Կյանքը ինքնին փորձությունների մի շղթա է, որտեղ ամեն օր մենք պայքարում ենք, մեր ուզածին հասնելու համար: Այդ դժվարությունների ճանապարհին, ամեն կերպ ջանում ենք ապավինել Տիրոջը, Նրա ուժին, հավատին ու կարեկցանքին: Ամեն փոձությունից հետո, փառք ենք տալիս Տիրոջը ու խնդրում, այլևս մեզ չդնել նման ծանր իրավիճակի մեջ:
Բայց հետո հասկանում ենք, որ Տերը հենց այնպես չի տալիս այդ փորձությունները. մենք ամեն դժվարության հետ սովորում ենք պայքարել, հավատը զորացնել ու Աստծուց միշտ շնորհակալ լինել՝ Իր օրհնությունների և շնորհների համար:
Ցավոք, շատերս այդ դժվարությունների ճանապարհին, կորցնում են հավատը, ապրելու ձգտումը, Աստծո հետ համերաշխ լինելու պահանջը: Ու միայն շատ ուժեղներն են կարողանում փորձությունից հետո, էլ ավելի ուժեղ հավատքի տեր դառնալ ու չչարանալ՝ Աստծո ու աշխարհի
առաջ: Աստվածաշնչում ասվում է. «Որքան էլ որ բազում նեղություն և չարչարանք ցույց տվիր ինձ, դարձյալ մխիթարեցիր ինձ» (Սաղմոս. 70:20): Այո՛, ինչ էլ որ պատահի, որքան դժվարություն ու նեղություն էլ մեզ պատուհասի, միևնույնն է, վերջում Տիրոջ բարի կամքով ենք դուրս գալու այդ ամենի միջից:
Աստված փորձության հետ փրկության ելք էլ է ցույց տալիս. «Ձեր վրա ոչ մի փորձություն չի եկել, բացի մարդկանցից եկածից: Բայց հավատարիմ է Աստված, որ ձեզ ավելի փորձության մեջ չի գցելու, քան կարող եք տանել. այլ փորձության հետ փրկության ելք էլ է ցույց տալու, որպեսզի կարողանաք համբերել» (Ա Կորնթ. 10։13):
Իսկ մարդու ապաշխարությունը և քրիստոնեական կենսաձևը երևում է այդ փորձությունը անտրտունջ տանելու մեջ։ Եթե դա մեզ բաժին հասած խաչն է, ու թեկուզ մենք արդար ենք, ապա պետք է տանենք այն՝ առանց տրտնջալու։ Համբերությունն ու հեզությունը կօգնի հասնել այն նպատակին, որին ձգտում ենք, բայց մինչ այդ եկեք ցույց տանք Տիրոջը, որ ամեն բանից վեր մենք իր հետ ենք: