Թող որևէ բան չմտահոգի ձեզ

Թող որևէ բան չմտահոգի ձեզ

«Թող որևէ բան չմտահոգի ձեզ, այլ ձեր աղոթքների և աղաչանքների մեջ գոհունակ սրտով միշտ Աստծուց խնդրեք այն, ինչի կարիքն եք զգում, և այն ժամանակ Աստծո խաղաղությունը, որ մտքով հնարավոր չէ հասկանալ, խաղաղ կպահի ձեր սրտերն ու մտքերը...»:

 Փիլիպեցիս  4.6-7

 

Կան հանդիպումներ և զրույցներ, որոնք ամբողջ կյանքի համար են: Քանի տարվա վաղեմություն էլ ունենան, դրանք մնում են մեր մեջ, դառնում մեր հավատարիմ ուղեկիցը կյանքի ոլորաններում, դառնում են փարոս՝ մութ օրերի մեջ, օգնական-աջակից՝ կարիքի դեպքում։ Այդպիսի զրույցներից մեկն ինձ հետ պատահել է մոտ 12 տարի առաջ, երբ ես դեռահաս էի և ինձ անասելի մենակ ու անօգնական էի զգում ունեցածս խնդիրների հետ: Սուրբ Երրորդություն եկեղեցին ընկած էր տնից դպրոց ընկած ճանապարհին՝ որպես հույսի, հավատի, օգնության, օրհնության միակ օրրան։ Վերջերս, երբ արցունքներն աչքերիս այդտեղ էի՝ իմ սիրած եկեղեցում (Սուրբ Երրորդություն եկեղեցում ես մկրտվել եմ, դարձել Երկնքի դուստր, այստեղ են իմ մեջ ցանվել հոգևոր կյանքի առաջին սերմերը), հիշեցի 12 տարվա վաղեմության մի զրույց՝ իմ ճանաչած լավագույն հոգևորականներից մեկի հետ։

 

Տեր հայրը մեծահոգի հոր ջերմությամբ ու սրտացավությամբ նստած էր իմ դիմաց, ուշադիր լսում էր պատմությունս։ Երբ ավարտեցի միտքս, նա ժպտաց, ապա վերցրեց իր առաջ դրված գրիչն ու ասաց․

 

«Գիտե՞ս, աղջի՛կս, երբ Տերը մեզ չի տալիս մեր ուզած գրիչը, նշանակում է՝ Նա շատ ավելի լավն է մեզ համար պատրաստել»։ Այս խոսքերը փոխեցին իմ ամբողջ կյանքը․ մինչ այդ ես երբեք չէի մտածել, որ մեր թվացյալ անհաջողությունների հետևում Աստծո ավելի մեծ ու լավ ծրագրերն են ընկած, որոնք այդ պահին միգուցե մեզ տեսանելի, հասանելի չեն, բայց կան, և մենք պիտի կարողանանք բավարար համբերություն դրսևորել, որ դա տեսնենք։ Հետագայում ես բազում անգամներ համոզվեցի այս խոսքերի ճշմարտացիության մեջ: Տեսա, թե ինչպես ինչ-ինչ գործեր չեն հաջողվում, որովհետև դրանք ինձ համար չէին, տեսա, թե ինչպես է Աստված ինձ համար խնամքով այլ դռներ բացում, տեսա՝ ինչպես է Նա հոգ տանում, որ ես լինեմ այնտեղ, որտեղ իմ հոգին կծաղկի, որտեղ չի վնասվի իմ բուն էությունը։ Անհամար անգամներ ես ցանկացել եմ բաներ, որոնք չեն տրվել ինձ, ապա տրվել է ավելի լավը, երկնայինը, ճիշտը․․․

 

