Հայ Առաքելական եկեղեցին այսօր տոնում է Բուն Բարեկենդանը

Հայ Առաքելական եկեղեցին այսօր տոնում է Բուն Բարեկենդանը

Ահա եկավ հայոց ազգին օրերը,

Հանեցեք հիները, հագեք նորերը:

Բարեկենդան, փորեկենդան,

Բարեկենդան օրեր է,

 Խելքս գլխես կորեր է…

 

Մեծ պահքի նախորդող կիրակին կոչվում է Բուն Բարեկենդան: Այն ուրախության ու զվարճանքի օր է, հիշեցնում է Ադամի և Եվայի դրախտային կյանքը, երբ նրանք ապրում էին վայելքի ու անհոգության մեջ: Այն նաև դրախտային կյանքի օրինակն է, որտեղ մարդուն արտոնված էր ճաշակել բոլոր պտուղները, բացառությամբ բարու և չարի` գիտության ծառի պտղից, որը պահքի խորհրդանիշն է: Բարեկենդանն առաքինությունների արտահայտություն է:

 

Այդ օրը մարդիկ սգից անցնում են ուրախության, չարչարանքից` խաղաղության: Այս ընկալմամբ է, որ յուրաքանչյուր քրիստոնյա հոգու խոնարհումով, ապաշխարությամբ, պահքով և ողորմության հույսով սկսում է Մեծ պահքի 40-օրյա ճանապարհը: Այն տևում է 48 օր՝ Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության՝ Զատիկի տոնը:

 

Բարեկենդանն այնքան սիրված, ժողովրդական, սպասված տոն էր, որ հայ ազգի կողմից այն ընկալվում էր որպես ամենաազգային «հայոց ազգի օրեր», ինչպես նաև ամենաերջանկաբեր, խրախճանք, ճոխ ու առատ ուտելիքներ վայելելու տոն, պարերի, խաղերի, թատերախաղերի, այցելությունների և ուրախության երկու շաբաթ: Այդ օրերին թույլատրվում էր առատ ուտելիք, կերուխում:

 

Այն ուրախության, ազատության տոն է և ևս մեկ հարմար առիթ ընտանիքի ու ընկերների հետ հաճելի օր անցկացնելու համար:

 

Բուն Բարեկենդանի նախորդ օրը՝ շաբաթ երեկոյան, ժամերգության ընթացքում եկեղեցու խորանի վարագույրը քաշվում է, խորանը ծածկվում է և այսպես շարունակվում է քառասունօրյա Պահքի ընթացքում. Պահքի ժամանակ մատուցվում է փակ պատարագ:

 

Հիշեցնենք, որ այն շարժական տոն է. այս տարի Բուն Բարեկենդանը նշվում  է փետրվարի 27-ին: 

  • 2022-04-12
×