«Փառք Աստծուն՝ բարձունքներում և երկրի վրա խաղաղություն և հաճություն՝ մարդկանց մեջ» (Ղուկ. 2:14)
Տարիների շրջապտույտն ամեն անգամ մեզ նոր դասեր է տալիս։ Որպես քրիստոնյաներ, սակայն, հատկապես նշանավորում ենք մի քանի իրադարձություններ, որոնք կրկին իրենց շրջապտույտով մեզ շարունակ հնարավորություններ են տալիս։ Հնարավորություն նորի, բարին գործելու, հնարավորություն մաքրագործվելու, մեղքերը խոստովանելու ու թողություն ստանալու, հնարավորություն դեպի Աստված տանող ուղին գտնելու։
Այդ օրերից է նաև Սուրբ Ծնունդը, որ քրիստոնյաներիս համար սկսվում է Փրկչի Ծննդյան ավետիսով, որ փոխանցում ենք իրար և տոնախմբում մեր հոգիներում։ Ահա, մոտենում է նաև այդ տոնը։ Պատրա՞ստ ենք այս տոնին, բա՞ց ենք աստվածային լույսի առաջ, մաքրվե՞լ ենք մեղքերից։
Քանի՞սս է Սուրբ Ծնունդի այս նախաշեմին գեթ մեկ պահ թողել ամանորյա վազվզոցն ու նայել դեպի ներս, քանի՞սս է խոսել Տիրոջ հետ այս օրերին։ Ամանորյա այս վազվզոցը, որ որոշ դեպքերում հասնում է մինչև անգամ մեղքի՝ որկրամոլության, մեզ կլանում է իր մեջ, ինչպես ցանկացած չարիք։ Մենք, այո, տեսնում ենք նորի գալուստը, սակայն քիչ դեպքերում է, որ հիշում ենք սպասվող Սուրբ Ծնունդն, ու մեր հոգիները պատրաստում դրան։
Եկեք մի քանի քայլեր կատարենք՝ Սուրբ Ծնունդին պատրաստվելու համար։
Ի՞նչ ենք անում, երբ մոտենում է մեր ծննդյան տոնը։ Այո, պատրաստվում ենք օրեր, անգամ շաբաթներ ու ամիսներ առաջ։ Սակայն մեր Փրկչի ծննդյան տոնին առհասարակ չենք էլ պատրաստվում, այլ շատ հաճախ հիշում ենք դրա մասին միայն մի քանի ժամով, մինչդեռ պիտի ողջ այս շրջանում հիշեինք այդ մասին։
Քրիստոսի Ծննդյանը պատրաստվելու համար երբեք ու երբեք ուշ չէ։ Քրիստոսի ծննդյանը պատրաստվում ենք նախ պահքով։ Այսօր էլ Սուրբ Ծննդյան շաբաթապահքի վերջին օրն է։ Ինչպես ասում է Հովհաննես Երզնկացին․ «Առաջին պատվիրանը պահքն է, որ Աստված տվեց Ադամին՝ ասելով. «Բոլոր պտուղներից կեր»: Սա ուտիքի համար էր: «Բայց միայն մեկ պտղից մի՛ կեր» (Ծննդոց Բ 16-17), սա էլ պահքի համար էր: Ադամը, քանի որ պահեցողություն չարեց, զրկվեց դրախտից և չարչարանքների այս աշխարհը ժառանգեց: Ուստի, եթե մենք սրբությամբ պահք պահենք, կվերադառնանք դրախտ՝ մեր հայրենի տունը»։
«Մեր հայրենի տուն» վերադարձի, ադամական մեղքից մաքրագործման համար էլ հենց լույս աշխարհ եկավ Քրիստոս։ «Աստված մարդացավ, որպեսզի մարդ աստվածանա», ինչպես նկատում է Սուրբ Աթանաս Մեծը։
Արժանի՛ դառնանք Քրիստոսի զոհաբերմանը, որ սկսվում է Նրա մարդեղությամբ՝ Սուրբ Կույսից։ Եվ անգամ ամանորյա այս խրախճանքների մեջ ժամանակ գտնենք՝ աղոթքի կանգնելու ու շնորհակալ լինելու ինչպես այս պարգևի՝ նորը դիմավորելու մեզ տրված հնարավորության, այնպես էլ մյուս բոլոր պարգևների համար, որ տվել է մեզ Երկնավոր Հայրը։
Եվ թող որ տոնը լինի մեր հոգում․ «Փառք Աստծուն՝ բարձունքներում և երկրի վրա խաղաղություն և հաճություն՝ մարդկանց մեջ» (Ղուկ. 2:14):