Խաչով ու Զենքով

Խաչով ու Զենքով

Այսօր Ս․ Ղևոնդյանց քահանաների հիշատակության օրն է 

 

Հայոց պետությունը և Հայ Եկեղեցին մշտապես գործել են միմյանց փոխլրացնելով, անանջատ՝ հանուն մեկ գաղափարի՝ հայրենիքի անսասանության ու հաստատունության։ Հայոց եկեղեցին մշտապես պետության, բանակի կողքին է կանգնել, երբ հերթը հասել է հայրենիքի պաշտպանությանը։ Թվում է՝ այս արտահայտություններն անելով՝ նկատի ունենք դեռ մեկ ու կես տարի առաջ բռնկված պատերազմը, երբ մեր հերոս զինվորականների կողքին քաջաբար իրենց կյանքը հանուն հայրենիքի տվեցին նաև մի շարք արի ու քաջ հոգևորականներ, ովքեր կռվում էին խաչով ու զենքով։

 

Սակայն այս երևույթը դեռ դարեր առաջ իսկ ընդունված է եղել հայոց մեջ, ինչի վառ օրինակն են Եկեղեցու կողմից սրբադասված Ս․ Ղևոնդյանց քահանաները, ում հիշատակը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է այսօր։

 

Ս․ Ղևոնդյանց քահանաներն Ավարայրի ճակատամարտում սրբացած քաջորդիներն են, որոնց դերը անգնահատելի է Ավարայրի ճակատամարտում։ Քահանաները քայլում էին հայոց բանակի առջևից՝ բոցաշունչ խոսքերով քաջալերելով բանակին, ոգի ու ուժ հաղորդելով Քրիստոսի եկեղեցու և հայոց ինքնության համար պարսից զորքերի դեմ ոտքի ելած հայ մարտիկներին:

 

Նրանց այսօր հիշատակում ենք Ս․ Ղևոնդյանց անունով, քանզի նրանցից տարիքով ավագը Ղևոնդ երեցն էր, ում անվան կողքին հայ պատմիչները հիշատակում են նաև Հովսեփ կաթողիկոսի, Սահակ եպս. Ռշտունյացի, Բասենյաց Թաթիկ եպիսկոպոսի, Մուշե կամ Մուշեղ քահանայի, Արշեն երեցի, Սամվել քահանայի, Աբրահամ և Քաջաջն սարկավագների անունները: 

 

Ղևոնդյանց քահանաները մարտիրոսվեցին՝ հերոսաբար ընդունելով նահատակության պսակը, սակայն երես չթեքեցին Քրիստոսից։ Վարդանանց հերոսամարտից հետո պարսից Հազկերտ արքան վրեժխնդիր եղավ հայոց քաջերից: Նրա հրամանով նահատակվեցին հայոց քաջարի հոգևորականները: 

 

Այսօր՝ Ս․ Ղևոնդյանց հիշատակության օրը եկեք հիշատակենք նաև այն բոլոր քաջորդի հոգևորականներին, ովքեր առան նահատակության պսակը՝ կանգնելով Հայոց բանակի կողքին։ Պատերազմներում նրանց մտքում աղոթքն էր, ձեռքին՝ զենք՝ պատրաստ հրամանի և հայրենիքի պաշտպանության։ Հայրենիքի պաշտպանության համար մղված սրբազան մարտերը շատ հոգևորականների համար եղան վերջինը։ Նրանք, ովքեր կրթվել էին՝ կարդալով Ս․ Ղևոնդյանց քահանաների սխրանքների մասին, դասվեցին նրանց շարքերը՝ դառնալով նույն սխրանքի կատարողը։

 

Չուրանանք նրանց գործն ու գաղափարը, որի համար մարտիրոսվեցին նրանք ՝ սկսած Ս․ Ղևոնդյանց քահանաներից մինչև մեր օրերի քաջ հոգևորական-մարտիկները։ Ապրենք այնպես, որ արժանի լինենք նրանց սխրանքին՝ շենացնելով մեր Հայրենիքը, պահպանելով հավատքը և զորացնելով Եկեղեցին։ 

 

Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի․․․

  • 2022-04-13
×