Ինչո՞ւ է Աստված մեկին շատ, մյուսին քիչ վարձատրում

Ինչո՞ւ է Աստված մեկին շատ, մյուսին քիչ վարձատրում

«Ստացի՛ր քոնը և գնա»

 

Երբեմն մեր կյանքում պատահում են այնպիսի իրավիճակներ, երբ  ինչ-ինչ պատճառներից ելնելով՝ մտածում ենք, թե Աստված անարդար է մեր նկատմամբ։ Այդ պատճառները հիմնականում ի հայտ են գալիս այն դեպքերում, երբ տեսնում ենք, որ այն մարդն, ով մեր աչքերում մեզանից պակաս արժանի էր, Աստծուց ստանում է նույնը կամ ավելին, քան մենք։ Նման դեպքերում առաջին բանը, որ անում ենք, ոչ թե ինքներս մեզ մեղադրելն է, որ համարձակվում ենք քննել Աստծո գործերը, այլ էլ ավելի մտորելն է այն հարցի շուրջ, թե ինչու է Աստված մեկին շատ, մյուսին քիչ վարձատրում։

 

Գիտե՞նք արդյոք, որ նման արարքն արդեն իսկ մեղք է։ Ինքներս մեզ տանք պարզ թվացող, սակայն բարդ այս հարցը, որպեսզի էլ ավելի լավ պատկերացնենք մեր գործած մեղքի բնույթը, մեղք՝ Աստծուն դատելու։ Հարցնենք ինքներս մեզ՝ ո՞վ է արդյոք ավելի արդար, քան Աստված։ Կա՞ իսկապես մի այնպիսի մարդ, ուժ կամ երևույթ, որը կարող ենք Աստծուց ավելի արդար համարել։ Անշուշտ,մեր պատասխանը պետք է բացասական լինի։

 

Այդ դեպքում ինչո՞ւ և ինչո՞ւմ ենք մեղադրում Աստծուն։ Արդյոք տեղի՞ն է մեր հանդիմանությունը այն դեպքում, երբ մենք ստացել ենք մեր վարձը, սակայն քիչ ենք համարել։ Ինչո՞ւ ենք աչք դնում այլոց ունեցածի, ստացածի վրա։ Արդյոք այս արարքով չե՞նք նմանվում  այն մշակներին, որոնց մասին պատմում էր Քրիստոս առակներից մեկում։

 

Այդ առակն այսպիսին էր։ Երբ տանուտերը բոլոր մշակներին՝ անկախ նրանց աշխատած ժամերից, վարձատրում է նույն չափով, մշակներից նրանք, ովքեր ավելի շատ էին աշխատել, հանդիմանում են՝ ասելով․  «Վերջին ժամերի եկածները մեկ ժամ աշխատեցին, իսկ դու նրանց հավասար դարձրիր մեզ, որ օրվա ծանրությունն ու տոթը տարանք» (Մատթեոս 20։12)։

 

Մենք էլ այս պարագայում նման ենք այս մշակներին, որոնց թվում էր, թե արդար են և կարող են դատել Տիրոջը, որ այս առակում տանուտերն է։ Ի՞նչ է պատասխանում տանուտերը մշակներին, ովքեր արդարություն էին պահանջում․  «Ընկե՛ր, քեզ չեմ զրկում. չէ՞ որ ինձ հետ մեկ դահեկանի սակարկեցիր.  ստացի՛ր քոնը և գնա՛. այս վերջիններին կամենում եմ տալ որքան և քեզ.  միթե իրավունք չունե՞մ իմ ունեցածի հետ վարվելու, ինչպես կամենում եմ: Կամ թե՝ նախանձո՞ւմ ես, որ ես առատաձեռն եմ» (Մատթեոս 20։13-15)։

 

Այն, ինչ ասում է Քրիստոս՝ որպես այս առակի մեկնաբանություն, մեր հանդիմանանքի պատասխանն է, որ ուղղում ենք Աստծուն։ Իսկ ի՞նչ է ասում նա․ «Այսպես, վերջինները առաջին պիտի լինեն, և առաջինները՝ վերջին. որովհետև բազում են կանչվածները, բայց սակավ են ընտյալները» (Մատթեոս 20։16)։

 

Մեկ անգամ էլ խորհենք՝ կարո՞ղ է Աստված անարդար լինել, և արդյոք մենք չե՞նք դառնում անարդար ու անազնիվ՝ դատելով Աստծու գործերը։ Ուստի՝ նայենք մեր վարձքին ու պարգևներին, որոնք շնորհում է մեզ Աստված՝ չհամեմատվելով ու չքննելով Աստծո գործերը, այլ շնորհակալությամբ փառաբանելու Տիրոջը։ Այդպես էլ ավելի արժանի կլինենք քրիստոնյայի կոչմանը, էլ ավելի հաճելի՝ Աստծուն։

  • 2022-04-12
×