«Պիտի սիրես քո ընկերոջը, ինչպես քո անձը» (Մատթ․ 22։39)
Աստվածաշնչում տեղ գտած պատգամներից ու մտքերից այս մեկն էլ է մտնում ամենակարևորների շարքում։ «Պիտի սիրես քո ընկերոջը, ինչպես քո անձը» (Մատթ․ 22։39)։ Սակայն մենք՝ որպես անկատար մարդիկ, արդյոք լիովի՞ն ենք ըմբռնում այս մտքի իմաստը, թե՞ մասամբ։
Մենք, իհարկե, հասկանում ենք այն փաստը, թե «պիտի սիրենք մեր ընկերոջը»։ Սակայն բարդ է ոչ թե հասկանալ, այլ կիրառել հատկապես երկրորդ հատվածը՝ «ինչպես քո անձը»։ Եվ հենց այստեղից էլ ծագում է հարցը՝ ինչպե՞ս սիրեմ իմ անձի պես։
Մարդ ստեղծված է Աստծո պատկերով ու նմանությամբ, և խնդիրը այստեղ հոգով էլ Աստծուն նմանվելու, դեպի Տերը ձգտելու մեջ է։ Այս պատվիրանի կատարումը մեկ քայլով մոտեցնում է մեզ դեպի Տերը։ Ինչո՞ւ։ Քանի որ Տերը շնորհներ տվեց մեզ և պատասխան չակնկալեց, ներեց մեզ, թեպետ աններելին էինք գործել։ Նա իր Միածին Որդու կյանքն անգամ չխնայեց՝ հանուն մեր փրկության։
Այս պատվիրանի կատարման լավագույն օրինակը ցույց տվեց հենց Միածին Որդին։ Ընկերոջը, մերձավորին սեփական անձի նման սիրելու օրինակը տեսնում ենք խաչյալ Աստվածորդու օրինակով։ Խաչի վրա անգամ Քրիստոս ոչ թե սեփական փրկությունն աղերսեց, այլ աղոթեց Հորը՝ մեղքեր գործածների համար՝ ասելով. «Հա՛յր, ներիր դրանց, որովհետև չգիտեն՝ ինչ են անում» (Ղուկ. 23:34):
Մենք էլ, մեր առօրյա, կենցաղային հարցերում, երբ մի պահ ցանկանում ենք մեր անձը գերադասել դիմացինից, հիշենք հենց այս օրինակը, որ տվեց մեզ Քրիստոս։ Զոհասեղանին ոչ թե կենցաղային մի հարց էր՝ մի փոքր զոհողություն պահանջող, այլ սեփական կյանքը, սակայն Նա անգամ այդ իրավիճակում չգերադասեց Իրեն։
Սիրե՛նք այլոց, ինչպես մեր անձը, քանի որ Տերը հենց այդ սիրով սիրեց մեզ՝ արժանացնելով փրկության։