Քրիստոսի Աստվածության միակ վկան

Քրիստոսի Աստվածության միակ վկան

Հունվարի 15-ին Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին տոնում է Սուրբ Հովհաննես Մկրտչի ծնունդը: Ս. Հովհաննես Մկրտիչը եկավ Քրիստոսի մասին վկայելու: Հաշվի առնելով Քրիստոսի նախակարապետը լինելու հանգամանքը` նրան անվանել են նաև Ս. Հովհաննես Կարապետ, որը նշանակում է առջևից գնացող:

 

Ս. Հովհաննեսի գործունեության կիզակետը Հիսուսին մկրտելը և Նրան իբրև խոստացված Մեսիա հայտարարելն էր: Երբ տեսավ, որ Հիսուսը, նույնպես, բոլորի նման բազմությանը խառնված գալիս էր մկրտության, իր մարգարեական հոգով ճանաչեց Նրան և ցանկացավ արգելել ասելով. «Ի՛նձ պետք է, որ քեզնից մկրտվեմ, և Դու ինձ մոտ ես գալի՞ս» (Մտթ. 3:14): 

 

Ս. Հովհաննեսի ու Հիսուսի միջև հաստատվում են շատ սերտ հարաբերություններ։ Երկուսն էլ քարոզում են ապաշխարության անհրաժեշտությունը և Աստծո Արքայության գալուստը: 

 

Ս. Հովհաննես Մկրտիչը Հին Կտակարանի վերջավորությանը և Նոր Կտակարանի սկզբնավորությանը ներկայանում է որպես եզակի ու արտասովոր կերպար, մոտակա դատաստանի հստակ գիտակցությամբ, բայց միևնույն ժամանակ չդադարեց քարոզել մարդկության հոգևոր դարձը: 

 

Հովհաննեսը, անապատից գալով՝ մաքրեց Իսրայելի ժողովրդին, որպեսզի նրանց արժանի դարձներ ընդառաջ գնալու Աստծո Որդուն, որը գալիս էր՝ Իր վրա վերցնելու աշխահի մեղքը։

 

Հովհաննեսն ինքն իրենով մարմնավորու՛մն է շնորհների։ Հովհաննեսը հնազանդությու՛նն է։ Հովհաննեսը ճշմարիտ լույսի ճրա՛գն է։ Հովհաննեսն արուսյա՛կն է արդարության  Արեգակի։ Հովհաննեսը քաղցրաձայն տատրա՛կն է:Հովհաննեսը Իսրայելից ելած մի մարտիրոս էր։ Հովհաննեսն ինքը՝ քահանա, ու որդի՛ էր քահանայի։ Հովհաննեսն Ահարոնի սերնդից էր։ Հովհաննեսը մարգարե և մարգարեի որդի՛ էր՝ Մովսեսի ցեղից։ Եվ եթե կամենում ես նրա փառքի ճշմարիտ աստիճանն իմանալ, գնա՛ դեպի Ամովսածին աստվածաբան Եսայու ակնամաքուր կայծի շողարձակումն ու տե՛ս, թե նա ի՞նչ է ասում Հովհաննեսի մասին։ Եսային նրա մասին ասում է․«Անապատում կանչող ձա՛յնն է նա»՝ ձայնը որևէ մեկին անծանոթ աստվածային էության»։

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2022-04-12
×