Աստծուն հուսացողը երանելի կլինի թե՛ այս և թե՛ ապագա կյանքում

Աստծուն հուսացողը երանելի կլինի թե՛ այս և թե՛ ապագա կյանքում

Կյանքում հաճախ են լինում իրավիճակներ, պահեր, երբ թվում է՝ այլևս հույս չկա, ամեն բան կորած է, կամ իզուր։ Այս իրավիճակում հայտնվելիս, շատերս նախընտրում ենք մեկուսանալ աշխարհից, ընկերներից, հարազատներից։ Թվում է՝ միայնակության մեջ ավելի շուտ կգտնենք խնդրի լուծումը։ 

 

Սակայն, այս կերպ վարվելը հաճախ անխոհեմ քայլ է մեր կողմից, քանի որ նման  պահերին հավանականությունը ավելի է շատանում, որ կարող ենք  չմտածված որոշումներ կայացնել։ Իրականում, մեզ հարազատ մարդիկ այդ ժամանակ կարող են օգնել, որ չկորցնենք մեր հավասարակշռությունը, սթափ դատելու կարողությունը։ Բացի այդ՝ նրանք կարող են իրենց փորձից ելնելով՝ այնպիսի խորհուրդներ տալ, կամ լուծումներ առաջարկել, որը կօգնի ավելի հեշտ հաղթահարել խնդիրը։ Եվ վերջապես, նրանք կարող են մխիթարել, ուրախացնել և ուժ տալ մեզ, որ դիմանանք, մինչև ամեն բան կշտկվի։ Եկեղեցու հայրերեը, մեկնելով Տիրոջ կողմից ասված հետևյալ խոսքը, ասում են՝  մի տանջեք ձեզ այդ հոգսով, որ ծերացնելու է ձեզ՝ գիշեր ու ցերեկ հանգիստ չտալով: Այդպիսի հոգսը մեղսալից  հիվանդություն է, որը ցույց է տալիս, որ մարդը մոռացել է Աստծուն և միայն իր ուժերին ու ջանքերին է ապավինում: Մարդ պետք է աշխատի, ջանք թափի, բայց չար հոգսով իրեն չտանջի։

 

Մենք ամեն վայրկյան կարող ենք աղոթել և մեր բոլոր խնդիրների մասին հայտնել Տիրոջը, որովհետև նա իսկապես հետաքրքրված է մեզանով ու պատրաստակամ՝ օգնելու։ 

 

Նրանք, ովքեր, Աստծուն ապավինելով, համբերատարությամբ հաղթահարում են իրենց փորձությունները, կարող են վստահ լինել, որ Աստված ճիշտ ժամանակին կազատի նրանց այդ խնդիրներից։

 

Համբերության է կոչում Քրիստոս, երբ ասում է՝ ձեր համբերությամբ դուք կփրկեք ձեր հոգիները (Ղուկ. 21:18), ով մինչև վերջ դիմանա, նա պիտի փրկվի (Մատթ. 24:13), իսկ Պողոս առաքյալն ասում է՝ համբերությամբ պայքարենք մեզ ներկայացող փորձությունների դեմ: 

  • 2022-04-12
×