«Շողակն Արարատյան» թերթի սիրելի՜ ընթերցողներ մեր զրուցակիցը Երևանի Սբ. Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Բարդուղիմեոս քահանա Հակոբյանն է։ Նա 2020-ի նոյեմբերից առ այսօր իր ֆեյսբուքյան էջով ամեն երեկո կազմակերպում է միասնական աղոթք՝ անհայտ կորածների ու գերեվարվածների համար, իսկ 2021-ի ապրիլից յուրաքանչյուր շաբաթ օր նրանց հարազատներին տանում է ուխտագնացությունների։ Արդյունքում ապրիլի տասից մինչ այժմ կազմակերպվել են երեսունից ավելի ուխտագնացություն, որոնցից գրեթե բոլորի ժամանակ մատուցվել է Սուրբ Պատարագ։ Մեր զրույցը հենց այս դժվարին, բայց շատ կարևոր նախաձեռնության մասին է։
Տեր Բարդուղիմեոսն ասում է, որ ամենօրյա ընդհանրական աղոթքներն օգնել են ծնողներին համախմբվել օնլայն հարթակում՝ երկխոսության մեջ մտնելով Աստծո հետ, իսկ միմյանց հետ դառնալով միասիրտ և միահոգի։ Ինչպես նշել է ծնողներից մեկը՝ դա նրանց մութ օրվա միակ լուսավոր ժամն է։
Սկզբում տեր Բարդուղիմեոսը շփվել է միայն Նուբարաշեն համայնքի անհայտ կորածների ընտանիքների հետ։ Հետագայում ծնվել է ուխտագնացություն կազմակերպելու մտահղացումն ավելի մեծ թվով ծնողների համար։ Հանդիպումը վախեցնում էր, որովհետև անհանգստացնում էր այն միտքը, թե սփոփումի ինչ խոսքեր պետք է ասեր նրանց։ Դեպի Հառիճավանք կատարած առաջին ուխտին մասնակցում են մոտ ութսուն ծնող։ Հետագայում նրանց միանում են ընտանիքներ ամենատարբեր մարզերից։
Երբ զրուցում ենք ծնողների հոգեբանական վիճակից, տեր հայրը նշում է, որ, ցավոք, նրանց խնդիրը մեծամասամբ չի փոխվել, բայց փոխվել է հոգեվիճակը։ Տեր Բարդուղիմեոսը հիշում է՝ առաջին անգամ, երբ հանդիպեց մեկը մեկից վատ վիճակում գտնվող ծնողներին, մի պահ վախեցավ այդ տեսարանից, բայց այսօր նրանց դեմքին գոնե ժպիտ է հայտնվել, փոխվել է մտածելակերպը, մի տեսակ խաղաղվել են, որովհետև գտել են դժվարությունը հաղթահարելու և ճիշտ սպասել կարողանալու միջոցը՝ զորանալով իրենց հավատքի մեջ։ «Սովորաբար մարդը նեղության մեջ է փնտրում Աստծուն։ Եվ եթե սխալ ձևով է փնտրում, այդ ժամանակ խռովում և հեռանում է Նրանից։ Հանդիպելով ծնողներին՝ նախ փոխեցի նրանց պատկերացումներն անհայտ կորած կամ գերեվարված զինվորի կերպարի մասին, որովհետև գերեվարվածի դեպքում մենք գործ ունենք խեղճության, իսկ անհայտ կորածի դեպքում՝ անորոշության հետ։ Ես փորձեցի, հենվելով Սուրբ Գրքի վրա, Աստծո խոսքը հասցնել նրանց։ Հենց առաջին ուխտագնացության ժամանակ ներկայացրել եմ Հակոբի որդի Հովսեփի կերպարը, որն իր եղբայրների կողմից մատնվել էր գերության, բայց դարձավ իր ընտանիքի փրկությունը։ Հովսեփի միջոցով ես բացատրեցի, որ, այո, հանգամանքների բերումով նրանց զավակները գերության մեջ են, անհայտ կորած են, բայց, ի վերջո, նաև սրա մեջ կա խորհուրդ․ դա պիտի դառնա Աստծուն մոտենալու իրենց միջոցը, որովհետև այս կյանքում ամենակարևորն Աստծուն գտնելն է։ Եթե գտան Նրան, կխաղաղվեն ու ժամանակի ընթացքում ավելի հեշտ կկարողանան լուծել իրենց առջև ծառացած խնդիրները,- բացատրում է տեր Բարդուղիմեոսն ու հավելում,- ուխտագնացությունների ժամանակ միասնական աղոթքին զուգահեռ կարևորում եմ նաև միջավայրային փոփոխությունը։ Այս ծնողները վերջապես դուրս եկան մեկուսացած վիճակներից, երբ միայնակ էին իրենց դժվարությունների մեջ և առանձնացած էին շրջապատից։ Նրանք սկսեցին շփվել նույն խնդիրն ունեցող մարդկանց հետ, որոնք լիարժեք հասկանում էին իրենց։ Հոգևոր սնունդ ստանալուն զուգահեռ հաստատվեցին մարդկային խիստ անհրաժեշտ հարաբերություններ։
