Կա՞ մի մեղք, որ չներվի

Կա՞ մի մեղք, որ չներվի

«Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ մարդկանց որդիներին, որքան էլ հայհոյեն, ամեն մեղք և հայհոյանք կներվի, բայց ով հայհոյի Սուրբ Հոգուն, հավիտյանս թողություն չի ունենա» (Մարկ. 3:28-29)

 

Սուրբ Գրքում տեղ գտած այս հատվածը պատասխանում է մարդկանց մի շարք հարցերին։ Այդ հարցերից մեկն է այն, թե արդյո՞ք կա մի այնպիսի մեղք, որն Աստված չի ների։ Աստված մեզ տալիս է պատասխան, որ ո՛չ, կներվեն բոլոր մեղքերը՝ առանց բացառությունների, տեսակավորման ու խտրությունների։ 

 

Այդ դեպքում կհարցնենք՝ ուրեմն՝ կարելի՞ է, որ որքան ցանկանանք, մեղքեր գործենք։ Բնականաբար ոչ։ Աստված ներում է մեր մեղքերն անկեղծ զղջման դեպքում։ Իսկ անկեղծ զղջումը ենթադրում է արդար ու ազնիվ ընթացք առ Աստված։ Աստված երբեք չի խոչընդոտում մոտենալ իրեն, և հենց այս պատճառով էլ բոլոր մարդկանց հավասար կերպով թույլ է տալիս հաղորդակից լինել։

 

Աստծո համար չկան ընտրյալներ, հետևաբար՝ չկան մեղքեր, որոնք չեն ներվում, երբ մարդ աղոթում է, զղջում, ապաշխարում։ Այդ դեպքում հասնում է թողությունը՝ որպես մի փրկօղակ մեղք գործողին, ով կարծես խեղդվելիս լինի մեղքերի անծայրածիր օվկիանոսում։

 

Միաժամանակ նույն հատվածում հստակորեն նշված է մեկ աններելի հանցանք՝ Սուրբ Հոգուն հայհոյելը։ Դա նույնն է, թե վնասես քեզ օգնողին, հայհոյես քեզ ներողին, ուրանաս քո Տեր Աստծուն։ Այս հանցանքը ոչ մի ներում չունի, քանի դեռ մարդ չի ապաշխարել անկեղծորեն, ներում չի հայցել, չի զղջացել։ 

 

Ուստի՝ որպես իրական քրիստոնյաներ, աղոթենք անդադար՝ թողությանն արժանանալու համար, գնահատենք ներումը մեր կյանքում, գնահատենք Աստծո անսահման, անուղեծիր սերը մեր հանդեպ։ Երբեք դեմ դուրս չգանք ընդդեմ սիրո, այլ փորձենք արժանի դառնալ Տիրոջ սիրուն ու նվիրումին։ 

 

Գնահատենք և այդպիսով մշտապես ծնկի իջնենք Տիրոջ առաջ՝ զղջմամբ ասելով՝ «Աստվա՛ծ, ների՛ր ինձ՝ մեղավորիս»:

  • 2022-04-12
×