Մինչև ե՞րբ հավատարիմ լինեմ

Մինչև ե՞րբ հավատարիմ լինեմ

Մարդու անհամբերության մասին պատմությունները բնավ էլ հեքիաթներ կամ լեգենդներ չեն։ Մարդն իր տեսակով անհամբեր է։  Մենք շատ շուտ ենք ցանկանում ստանալ ինչ-որ բան, որը խնդրել ենք, որի համար աղոթել ենք։ Մենք հաճախ շատ շուտ ենք ուզում ստանալ ոչ միայն մեր աղոթքների, այլ նաև Աստծուն մեր հավատարմության պատասխանը՝ շնորհների, Աստծո բարեգթության միջոցով։ Փորձություններից մեր՝ Աստծով հաղթանակը ցանկանում ենք, որ գովաբանվի, արժանանա ամենամեծ պարգևներին։ Եվ երբ չենք ստանում դրանք մեզ համար ցանկալի ժամանակում, հարցնում ենք՝ մինչև ե՞րբ հավատարիմ լինեմ Աստծուն։

 

Այս հարցի պատասխանը ստանալու համար նախ պետք է հասկանանք՝ մինչև ե՞րբ ենք հայտնվելու փորձությունների մեջ։ Չէ՞ որ Աստվածաշնչում ասված է հետևյալը․ «Եվ բոլոր նրանք, որ ուզում են աստվածապաշտությամբ ապրել Քրիստոս Հիսուսով, հալածանքների մեջ պիտի լինեն» (Բ Տիմ․ 3։12)։ Փաստ է այն, որ մեր փորձութուններին ու հալածանքներին վերջ չկա։ Ուստի՝ մեր հավատարմությանն էլ պետք է վերջ չլինի, եթե իրականում ցանկանում ենք արժանանալ աստվածային շնորհների ու պարգևների։

 

Արդեն իսկ անհավատարմություն է հարցնելը, թե մինչև ե՞րբ հավատարիմ լինեմ։ Չէ՞ որ այս հարցը տալով արդեն իսկ ցույց ենք տալիս, որ հոգնել ենք հավատարիմ լինելուց։ Սակայն չէ՞ որ ստեղծված ենք Աստծո պատկերով ու նմանությամբ, իսկ ի՞նչ է անում Աստված․ շարունակ տալիս է՝ առանց սպասելիքների ու վերադարձի ակնկալիքների։

 

Մենք պետք է ոչ թե ակնկալիքներ ունենանք, այլ շարունակ շնորհակալ լինենք ունեցածի համար։ Պետք է ոչ թե պահանջատեր լինենք, այլ շարունակ հավատարիմ՝ մեր խոսքով ու գործով։ Եվ վերջապես ոչ թե հարցնենք՝ մինչև ե՞րբ հավատարիմ լինեմ, այլ մեր միակ հարցը լինի հետևյալը՝ արդյո՞ք բավարար հավատարիմ եմ։ 

 

Եվ զուր չէ առաքյալը շարունակում հետևյալ կերպ․ «Բայց դու հաստա՛տ մնա այն բանի մեջ, որ սովորեցիր և որին հավատարիմ եղար. գիտես, թե ումից ես սովորել» (Բ Տիմ․ 3։14)։

  • 2022-04-13
×