Դրա համար ամեն ինչ պետք է անեմ, որ ուխտագնացությունները շարունակական լինեն։ Օրեցօր ավելի խոցելի դարձող այս մարդիկ առավել քան կարիք ունեն հոգևոր պաշտպանվածության, Աստծուն մոտ լինելու»։
Զրուցակիցս շեշտադրեց՝ այս ամենն իր համար մարդկայնորեն շատ ծանր է, բայց որպես Աստծո սպասավոր, ավելի է զորացել․ «Տերն է մեզ առաջնորդում, մենք Նրա կամքն ենք կատարում։ Աստված մեզ օգտագործում է՝ Իր շնորհները, փառքը և ողորմությունը տարածելու համար։ Ամիսներ առաջ, երբ որպես մարդ էի մոտենում այս ծնողների խնդիրներին, մի քանի օր չէի կարողանում սթրեսային վիճակներից դուրս գալ, հետո, երբ արդեն հենվում էի միայն Աստվածաշնչի վրա, ճիշտ է, շատ հոգնած, բայց զորացած էի վերադառնում նրանց հետ հանդիպումներից՝ զգալով Աստծո ուժն ու ներգործությունն իմ մեջ։ Եթե մենք զբաղվում ենք աստվածահաճո գործով, Տերն Ինքն է տնօրինում մեր անելիքն ու խոսելիքը։
Երբ միասին աղոթք ենք անում, ես շեշտադրում եմ՝ մենք աղոթում ենք հաստատված գերության մեջ գտնվողների համար, որ վերադառնան, և անհայտ կորածների համար․ եթե գերության մեջ են, հաստատվեն ու վերադառնան, և եթե նահատակվել են, հաստատվի, և մենք հերոսի փառքով հանձնենք նրանց մայր հողին։ Իմ նպատակն է, որ մարդը հանկարծ չկարծի՝ եթե մեզ հետ եկավ աղոթք անելու, ապա իր որդին անպայման վերադառնալու է։ Շատ դժվար է նայել ծնողի աչքերի մեջ և ասել այս ամենը։ Սա մեր ամենացավոտ և ուշադրության արժանի հարցերից է՝ պատրաստել մարդկանց ամեն ինչի, որ նրանք սին հույսերով չլցվեն և զավակի աճյունը հայտնվելու դեպքում պատրաստ լինեն ընդունելու այն։
Ցավով պիտի փաստեմ, որ նման դեպքեր էլ ենք ունենում։ Բայց հրաժեշտի արարողություններին մասնակցելիս ես տեսնում եմ՝ իմ բոլոր չարչարանքներն ու աղոթքներն իրենց ազդեցությունն են թողել այդ մարդկանց կյանքում, որովհետև ծնողներին գտնում եմ խաղաղված ու հաշտված Աստծո հետ»։
Տեր Բարդուղիմեոսը բարձրաձայնեց, որ այս ամենով հանդերձ ծնողներն իրենք էլ իրեն շատ մեծ ուժ, իմաստություն և փորձառություն են տալիս։
Նա պատմեց, որ այս ուխտագնացությունների ժամանակ, երբ աշխատել է ընտրել այնպիսի սրբավայրեր, որոնք դժվարամատչելի են, մարդկանցից հեռու, ցավով հասկացել է, որ մեր ժողովուրդը հիմնականում ծանոթ չէ իր երկրին․ «Ուստի կարևորել եմ այն միտքը, որ մարդիկ, տեսնելով այդ բոլոր սրբությունները, մեր ունեցած մշակութային գանձերը, անուղղակի կերպով գիտակցեն, թե հանուն ինչի են կռվել իրենց զավակները»։
Զրուցակիցս ասաց, որ ամենազորավոր ուխտագնացություններից մեկը եղել է Ծաղկեվանք կատարած ուխտը, երբ Երևան գալուց հետո լսել են տասնհինգ գերիների վերադարձի մասին, որոնցից չորսի ծնողներն այդ օրը հենց մասնակցել են ուխտին․ «Ամեն ուխտագնացություն էլ իր մեջ զորություն ունի, բայց դա պիտի ոչ թե միտված լինի հրաշքի սպասմանը, այլ այս մարդկանց հոգեպես զորանալուն՝ անորոշությանը դիմանալու և պայքարը շարունակելու համար»։
Որպես ամփոփում՝ տեր Բարդուղիմեոսը նշեց․ «Այս ընտանիքները լուրջ ուշադրության կարիք ունեն, ու մենք բոլորս պիտի նրանց կողքին լինենք և օգնենք հաղթահարել այդ մեծ դժվարությունը, որովհետև, ի վերջո, նրանց զավակները մեր բոլորի համար են հայտնվել նման իրավիճակներում։
Պետք է համբերությամբ զինվենք և կարողանանք զինել այս մարդկանց։ Առաջնորդվենք ոչ թե զգացմունքայնությամբ, այլ իմաստությամբ, Աստծո սիրով ու պատգամներով»։
Արփի ԽԱՉԱՏՐՅԱՆ