Այս անգամ Սուրբ Երրորդություն եկեղեցում ես շատ սրտնեղած էի, քիչ էր մնում՝ ձայնով լաց լինեի: Քանի անգամ էի հենց այդ տրամադրությամբ եկել Իմ երկնային Հոր տուն՝ աղաչելու ուժ, կամք, համբերություն, որ դիմանամ հերթական փորձությանը։ Ինձ թվում էր՝ ինձնից վերցվում է շատ թանկ մի բան, ինձ թվում էր՝ ես կորցնում եմ իմ հաջողության գրավականը, կորցնում եմ իմ սիրած տեղը տանող դռան բանալին, որ նոր-նոր էր բացվել ինձ համար։ Եվ այդ օրն իսկական հրաշք պատահեց, զգացողություն, որին ես անասելի կարոտել էի։ Խորանի առաջ նստած շա՛տ հստակ զգացի. Տերը լսում է ինձ, ամեն բառս՝ ասված, չասված․ կարծես այդ պահին աղոթող միլիոնավորների միջից Աստված հենց ինձ ընտրած լիներ՝ ականջ դնելու համար, որովհետև վիրավոր էի ու շատ ունեի Իր կարիքը։ Ես Նրան խնդրեցի այնպես անել, որ կարողանամ շարունակել իմ սիրած աշխատանքով վաստակելը, որ չնայած առկա դժվարություններին, շատ բաների պակասությանը՝ ամուր կանգնած մնամ, չկոտրվեմ, դռներս չփակվեն։ Աստված լսեց ինձ ու հիշեցրեց վաղեմի զրույցը գրչի մասին։ Ես զորացած դուրս եկա եկեղեցուց, վստահ, որ նշան կստանամ: Այդպես էլ եղավ, երեկոյան պատահեց մի բան, որը ոչ այլ ինչ էր, քան աղոթքիս պատասխանը՝ շատ հստակ, ուղիղ հենց այն, ինչ խնդրել էի։ Չէի սպասում նման արագ արդյունք, բայց զարմացած էլ չէի, որովհետև ես ամբողջ էությամբ զգացել էի, որ մենակ չեմ, որ աղոթքս լսվել է, ընդունվել, խնդրածս տրվել է ինձ։

 

Երեկոյան ուրախության ու խաղաղության մեջ էի, բայց դեռ էլի անհանգիստ․ չլուծված մի հարց էլ ունեի։ Հաջորդ օրը մի ուրիշ զրույց ունեցա Երկնքի հետ, այս անգամ՝ բացառապես նշանների լեզվով։ Մի ծանր բեռ ուսերիցս ընկել էր, բայց ես չգիտեի՝ դա լավ է, թե՝ վատ։ Միայն գիտեի, որ ազատ եմ, ազատ։ Հենց դա էի մտքումս կրկնում, որ ազատ եմ, ազատ եմ, ազատ եմ, երբ ոտքերիս տակ նկատեցի ճերմակ թղթից պատրաստված ինքնաթիռը։ Չէի կարող չժպտալ և գետնից չբարձրացնել։ Ինքնաթիռը տուն բերեցի, որովհետև դա  վերևից նշան էր, որ ես ճիշտ ճանապարհի վրա եմ, օրհնված ճանապարհի, ու եթե անգամ այս պահին չեմ տեսնում՝ Աստված ինձ ուր է առաջնորդում, վստահ եմ, որ դա մի գեղեցիկ, օրհնված տեղ է, որտեղ ես զբաղվում եմ իմ սիրած աշխատանքով, ստեղծագործում եմ լիուլի ու կարողանում եմ դրանով արժանապատիվ վաստակել: Իմ օրերն ու ապրած կյանքը պատմում են Աստծո փառքի, մեծության, գթասրտության, հումորի զգացումի, մեզ երբեք մենակ չթողնելու, միշտ մեզ համար ավելի լավ ծրագրեր ունենալու, վստահության ու հույսի մասին։ Երբեմն Տերը մեզ համար փակում է այն դուռը, որն այլևս մեզ լավ տեղ չի տանում, և առաջարկում է նորը, որը, միգուցե սկզբում վախեցնում է մեզ իր անծանոթ լինելով, բայց հետո մեր սրտում հասունացնում է երախտագիտության «համեղ պտուղները», որոնք մենք ևս արդարացիորեն պիտի բաշխենք այլոց, որ մեր վարձքը շատ լինի։ Ամեն։

 

Անժելա ՊՈՂՈՍՅԱՆ

  • 2022-02-05
×