«Մեր վատ սովորությունները թոթափելով՝ շտապենք մոգերի պես հեռվից գալ (այսինքն՝ հեռանալ երկրավոր ցանկություններից), որպեսզի արժանանանք տեսնել Քրիստոսին, որովհետև եթե նրանք էլ իրենց երկրից չհեռանային, չէին կարող տեսնել նրան: Փախչենք երկրավոր բաներից, որովհետև մոգերն էլ քանի դեռ Պարսկաստանում էին, աստղն էին տեսնում, և երբ այնտեղից հեռացան, արժանացան տեսնելու Արդարության Արեգակին: Հնարավոր է նրանք աստղն էլ չտեսնեին, եթե հոժարությամբ առաջ չընթանային: Մենք էլ առաջ ընթանանք և գնանք դեպի Մանկան տուն, թեև թագավորը, զորքն ու բռնությունը մեր ճանապարհին խոչընդոտներ են, չկասեցնենք սերը, որպեսզի դրանով մերժենք այն բոլոր դժվարությունները, որոնք մեր առջև են խոյացել: Նրանք էլ, եթե չտեսնեին Մանկանը, չէին կարող փրկվել թագավորի սպառնացող վտանգից: Նախքան Մանկանը տեսնելը նրանք ամեն կողմից արհավիրքի, խռովքի և վտանգների մեջ էին, իսկ հետո՝ երկրպագության, խաղաղության և անհոգության մեջ, և ոչ թե աստղը, այլ հրեշտակն էր նրանց առել իր հովանու տակ, որովհետև երկրպագությամբ քահանաներ դարձան և պատարագ մատուցեցին:
Դու էլ այսուհետև թողնելով հրեա ժողովրդին, քաղաքում հավաքվածներին, սպանող բռնավորին, աշխարհային ցնորական պաճուճանքները, շտապի՛ր դեպի Բեթղեհեմ, որտեղ հոգևոր ճաշկերույթն է: Եվ եթե հովիվ ես, և ցանկանում ես գալ այստեղ, կտեսնես Մանկանը՝ պատված խանձարուրով, իսկ եթե թագավոր ես և չես գալիս, ոչ մի օգուտ չես կարող ստանալ ծիրանի զգեստներիցդ: Եվ եթե մոգ ես, քո դեմ ոչ մի խոչընդոտ չկա, միայն թե գաս՝ պատվելու և երկրպագելու, և չարհամարհես Աստծու Որդուն, և խնդությամբ ու երկյուղով երկրպագություն մատուցես: Սակայն զգույշ եղիր, որ Հերովդեսի պես չասես, թե գնամ նրան երկրպագելու, սակայն գալով՝ ցանկանաս սպանել նրան, որովհետև նրան են նմանվում նրանք, ովքեր հաղորդվում եմ անարժան խորհուրդներով: Այդպիսիները դատապարտվելու են Տիրոջ կողմից, որովհետև բռնավորի նման են, որ նախանձեց Քրիստոսի թագավորությանը, և Հերովդեսից առավել անօրեն են, որովհետև նա ցանկանում էր տիրել և երկրպագողի կերպարանքով ուզում էր սպանել նրան:
Երկյուղենք, որպեսզի չլինի թե աղոթողի և երկրպագողի կերպարանք ունենանք, սակայն գործերով հակառակ արդյունք ցուցաբերենք: Երկրպագելուց առաջ թոթափենք մեզնից այն ամենը, ինչ հակառակ է նրան: Նրանք այդքան ճանապարհ կտրեցին եկան, որպեսզի տեսնեն Մանկանը, իսկ դու ի՞նչ պատասխան պիտի տաս, որ մի փողոց անգամ չես ցանկանում անցնել՝ հիվանդին և բանտարկյալին այցելության գնալու համար: Նրանք ոսկի նվիրեցին, իսկ դու անգամ մի նկանակ հաց չես ցանկանում տալ: Նրանք տեսան աստղը և ուրախացան, իսկ դու Քրիստոսին տեսնում ես օտար և մերկ, սակայն գթասրտություն չես ցուցաբերում: Ձեզանից ո՞վ է հանուն Քրիստոսի այդքան հեռու՝ օտար ճանապարհ գնացել, սակայն բազմաթիվ բարիքներ եք վայելում: Եվ ինչո՞ւ եմ այդքան ճանապարհ ասում, երբ ոմանք աշխարհային հոգսերով են տարված, իսկ մյուսներն էլ նախընտրում են թատրոն գնալ, քան գալ այստեղ, մինչդեռ հեթանոսները նրան տեսած չլինելով՝ այդքան ճանապարհ կտրեցին նրա համար, իսկ դու տեսնելուց հետո էլ նրանց պես նախանձախնդրություն չես ցուցաբերում, այլև թողնում ես նրան, և շտապում տեսնել հերթական խեղկատակին: Սակայն եթե մեկը քեզ խոստանար տանել արքունիք՝ տեսնելու թագավորին, մի՞թե դու կնախընտրեիր թատրոնը:
Հետևաբար, ցրենք չար սովորությունները և մաքրվենք, որպեսզի կարողանանք փրկվել և արժանանալ հանդերձյալ կյանքին՝ շնորհով և մարդասիրությամբ մեր Տեր Հիսուսի Քրիստոսի, Նրա հետ նաև Հորը և Սուրբ Հոգուն փառք, իշխանություն և պատիվ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն»: