Գրանկյուն. Գրականությունը գրողին կողմնորոշվելու hնարավորություն է թողել՝ փոխարենը չխոստանալով ոչինչ

  • Գլխավոր էջ     >
  • ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐ     >
  • Գրանկյուն. Գրականությունը գրողին կողմնորոշվելու hնարավորություն է թողել՝ փոխարենը չխոստանալով ոչինչ

Գրանկյուն. Գրականությունը գրողին կողմնորոշվելու hնարավորություն է թողել՝ փոխարենը չխոստանալով ոչինչ

«Շողակն Արարատյան» ամսաթերթի զրուցակիցը արձակագիր, «Եսավ» պատմվածքների ժողովածուի հեղինակ Գրիշ Սարդարյանն է:

 

-Գրողն ու գրականությունը…

-Գրական ավանդույթի գոյությունն ընդունելու կամ մերժելու, այդ ավանդույթն իր համար հայտնաբերելու խնդիրն է գրողի գլխավոր խնդիրը:

Եվ յուրաքանչյուրն իր համար հայտնաբերում է, թե ինչ է գրական ավանդույթը, համաշխարհային գրականության ավանդույթը, ազգային գրականության ավանդույթը…

Իսկ հետո որոնածը, գտածը, կորցրածը արտահայտվում է իր ստեղծագործության մեջ:

Գրականությունը գրողին կողմնորոշվելու հնարավորություն է թողել՝ փոխարենը չխոստանալով ոչինչ:

 

 

-Գրողն ու հայրենիքը…

-Կան գրողներ, որ մերժում են իրենց հայրենիքը, ցուցադրաբար ընդդիմանում հայրենիքի գաղափարին, անվերջանալի պայքարի մեջ են, հայրենիքը չի համապատասխանում նրանց անհատապաշտ կեցվածքին. օրինակ՝ ռումինացի Էմիլ Չորանը, իռլանդացի Ջոյսը, այդպիսի կռվազան տրամադրություններ կարող ենք նկատել նաև անվանի սփյուռքահայ գրողներին ընթերցելիս՝ քննադատական, հակասական, ոչ միանշանակ վերաբերմունք դեպի Խորհրդային Հայաստանը…

Եվ կան գրողներ, որոնք ընդունում են հայրենիքի գերակայությունը իրենց կյանքի ու գործի նկատմամբ, չեն կարողանում հայրենիքի գաղափարը շրջանցել, օրինակ՝ Աբովյանը, Գալշոյանը կամ լեհ Միցկևիչը, կուբացի Խոսե Մարտին…

Երկու կողմում էլ մեծ գրողներ են: Եվ նույնիսկ նրանք, ովքեր հակադրվել են, միայն օգնել, կայացմանը մասնակցել ու ակամա ճանաչում են ապահովել իրենց երկրների համար:

Լավ գրողները հայրենիքներին չեն վնասում:

 

-«Եսավը» և աստվածաշնչյան թեմաները…

-Մեր պատմությունները զարմանալիորեն միահյուսվում են աստվածաշնչյան պատմություններին: Մեր տոհմական պատմությունները ցնցող ընդհանրություններ ունեն աստվածաշնչյան դրվագների հետ: Նույնիսկ անուններն են համընկնում:

Ինչ որ կատարվել է Եսավի հետ, բնորոշ է մարդուն: Հաղթանակի համար նախատեսվածը ճաշակում է պարտություն: Բայց այն նաև վեր է սովորական մարդու դժբախտությունից, որովհետև զղջումը մեղքը չի քավել:

Եսավը՝ Հոբի հակապատկերը, Աստվածաշնչի ամենախորհրդավոր ու տարաբախտ հերոսներից մեկն է: Ի՞նչ է տեղի ունենում նրա հետ, գուցե զգոնությունն է կորցնում և առաջինի կարգավիճակից վերածվում է ամենահետինի:

Ցավոք, նրա անկման պատճառների մասին քիչ է խոսվում: Այդ անկման էությունը հետաքրքրում էր ինձ:

 

-Ընթերցանության ժամանակը…

-Սկզբում մայրս էր ինձ համար ընթերցում. Հիսուսի կյանքը, «Ոսկու կարասը», «Սիսեռածինը», «Կաշեգործ Կիրիլոն»…

Հետո կա՛մ ընթերցում էի, կա՛մ դրսում խաղում: Ցերեկներն ընթերցում էինք, երեկոյան հովին խաղում էինք: Խոսում էինք գրքերից, փոխանակվում գրքերով: Արևի լույսով մենք նորից ընթերցում էինք, արևի պահվելուց հետո՝ խաղում: Ստեփան Զորյանի «Վարազդատ»-ը, Սերո Խանզադյանի «Մխիթար սպարապետ»-ը, Էմիլիո Սալգարիի «Սև ծովահենը», Ֆենիմոր Կուպերի «Վերջին մոհիկանը»…

Դա էր ընթերցանության ժամանակը:

Երբ մարդիկ, որոնք չպիտի ընթերցեին, ընթերցում էին, մարդիկ, որոնք չպիտի գրքեր փոխանակեին, գրքեր էին փոխանակում:

Եվ երբ այդ մարդիկ վերադառնան գրքին, կվերադառնա ընթերցանության ժամանակը:

 

-Ի վերջո, կարևորագույնը կյանքում…

-Կարևորագույնը վերջակետ կդներ կյանքին և կյանքի տեղը կզբաղեցներ:

Ինքնահաղթահարում է, ճանապարհ, բազմակետեր…

 

-Ձեր մաղթանքը մեր ընթերցողին:

-Ընթերցողին այնպիսի միջավայր եմ մաղթում, որում գրքերի ներկայությունից չեն ամաչի, գրականության վերաբերյալ խոսակցությունների պակաս չի լինի, այդ խոսակցությունները ծաղրով ու արհամարհանքով ներծծված չեն լինի: Մի միջավայր, որում ընթերցող մարդկանց արժևորում են:

 

Պատրաստեց

Սիրանուշ ՓԱՐՍԱԴԱՆՅԱՆ

  • 2022-04-13
×