Բարությունը կյանքի ամենակարևոր պայմաններից մեկն է, առանց դրա կյանքը կորցնում է իր գույները, իսկ մարդիկ հեռանում են Աստծուց: Հաճախ ենք լսել մեծերից, երբ ասում են՝ բարություն արա, որ Աստված էլ քեզ բարին տա: Գուցե, փոքր ժամանակ այդ խոսքերի իմաստը այնքան էլ լավ չէինք հասկանում: Հետո, երբ մեծանում ենք, հասկանում ենք, որքան մեծ իմաստ կա նման խոսքերի մեջ: Աստված սիրում է բարին կամեցողին ու բարություն տարածողին:
Բարությունն աշխարհում ամենասպասված և աստվածային առաքինությունն է: Երանելի են նրանք, ովքեր կրում են իրենց մեջ այս աստվածային շնորհը: Բարությունն առհասարակ հոգևոր առողջության գրավականն է:
Բարության մասին բազմաթիվ հիշատակություններ տեսնում ենք նաև Աստվածաշնչում: Այնտեղ խոսվում է մարդկային բարության դրսևորման, անսասան հավատքի, փորձությունների ճիշտ հաղթահարման և չչարանալու մասին: Օրինակ` «Ձեզ վրա ոչ մի փորձություն չի եկել, բացի մարդկանցից եկածից: Բայց հավատարիմ է Աստված, որ ձեզ ավելի փորձության մեջ չի գցելու, քան կարող եք տանել. այլ` փորձության հետ փրկության ելք էլ է ցույց տալու, որպեսզի կարողանաք համբերել» (Կորնթացիներ 1.10-13):
Բարությունը Աստծո կողմից գնահատվող մարդկային ամենաբարձր որակն է, որի դիմաց մարդն անշուշտ կվարձատրվի: Բարությունը հոգևոր սնունդ է բոլոր բարեպաշտ և աստվածավախ մարդկանց համար, առանց որի նրանք ապրել չեն կարող:
Փորձեք լինել մի փոքր բարի և դուք կտեսնեք, որ այլևս ի վիճակի չեք վատ արարք կատարել:
Շատ կարևոր է, որ բարություն սերմանվի նաև երեխաների հոգում, որովհետև յուրաքանչյուր ոք գալիս է մանկությունից, և հենց մանկությունից է ձևավորվում մարդու աշխարհընկալումը, բարու և չարի պատկերացումը:
Բարությունն իրական է, երբ հիմքում ընկած է սերը, սեր առ Աստված, մարդ, բնություն: Ու սովորեք, անգամ բարի լինել այն մարդկանց նկատմամբ, ովքեր խուսափում են բարություն տարածելուց, որովհետև նրանք ավելի շատ ունեն դրա կարիքը: Ամեն օր մտածեք, մի լավ ու կարևոր բան դիմացինի համար անելու մասին, որովհետև այդ կերպ ձեր բարությունը ի զորու կլինի փոխել աշխարհում գոյություն ունեցող չարը: