Ավետման լույսը՝ բոլորիս տներում

Ավետման լույսը՝ բոլորիս տներում

Այսօր կմատուցվի Ճրագալույցի Սուրբ Պատարագ

 

Այսօր բոլոր եկեղեցիներում մատուցվելու է Ճրագալույցի Սուրբ Պատարագ։ 

 

«Քանզի մեզ համար մանուկ ծնվեց, մի որդի տրվեց մեզ» (Եսայի 9:6),- մարգարեացել էր Եսայի մարգարեն դեռ Քրիստոսի Ծնունդից առաջ։ Այո՛, Քրիստոս ոչ թե ծնվեց, այլ տրվեց մեզ։ Քանզի թեպետ և Նրա ծնունդը Սուրբ Կույսից նման էր մարդկային ծնունդին, սակայն Նա գոյություն ուներ ամեն բանից առաջ, ուստի՝ ոչ թե ծնվեց, այլ տրվեց մեզ։

 

Քրիստոսի ծնունդը լույս է՝ ավետիս։ Այսօր՝  Ճրագալույցի Սուրբ Պատարագի ընթացքում է եկեղեցին ավետում Բարի Լուրը՝ «Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ»։ 

 

Քրիստոսի ծննդյան այս բարի լուրի մասին առաջինն իմացան հովիվները, որոնց Տիրոջ հրեշտակը հորդորեց. «Մի՛ վախեցեք, որովհետև ահա ձեզ մեծ ուրախություն եմ ավետում, որը ամբողջ ժողովրդինը կլինի. որովհետև այսօր Դավթի քաղաքում ձեզ համար ծնվեց մի Փրկիչ, որ օծյալ Տերն է» (Ղուկաս 2:10-11): Եվ հովիվները առաջինը արժանի եղան խոնարհվելու Նրան: 

 

Քրիստոսի Ծնունդը ազդարարվել էր նաև Բեթղեհեմի երկնքում հայտնված աստղի միջոցով (այսօր երեկոյան եկեղեցուց բերված ճրագները, բացի աստվածային լույսից ու օրհնությունից, խորհրդանշում են նաև այս աստղը): Երբ Հիսուս ծնվեց, տեսնելով աստղը՝ արևելքից մոգեր եկան Երուսաղեմ, որպեսզի երկրպագեն նրան: Նրանք իրենց հետ նվերներ էին բերել՝ ոսկի, կնդրուկ և զմուռս: Ոսկին նվիրեցին իբրև ինքնակալ և հաղթող թագավորի խորհրդանշան, կնդրուկը՝ իբրև մարդասեր ու երկնային Աստծո, իսկ զմուռսը՝ իբրև մեզ համար ինքնակամ զոհաբերվողի: Ուստի՝ Փրկչին խոնարհվեցին մարդկային իմաստությունը՝ հանձին մոգերի, անմեղությունն ու պարզությունը՝ հանձին հովիվների:

 

Քրիստոսի Սուրբ Ծնունդը մի լույս է, որ փոխում է ընթացքը։ Այն հույս է արթնացնում փրկության։Եվ քանի որ Նա տրվեց մեզ, և Իր կյանքը տվեց՝ հանուն մեր փրկության, մենք էլ պետք է Տիրոջը նվիրաբերենք մեր կյանքը՝ ամենակարևորը, որ մենք ունենք։ Այսօր իրար ավետելով բարի լուրը՝ ևս մեկ անգամ արժևորենք մեզ տրված այս հնարավորությունը, ևս մեկ անգամ հիշենք փրկությունը։ 

 

Թող ավետման լույսը, աստվածային օրհնությունն ու լույսը հայտնվի բոլորիս տներում՝ վառված ճրագների տեսքով։ Եվ թող որ արժանի լինենք միմյանց փոխանցելու ավետիսը՝ «Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ»։

  • 2022-04-13
×