Ճշմարիտ սիրո մասին

Ճշմարիտ սիրո մասին

Մեր նպատակն է, ցույց տալ, թե ինչպես հայրերն իրենց ճգնություններով հասան իրենց Տեր Աստծո նկատմամբ սիրուն՝ ըստ խոսքի․ «Պիտի սիրես քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, և քո ամբողջ հոգով, և քո ամբողջ զորությամբ, և քո ամբողջ մտքով, և պիտի սիրես քո ընկերոջը ինչպես քո անձը»(Ղուկ. 10:27): Սա է իրականում նրանց կյանքի նպատակը և իրենց փրկության գրավականը, ինչպես որ Տերն ասաց սիրո համար․ «Այդ արա և կփրկվես» (Ղուկ. 10:28): Այո, սիրենք և կփրկվենք, բայց շատերը կասեն․ «Դրանից էլ հեշտ բան, էլ ինչի՞ համար են այդքան ճգնություն, ժուժկալություն, առաքինի գործեր, եթե միայն սիրելով էլ կարող ենք փրկվել և, մանավանդ, որ սիրում ենք մեր Տեր Աստծուն և մերձավորին»։ Նման ձևով և շատ ավելիով սիրում էր Տիրոջը և Պետրոս Առաքյալը, բայց իր անձնազոհ սիրո խոստումներից մի քանի ժամ իսկ չանցած երեք անգամ ուրացավ Նրան։ Ուրեմն, պարտավոր ենք  քննել, թե ճշմարի՞տ սեր է առ Տեր, որ մենք ունենք, թե՞ ուղղակի զգացմունքների առատություն։ Ուրեմն, ի՞նչ սիրո մասին է խոսքը։ Պողոս Առաքյալն Սուրբ Հոգու պտուղները  թվարկելիս նշում է նաև սիրո մասին, որը տրվում է ի վերուստ։ Այսինքն՝ «սեր» ասելով՝ նկատի չունենք  մեր մարդկային տկար զգացմունքները, այլ այն, որ Աստված ինքն է մեզ պարգևում․ «Իսկ Հոգու պտուղն  այն է՝ սեր» (Գաղատ․ 5:22): Ուրեմն, եթե վերստին նորոգվելով՝ արժանանանք դառնալ Սուրբ Հոգու տաճար, այնժամ էլ կպտղաբերենք այս երկնային պտուղը՝ սերը։ Շատերը, ցավոք, տրված մարդկային զգացմունքներին, ցնծությամբ և ուրախությամբ են արտաբերում Տիրոջ անունը՝ բարձրաձայն փառքեր արտաբերելով, բայց Աստված պաշտվում է «հոգով և ճշմարտությամբ» (Հովհ 4:23) և ոչ՝ միայն լեզվով։ Իսկ ինչպե՛ս ստանալ այս սերը։ Հայրերն ասում են, թե հարկ չկա դրա համար աղոթել և  խնդրել, ուղղակի պետք է ջանալ և խնդրել, որ Աստծո շնորհիվ կարողանանք մաքրվել մեր անձի մեջ եղած ամեն տեսակի աղտեղություններից, իսկ Սուրբ Հոգու շնորհները, որոնց մեջ և՝ սերը ինքնըստինքյան կիջնեն այդ սրբված անոթի մեջ։ Անտոն Անապականը մեծ և երկարատև ճգնություններից հետո, այսպես էր ասում․ «Ես Աստծուց էլ չեմ վախենում, քանի որ սիրում եմ Նրան»։ Իսկ մենք, անտես անելով մեր մեղքերի մեջ ընկած վիճակը, ճառում ենք սիրո մասին և անհավատներին էլ ցույց ենք տալիս, թե իբր, ինչ մեծ սեր ունենք Աստծո հանդեպ, որից իրականում, ցավոք շատ հեռու ենք։ Ահա, թե ինչ էր խորհուրդ տալիս Պետրոս Առաքյալն այդ երանելի սերն ձեռք բերելու համար․ «Ամեն ջանք գործադրելով՝ ձեր հավատով առաքինություն ձեռք բերեք, առաքինությամբ՝ գիտություն, գիտությամբ՝ ժուժկալություն, ժուժկալությամբ՝ համբերություն, համբերությամբ՝ աստվածպաշտություն, աստվածպաշտությամբ՝ եղբայրասիրություն, եղբայրասիրությամբ էլ՝ սեր» (Բ Պետ․ 1:5-7):

 

Հատված «Խրատանի ապաշխարության» գրքից

 
  • 2022-04-13
×