«Շողակն Արարատյան» թերթի սիրելի՛ ընթերցողներ մեր զրուցակիցը ԵՊՀ պատմության ֆակուլտետի հայագիտության բաժնի մագիստրատուրայի երկրորդ կուրսի ուսանողուհի Արաքս Միրզոյանն է՝ Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած Նիկոլայ Միրզոյանի դուստրը։ Նա պատերազմից հետո թշնամու վերահսկողության տակ անցած Նոր Բրաջուր գյուղից է։
Արաքսը պատմում է, որ բակալավրիատն (բանասիրական ֆակուլտետ, լրագրության բաժին) ավարտել է Արցախի պետական համալսարանում, մագիստրատուրա է ընդունվել Երևանում՝ փոխելով մասնագիտական ուղղվածությունը։ Արաքսը սովորելուն զուգահեռ աշխատում է նորաբաց «Դիզակ Արտ» կենտրոնում՝ որպես ասեղնագործության ու ազգային պարի ուսուցչուհի։
Նա սկսել է ասեղնագործել երկու տարի առաջ՝ հետաքրքված լինելով Մարաշի ասեղնագործությամբ։ «Ասեղնագործելիս կտրվում եմ աշխարհից և խաղաղվում։ Ասեղնագործելու համար նախ պետք է, որ մարդը կարողանա ներել բոլորին, լինի հանգիստ հոգեվիճակում, հակառակ դեպքում վերջում գործը ուզածիդ պես չի ստացվի։ Այս ամենը, իհարկե, այն դեպքում, երբ ինքդ ես ասեղնագործում, իսկ սովորեցնելիս արդեն մի փոքր այլ է։ Ուրախ եմ, որ այսօր շատ աղջիկներ են հետաքրքված ասեղնագործությամբ։
Կան մտքեր, որ միայն ասեղնագործության ժամանակ են ծնվում։ Օրինակ՝ ինձ ասեղնագործելիս հետաքրքիր է, թե Մարաշում աղջիկներն ինչ առօրյայով էին ապրում, ինչ խոհեր ու անհանգստություններ ունեին, ինչ էին զգում գործելիս և այլն»։
Արաքսը վերջերս կայացած «Արցախյան գորգարվեստ» մրցույթի «Ասեղնագործություն» անվանակարգում իր ասեղնագործած ծածկոցով զբաղեցրել է երկրորդ տեղը։
Ապա անդրադառնում ենք ազգային պարերին։ Զրուցակիցս պարել սկսել է դեռ 2011-ից՝ սովորելով գյուղ եկած ուսուցչուհուց։ Ընկեր Անահիտի հեռանալուց հետո Արաքսն ինքն է գյուղի երեխաներին պարել սովորեցրել։ Նա պարով զբաղվում էր նաև Ստեփանակերտում ուսանելու տարիներին։
Արաքսը նշում է, որ իր ողջ հետաքրքրությունը ազգային մշակույթի հանդեպ հենց պարից է սկսվել․ «Պարն այն լուսավոր կետն էր, որի շուրջ հետագայում ձևավորվեց սերս ազգային երգի, տարազի, ասեղնագործության հանդեպ։ Պարն ինքնաճանաչման ամենալավ միջոցներից է։ Այն օգնում է հասկանալ հայ մարդու հոգեկերտվածքը։ Ես իմ լավագույն ընկերներին ազգային պարի շնորհիվ եմ գտել։ Այն կյանքումս պատահած ամենալավ իրողություններից է՝ բուժող, կենարար, որ օգնում է անգամ այսօր, երբ մեր շարքերը նոսրացել են, և մեզնից շատերը պարում են ծանրացած սրտով»։
Զրուցակիցս անկեղծանում է, որ երեխաների հետ շփումն իրեն շատ մտածելու առիթ է տալիս, նաև բազում հարցերի պատասխաններ․ «Աշակերտներս իմ շարժիչ ուժն են․ առանց նրանց չեմ պատկերացնում իմ կյանքը։ Ես շաբաթական մի քանի օր եմ տեսնում երեխաներին, բայց վերցնում եմ մյուս օրերի համար անհրաժեշտ ողջ էներգիան։ Եվ այն միտքը, որ նրանք արցախցի են, ավելի է պարտավորեցնում։ Եվ, ընդհանրապես, այսօր մեզ ապրեցնում են հանունները․ հանուն չվերադարձած ու վերադարձած տղաների, հանուն մեզ համար վաստակած ապրելու իրավունքի, հանուն մեր սիրելիների ու մեզ շրջապատողների։ Հիմա չապրելը, մեր դիրքը լքելը դավաճանություն կլինի։ Հիմա շարունակում եմ ուժեղ մնալ և ապրել, որովհետև չապրելը միշտ էլ կա»։
