«Հոգին է կենդանարար. մարմինը ոչ մի բան չի կարող անել» (Հովհաննես 6:64)
Ի՞նչն է մեզ մարդ դարձնում։ Արդյո՞ք մեր մարմինը։ Կասենք՝ այո, չէ՞ որ առանց մարմնի չենք կարող արտահայտել մեր զգացմունքները, չենք կարողանա խոսել՝ կենդանություն տալով մեր մտքերին։ Չէ՞ որ առանց մարմնի հասկացված չենք լինի։
Սխալ չենք, անշուշտ, այս պատասխաններում, սակայն եթե փոխե՞նք հարցի ձևը և մոտենանք հակառա՞կ կողմից։ Եթե փոխենք հարցը, գուցե հասկանանք մեր ասածների իմաստը։ Եկեք այժմ էլ այդպես փորձենք պատասխանել։ Հարցը հետևյալն է՝ ի՞նչ է մարմինն առանց հոգու։
Այս պարագայում արդեն հասկանում ենք, որ մեր հոգին է, որ կենդանություն է տալիս մարմնին, և ոչ թե միայն մարմինն է կարևոր, այլ կարևոր է, որ մարմնում հոգի լինի՝ կենդանացնելով այն։
Առանց հոգու, այո, մարմինը մեռած է։
Երբ վատ ինքնազգացողություն ենք ունենում, շտապում ենք բժշկի, տրամադրում մեր ունեցած ողջ միջոցները՝ միայն թե մի բան չպատահի մեզ, միայն առողջ լինի մեր մարմինը։ Իսկ ի՞նչ ենք մենք՝ մարդիկս անում, երբ զգում ենք, որ մեր հոգին է հիվանդանում։ Այո՛, երբեմն լինում է այնպես, որ ուշադրության ենք արժանացնում նաև այդ փաստը, սակայն հիմնական դեպքերում անտեսում ենք՝ հույսներս դնելով Աստծո վրա։ Չէ՞ որ Նա մեզ սիրում է, չէ՞ որ Նա կբուժի։
Իհարկե, Աստված տալիս է այն, ինչ մեզ իրականում պետք է, և հաճախ է մեզ օգնում բժշկվել հոգու արատներից, սակայն արդյոք այդքանո՞վ պիտի դրսևորվի մեր հավատը։ Արդյոք արդա՞ր է մեր այս մոտեցումը, որ անտեսենք ու հույսներս դնենք Աստծո գթասրտության վրա միայն, և չաղոթենք անգամ՝ խնդրելով բժշկել մեր հոգին։ Ի՞նչ է մեզնից պահանջվում՝ զղջումից ու աղոթքից բացի։
Մտածե՛նք այս հարցերի շուրջ։ Հաճախ նյութապես ավելի թանկ է մարմնի բուժումը, սակայն հոգու բժշկությունը, որը կախված չէ ոչ մի նյութական արժեքից, ավելի քիչ է ուշադրության արժանանում մեր կողմից։ Չանտեսե՛նք մեր ոչ մի տեսակի ցավը՝ թե՛ մարմնի, և թե՛ առավել ևս հոգու, քանի որ «Հոգինէկենդանարար. մարմինըոչմիբանչիկարողանել» (Հովհաննես 6:64)։