Սուրբ Ծննդյան տոներին միմյանց նվերներ տալու քրիստոնեական ավանդույթը ծնունդ է առել ավետարանական այն պատմությունից, երբ արևելքից եկած մոգերն ընծաներ են բերում Մանուկ Հիսուսին: «Եվ երբ այն տունը մտան, տեսան մանկանը իր մոր՝ Մարիամի հետ միասին և ընկան ու երկրպագեցին նրան.և բանալով իրենց գանձատուփերը՝ նրան նվերներ մատուցեցին՝ ոսկի, կնդրուկ և զմուռս» (Մատթեոս 2:11):
Երբ ասում ենք Ամանոր, առաջին բանը, որ գալիս է մեր մտքին, հրաշագործ բարի Ձմեռ պապի կերպարն է, որը գալիս է մեծ պարկը շալակին և նվերներ բաժանում մանուկներին: Ո՞վ է այդ հրաշագործ բարի պապիկը, որ ամեն տարի այցելում է մեզ, ինչու՞ են տարբեր երկրներում նրան տարբեր անուններով կոչում: Նա, ում մենք Ձմեռ պապ ենք անվանում, աշխարհին ավելի հայտնի է Սանտա Կլաուս անվամբ:
Ս. Նիկողայոս Սքանչելագործ Հայրապետը ծնվել է 280թ. Փոքր Ասիայի Լիկիա գավառի Բաթարա քաղաքում (ներկայիս Անթալիա քաղաքի մոտակայքում): Փոքր հասակից կորցնում է մեծահարուստ և բարեպաշտ ծնողներին և մեծանում իր քեռու՝ Նիկողայոս Երեց եպիսկոպոսի խնամքի ներքո, ով էլ հետագայում նրան քահանա է ձեռնադրում: Հետևելով ավետարանական այն խոսքերին, որում ասվում է՝ «Եթե ուզում ես կատարյալ լինել, գնա՛, վաճառի՛ր, ինչ-որ ունես և տու՛ր աղքատներին. Այդպիսով երկնքում պիտի գանձ ունենաս. ապա վերցրու՛ խաչդ և հետևի՛ր ինձ» (Մարկոս 10:21): Նա հենց այդպես էլ վարվում է՝ վաճառում է իր ողջ ունեցվածքը և բաշխում աղքատներին:
Սուրբ Նիկողայոսի բարեգործությունների մասին շատ ավանդազրույցներ կան, որոնցից, թերևս, ամենահայտնին հետևյալն է: Մի աղքատ քաղաքացի ամուսնության տարիքի երեք դուստր ուներ: Դրամ չունենալու պատճառով՝ ի վիճակի չէր նրանց օժիտ տալ և ամուսնացնել: Ս. Ծննդյան տոնին նախորդող մի երեկո, վերադառնալով եկեղեցում ժամերգությունից, եպիսկոպոսը պատահաբար լսում է՝ ինչպես է աղջիկներից մեկը ծնողներին առաջարկում իրեն վաճառել ստրկության, որպեսզի ստացված գումարով հնարավոր լինի քույրերի համար օժիտ գնել: Իմանալով այդ մասին՝ Սուրբ Ծննդյան տոնին նախորդող մի երեկո Նիկողայոսը ծխնելույզից դրամով լի քսակ է գցում, որն ընկնում է կրակի մոտ չորացող ավագ դստեր գուլպայի մեջ: Այդպիսով նա փրկում է այդ ընտանիքը սովից և հոգևոր կործանումից: Հետագայում նա շարունակում է իր գաղտնի բարեգործությունները Սուրբ Ծնունդի նախօրեին՝ կարիքավոր մարդկանց դռան առջև դրված կոշիկներում դրամ կամ ուտելիք թողնելով:
Իր հրաշալի արարքով Սուրբ Նիկողայոսը սկիզբ է դնում Սուրբ Ծննդյան տոներին կոշիկներում կամ գուլպաներում նվերներ դնելու գեղեցիկ ավանդույթին: Մարդիկ հագնում էին եպիսկոպոսի հանդերձանք և նվերներ բաժանում երեխաներին: Աստիճանաբար հոգևորականի կերպարը երեխաների պատկերացումներում վերափոխվեց բարի պապիկի կերպարի: