«Արդ, սիրենք Աստծուն՝ ի դեմս Հիսուս Քրիստոսի, որովհետև Նա մեզ համար փրկության առիթ հանդիսացավ, այլ ոչ թե օրենքը: Տեսնո՞ւմ ես, Քրիստոսը մեզ ինչպիսի բարության պատճառ եղավ, և ի՞նչ էր ասում օրենքը: Քրիստոսով առավել եղավ շնորհը և օրենքի չարչարանքներից ազատելով՝ որդեգրության արժանացրեց: Եվ ուրեմն, մեզ ոչ միայն հավատք է պետք, այլև սեր, քանի որ շատերն են հավատում Քրիստոսի աստվածությանը, սակայն սեր չունեն, քանզի չեն ցուցաբերում սիրո գործեր: Գոնե այնպես սիրենք Քրիստոսին, ինչպես որ սիրում են մտերիմ բարեկամին: Իսկ մենք այսքան բարիքներ վայելելուց, այսքան երախտիքների արժանանալուց հետո նույնիսկ այդպես չենք սիրում Նրան:
Կասեք՝ ինչպես է լինում, որ բարեկամի պես էլ չենք սիրում Աստծուն: Ես կպատասխանեմ. մտերիմ բարեկամների համար բազում ծախսեր ենք անում՝ մեզ մեծ վնասներ պատճառելով, իսկ Քրիստոսի համար ոչինչ չենք ցանկանում անել: Բարեկամների համար բազում անգամներ անարգվում և թշնամիներ ենք ձեռք բերում, իսկ Քրիստոսի համար չենք ցանկանում ոչ ոքի հետ թշնամանալ: Բարեկամի քաղցած վիճակը չենք կարողանում անտեսել, իսկ Քրիստոսին մշտապես տեսնում ենք ի դեմս մուրացկանների, սակայն նույնիսկ մի պատառ հաց չենք ցանկանում տալ: Բարեկամին օտար երկիր ճանապարհելուց լացում և վշտանում ենք, սակայն երբ Քրիստոսն է մշտապես հեռանում մեզնից, ցավ չենք զգում և չենք համարում, որ հանցանք ենք գործում, որով էլ հալածում ենք Նրան, այլև անիրավանում ենք, տրտմեցնում, զայրացնում, և հակառակվում Նրան: Սակայն առավել սոսկալին այն է, որ ոչ միայն նրա հետ չենք բարեկամանում, այլ հակառակը՝ թշնամու հետ ենք մտերմանում՝ մարմնավոր խորհուրդներին տեղիք տալով, քանի որ ասվում է, թե մարդկային խորհուրդները թշնամություն են Աստծու հանդեպ: Եվ նման վարմունքով մենք երես ենք թեքում Նրանից: Նա մշտապես մեզ մոտ է գալիս, սակայն հալածվում է, և երբ հալածված սպասում է դրսում, մենք դուրս գալով, այնտեղից էլ ենք Նրան հալածում: Եվ այս ամենը մեր չար գործերի պատճառով է լինում, և անընդհատ թշնամանում ենք Նրա հանդեպ ագահությամբ և հափշտակությամբ:
Փառավորում է Տիրոջը միայն նա, ով ընտիր է գտնվում, Աստծու խոսքն է խոսում, եկեղեցի է կառուցում, բայց մենք նախանձում ենք նրան, որ Աստծու գործերն է կատարում: Եվ չենք ցանկանում ընդունել, որ մեզանով էլ կարող էր բարի գործեր կատարվել:
Եթե քո մասին չարախոսում են, դու սիրիր նրանց: Կասե՞ս, թե ինչպես է դա հնարավոր: Հնարավոր է, եթե ցանկանաս, որովհետև եթե քեզ բարիք անողներին սիրես, ո՞րն է քո շնորհը, քանի որ ոչ թե հանուն Քրիստոսի, այլ նրանց բարեգործության համար ես սիրում: Արդյո՞ք քեզ վնաս է պատճառել, որ սիրում ես նրան, դու քո երախտավորի հանդեպ ես միայն բարիք գործում: Իսկ Տերը պատվիրում է թշնամիներին սիրել, բայց մենք հալածում ենք նույնիսկ մեր թշնամիներին սիրողներին: Երբ հեռանանք վնասակար գործերից, որոնք խաթարում են մեր փրկությունը, նոր կհասնենք այնպիսի բարիքների, որոնք միայն բարեկամները պիտի վայելեն: Քանի որ. «Ուր ես եմ, այնտեղ կլինեն և իմ ծառաները» (Հովհաննես 12:26), որպեսզի տեսնեն փառքը, որին մենք բոլորս էլ արժանանանք մեր Տեր ու Փրկիչ Հիսուսի Քրիստոսի շնորհով ու մարդասիրությամբ, որին վայել է փառք հավիտյանս հավիտենից. ամեն»:
Գրաբարից փոխադրեց Գայանե ԹԵՐԶՅԱՆԸ