարը և որին հասնելու համար անհրաժեշտ է անել ավելին քան միայն պատվիրանների պահպանումը:

 

Արմեն Չաքմիշյան

  • 2022-02-05
×