Ինչո՞ւ չենք մկրտվում

Ինչո՞ւ չենք մկրտվում

Սուրբ Թեոդոս թագավորի և Եփեսոսի մանկանց հիշատակության օրն է

 

Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Թեոդոս թագավորի, ինչպես նաև Եփեսոսի մանկանց հիշատակության օրը։

 

Սուրբ Թեոդոսի դերը անչափ մեծ է քրիստոնեական հավատքի պահպանման ու տարածման գործում, նրա անձնազոհությունը մեծ դեր է խաղացել իր ժամանակներում։ Իր խոնարհությամբ Սուրբ Թեոդոսը նմանը չուներ, իսկ բարի գործերն այնքան մեծ էին, որ դրանց մասին խոսվում է մինչ այսօր։

 

Հայ Եկեղեցում նույն օրը նշվում է նաև Եփեսոսի 7 մանկանց հիշատակությունը: Եփեսոսի ազնվական 7 երիտասարդների կյանքում մի դրվագ հատկապես արժանի է ուշադրության։ Նրանք գաղտնի մկրտվում են՝ ընդունելով քրիստոնեական հավատը, ինչի համար հալածվում են Դեկոս կայսրի կողմից և թաքնվում մոտակա լեռան (Ողքոս) այրում: Այստեղ աստվածառաք քնով ննջում են նրանք 140 տարի և արթնանում միայն 389 թվականին՝ Թեոդոս բարեպաշտ կայսեր օրոք: 

 

Երբ բացահայտվում է աստվածային հրաշքը, թագավորն ու համաքաղաքացիներն ամենամեծ պատիվներով դիմավորում են հալածված քրիստոնյաներին: Վերադառնալով իրենց քարայրը՝ 7 երիտասարդները կրկին ննջում են, այս անգամ` հավերժական քնով: Նրանց թաղում են նույն քարայրում, որի վրա հետագայում կառուցվում է մի եկեղեցի:

 

Այս պատմությունը ուսանելի է բոլոր քրիստոնյաների և հատկապես նրանց համար, ովքեր մկրտված չեն։ 

 

Ի՞նչ է Սուրբ Մկրտությունը։ Այն մեր ճանապարհի սկիզբն է դեպի Աստված։ «Հավատք, հույս, սեր և մկրտություն»,- հենց այս բառերով է սկսվում մեր ճանապարհը, մեր ծնունդը՝ որպես քրիստոնյաներ:

 

Երբեմն ասում ենք, որ քրիստոնյա ենք անգամ առանց մկրտվելու, սակայն չմոռանանք, որ Մկրտության խորհուրդը հաստատել է հենց Քրիստոս։ Եթե այն այդքան անկարևոր չլիներ, ինչո՞ւ Փրկիչը պետք է ուշադրություն դարձներ դրան՝ Ինքն էլ Մկրտվելով։

 

Ուրեմն՝ եթե դեռ չենք մկրտվել, անպայման մկրտվենք՝ դառնալով իրական քրիստոնյաներ։ Հետևենք 7 մանուկներին, ովքեր, անգամ հալածանքների ենթարկվելով, գաղտնի կատարեցին Մկրտության խորհուրդը, քանի որ Քրիստոս ասել էր․ «Ով հավատա և մկրտվի, պիտի փրկվի, և ով չհավատա, պիտի դատապարտվի» (Մարկ. 13։16):

  • 2022-04-13
×