Այն հարցին, թե կյանքում ինչն է սիրում ամենաշատը, Արաքսը պատասխանում է․ «Եթե ասեմ հայրենիքը, մի քիչ վերամբարձ կհնչի, բայց դա այդպես է։ Ասում են՝ խավար ժամանակներում լուսավոր մարդիկ ավելի լավ են երևում, ուստի ես սիրում եմ նաև նոր ընկերներիս, որ լուսավոր կետերի պես են իմ կյանքում։ Ընկերական շրջապատումս շատ ուժեղ մարդիկ կան, որոնք ինձ լավատեսություն, ապրելու, առաջ շարժվելու կամք են ներշնչում։ Վերջին շրջանում բոլորս շատ զգայուն ենք դարձել և բացասականը հեշտ ենք վերցնում։ Ուստի մեզ հիմա ամենաշատն արտաքին ու ներքին խաղաղություն է պետք։ Ես այժմ սիրում եմ նաև ամենօրյա փորձությունները, երբ օրվա վերջում տեսնում ես՝ այդ մի խնդիրն էլ կարողացար հաղթահարել»։
Զրույցի ընթացքում պարզվում է, որ Արաքսը ծնվել է Չարենցավանում, բայց 2000-ին ընտանիքը վերաբնակեցման ծրագրով տեղափոխվել է Նոր Բրաջուր։ «Եթե ժամանակին հայաստանցի էի Արցախում, այժմ արցախցի եմ Հայաստանում։ Մենք շատ կապված ենք եղել մեր գյուղին, և հիմա եմ հասկանում, որ ապրել ենք մեծ ու իսկական աշխարհում, ապրել իսկական, մաքուր կյանքով։ Մեր տունը Տրտու (Թարթառ) գետի ափին էր, լեռների մեջ՝ աշխարհի ամենախաղաղ անկյունում։ Ես նրան կարոտում էի անգամ Ստեփանակերտում ուսանելու տարիներին։ Անընդհատ սպասում էի՝ երբ եմ գնալու գյուղ, որ լիցքավորվեմ։ Ամեն անգամ, երբ մտածում եմ, որ մեր գյուղն էլ չկա, խորը ցավ եմ ապրում։ Տագնապի այդ զգացողությունը, որ էլ երբեք հետ չես գնալու, ոչ մի կերպ չի անցնում։ Չվերջացող անորոշության այս պայմաններում երբեմն հուսահատվում եմ, և եթե չլինեին իմ գտած լուսավոր մարդիկ, չգիտեմ՝ ինչպես էի ապրելու,- ասում է Արաքսն ու ծանր լռությունից հետո շարունակում,- ամենադժվարն այժմ հայրիկիս կորուստն է և իմ գյուղի կորուստը։ Ես Արցախում թողեցի ծնողներիս երիտասարդությունն ու մեր բոլորի երազանքները։ Պատերազմից հետո մի շրջան կար՝ ոչ մի երազանք չէի հիշում, որովհետև դրանք բոլորը Բրաջուրի հետ էին կապված, իսկ այն այլևս չկար։ Հիմա ես ինքս ինձ վերագտնելու, իմ երազանքները վերհիշելու, նորերը ձևավորելու փուլում եմ։
Այս մեկ տարվա ընթացքում ես հասկացա՝ մարդիկ շատ տարբեր են․ բացարձակ անտարբերների կողքին ունենք իրենց կյանքը հայրենիքի համար զոհելու պատրաստ բազում հայորդիներ։ Եռաբլուրում, երբ նայում եմ տղաների պայծառ դեմքերին, միանգամից զգում եմ այդ սերն ու նվիրումը, ու առավել հաստատվում է այն միտքը, որ հիմա նրանց անձնազոհ գործը շարունակելու հերթը մերն է»։
Արաքսի հետ զրուցեցինք նաև «Բարբառը մենք ենք» նախագծից, որի գաղափարը ծնվել է Նոյեմի Անդրեասյանի և Շուշան Բաբայանի հետ բարբառների մասին ունեցած համատեղ զրույցի ընթացքում։ Որոշում են նկարահանել բարբառախոս երիտասարդների մատուցմամբ գրական տարբեր ստեղծագործություններ։ Այդ աշխատանքներին աջակցում է ԱՀԹ-ի «Թեմ TV» ինտերնետային ալիքը․ «Օգտվելով առիթից՝ դիմում եմ բոլոր բարբառախոս երիտասարդներին և հրավիրում ներկայացնելու իրենց բարբառը»։
Նշենք նաև, որ Արաքսն ամիսներ շարունակ եղել է «Շողակն Արարատյան» թերթի պատասխանատու քարտուղարը՝ այդ ընթացքում գտնելով հրաշալի մարդկանց, ձեռք բերելով նոր հմտություններ, խորացնելով հոգևոր գիտելիքները։
Զրույցի ողջ ընթացքում պահպանված ներդաշնակությամբ էլ Արաքսն ավարտում է իր խոսքը․ «Այսուհետ մեր կյանքի անիվը պետք է պտտենք համբերությամբ, հոգատարությամբ, սիրելով, ներելով, հավատալով, ինքներս մեզ վերագտնելով, ինքնաճանաչմամբ, ինքնակրթվելով, միմյանց օգնելով։ Կյանքը պիտի շարունակվի»։
Արփի ԽԱՉԱՏՐՅԱՆ