Ինչու՞ է կարևոր ներել իմանալը

Ինչու՞ է կարևոր ներել իմանալը

Կյանքում շատ կարևոր է սովորել ներել և ներողություն խնդրել։ Երբ սխալ ենք գործում պետք է գիտակցենք, որ հաջորդ պահին պետք է զղջանք կատարածի համար և ներում հայցենք Տիրոջից։ Այսինքն, առաջին հերթին պետք է մեղքն ընդունենք, որպեսզի հետագայում նաև զղջանք։ 

 

Բոլորս էլ մեր կյանքում սխալներ թույլ ենք տալիս ու հետո դիմացինից ներողություն խնդրում: Շատերիս մոտ այն դժվար գործընթաց է եղել, քանզի առերեսում ենք ունեցել սեփական անձի հետ։ Մինչև այդ պահը գուցե  մեզ իրավացի ենք համարել, սակայն հետո տեսել ենք, որ  շուրջը այլ բան է կատարվում․ ընկերները, բարեկամները, ու առհասարակ,  շրջապատը մեզ չեն արդարացնում: Մի խոսքով, գլխի ենք ընկնում, որ տեղի է ունեցել սխալ ու մեղավորը ինքներս ենք։ Այդ պահից սկսած՝ փորձում ենք  վերլուծել կատարվածը, ու գտնել հարմար առիթ ներում հայցելու համար։   

 

Այնուամենայնիվ, մինչև այժմ էլ, ոմանք գտնում են, որ ներողություն ասելը թուլության նշան է և պետք է ամեն բան անել՝ խուսափելու համար այդ բառից։

 

Իրականում, միմյանց ներելը ու ներսում չարություն չկուտակելը՝ լավագույն զգացողությունն է։ Աստված մեզ միշտ ներում է, գուցե սա լավ առիթ է՝ մտածելու ու հասկանալու, որ ներումը  մի նոր հնարավորություն է, կյանքի հետագա ընթացքը փոխելու, և ամեն բան նոր էջից սկսելու համար։  Տիրոջ կամքն է, որ իր զավակները հետ կանգնեն սխալ ճանապարհից,  ուստի նրանց ներում շնորհելով՝ Աստված ցույց է տալիս Իր սերն ու հոգատարությունը։ Ու այս ամենի մեջ, կարևոր է սովորել զղջալ ու ապաշխարել։ Սա ճանապարհ է, որով պիտի անցնել ու արժանանալ այն ներմանը, որին սպասում ենք։ 

 

Աստվածաշունչն ասում է, որ Աստված պատրաստ է ներելու, և նա ներում է մեծահոգաբար։ Երբ նա ներում է, ներում է վերջնականապես, քանի որ նա ասում է. «Նրանց մեղքն այլևս չեմ հիշի» (Երեմիա 31:34): Ուստի, երբ գալիս է պահը ներելու կամ ներում հայցելու փորձենք դա անել մաքուր սրտով ու դիմացինին հավատալով։

  • 2022-04-13
×