Ինչու՞ ենք սիրում մեղքը

Ինչու՞ ենք սիրում մեղքը

Հաճախ եմ  նայում շուրջս, մարդկանց, ինքս ինձ ու մտածում՝ մարդը որքան հեռու է կատարյալ լինելուց։ Այս փաստը ընդունելուց հետո մտածում եմ, բայց գոնե կարող էինք չէ՞ ինքներս մեր վրա աշխատել, սխալների վրա դասեր քաղել ու հետո չբողոքել սխալներ թույլ տալուց։ Կարող ենք, բայց երբեմն ընտրում ենք հեշտ ճանապարհը։ Սխալներով ապրել, մեզ շարունակ զոհի տեղ դնել ու հետո վազել Աստծո տուն՝ մի ներողություն խնդրել ու նորից նույն կերպ շարունակել։ Մեր այս բնավորության ու էության պատճառով էլ շարունակ պատժվում ենք, բայց էլի նույն կերպ շարունակում․

 

Մեկ մեղքի պատճառով Ադամն ու Եվան վտարվեցին դրախտից։ Նոյի օրերում Աստված ջրհեղեղով կործանեց երկիրը մեղքի պատճառով։ Նա կրակով այրեց Սոդոմ և Գոմոր քաղաքներն այնտեղ տիրող գարշելի պղծության պատճառով։ Մեղքի պատճառով իսրայելացիները քառասուն տարի դեգերեցին անապատում։

 

Աստված ատում է մեղքը։ Այնինչ մենք կարծես  սիրում ենք մեղքը և շարունակում ենք գործել։ Հավանաբար Ադամի և Եվայի պես կարծում ենք, թե կարող ենք ճանաչել չարը և հաղթել նրան։

 

Մեղքը չի ստիպում Աստծուն ատել մեզ։ Բայց այն տխրեցնում է Նրան։ «Եվ մի՛ տրտմեցրեք Աստծո Սուրբ Հոգին, որով կնքվեցիք փրկության օրվա համար» (Եփեսացիներին 4.30)։ 

 

Մեղքը մեզ հեռացնում է Աստծուց, և մենք չենք կարողանում կատարել Նրա կամքը։ Այն կարծես անզգայացնում է մեզ, թույլ չտալով՝ մտածել և գործել Քրիստոսի նման։

 

Սաղմոս 32.3-5 խոսքերում կարդում ենք. «Երբ որ ես լուռ մնացի, ոսկորներս մաշվեցին՝ իմ ամեն օր հառաչելով։ Որովհետև ցերեկ և գիշեր քո ձեռքը ծանրանում էր ինձ վրա։ Իմ թացությունը ամառվա չորություն դարձավ։ Ես մեղքս հայտնեցի քեզ և անօրենությունս չծածկեցի։ Ասացի թե. «Անօրենությունս խոստովանեմ Տիրոջը, և Դու թողեցիր իմ մեղքի անօրենությունը»։

 

Սա է մեղքին ճիշտ արձագանքելու եղանակը։ Սաղմոսերգուն չժխտեց, որ մեղանչել է։ Բայց նա չապրեց այդ մեղքով։ Նա պարզապես խոստովանեց այն։

 
  • 2022-04-13
×