Քրիստոնյա՝ հոգով և մարմնով

Քրիստոնյա՝ հոգով և մարմնով

«Մի՛ հագիր հագուստներ, որով կարող ես գովաբանվել ու մեծարվել, որոնք կարող են քեզ հպարտացնել ու փառավորել»․ Ս․ Անտոն Անապատական

 

Շատ հաճախ, թեև անկեղծ սրտով հավատում ենք Քրիստոսին, հավատում ենք Աստծուն, սակայն լինում են պահեր, երբ սկսում ենք ավելի մեծ ուշադրություն դարձնել արտաքինին, քան ներքինին։ Այդ պահերին կարծես անցնենք փորձության միջով՝ հասկանալու համար՝ արդյոք կկարողանա՞նք քրիստոնյային վայել դուրս գալ այս փորձությունից ևս։

 

Անշուշտ, մենք գիտենք, թե որքան ծանր մեղք է ագահությունը, թե որքան գովաբանելի է ժուժկալությունը, զուսպ կենցաղը։ Բայց աշխարհն ունի շատ գայթակղություններ, որոնցից չենք կարողանում խուսափել։

 

Սուրբ Անտոն Անապատականը արտաքին տեսքին շատ ուշադրություն դարձնողներին այս խրատն է տվել․«Մի՛ հագիր հագուստներ, որով կարող ես գովաբանվել ու մեծարվել, որոնք կարող են քեզ հպարտացնել ու փառավորել»։  Մարդուն չպետք է մեծարել իր արտաքինի, ունեցվածքի, գանձերի ու գեղեցկության համար, այլ պիտի նայել նրա հոգուն և արժանացնել նրան, ինչին մարդ արժանի է հոգով։

 

 «Աստված ոչ միայն արտաքին գործերի, այլև ներքին մտքերի դատավոր է»,- ասում է Աբբա Դորոթեոսը։ Աստված չի դատում նրանով, ինչ ցանկանում ենք ցույց տալ։ Տերը չի տեսնում մեզ այնպիսին, ինչպիսին մեզ ներկայացնում ենք։ Ամենատես Աստված մեզ տեսնում է՝ ինչպիսին կանք։

 

Ուստի անհեթեթություն է չափազանց շատ ժամանակ վատնել այն ամենի վրա, ինչը մեզ տանում է դեպի նյութապաշտությունը, ինչը մեր հոգում դնում է նյութապաշտության սերմը։

 

Անդադար աղոթք անենք ու փորձենք ապրել քրիստոնյային վայել կյանքով ու կենցաղով, քանզի ոչ միայն հոգով, այլև մարմնով նույնպես քրիստոնյա պիտի կոչվենք։

 

Տեղին է հիշել այս առակը, որ վերցված է Սմբատ սարկավագ Խանվելյանի «Օրվա առակը» շարքից․

 

«Մի թագավոր իր զորքով ճանապարհ էր գնում։ Նա երկու սուրբ հայրերի տեսավ` գարշելի հագուստով։ Թագավորը իջավ նժույգից և խոնարհվելով` համբուրեց նրանց։ Զորավարներն սկսեցին տրտնջալ, թե այս թագավորն իր մեծամեծներին պատիվ չի տալիս, չնչին մարդկանց մեծարում է:

 

Թագավորն իմանալով՝ հրամայեց չորս սնդուկ սարքել. երկուսը արտաքուստ գեղեցիկ ու քանդակազարդ՝ լի աղբով ու ավազով, իսկ մյուս երկուսը՝ արտաքուստ տհաճ, կպրոտ, մեջը լի ոսկով ու մարգարտով։ Եվ կանչելով բամբասող իշխաններին`թագավորն ասաց.

 

- Գնահատեցեք և ընտրեցեք չորս կնքած արկղներից որն ուզում եք:

 

Նրանք ընտրեցին գեղեցիկները և բանալով՝ տեսան, որ լցված են աղբով ու ավազով, զղջացին։

Թագավորն ասաց.

 

- Այդպես եք նայում երեսին և պայծառ հագուստին այն մարդու, ով ներքուստ լի է աղտեղությամբ։ Իսկ այն սուրբ հայրերը, որոնց հանդիպեցի, արտաքուստ էին աղտեղի, իսկ ներքուստ՝ լի հոգու շնորհով»։

  • 2022-04-12
×