Արարիչ, Փրկիչ, Մխիթարիչ․ Սուրբ Հոգու աստվածության հարցը

Արարիչ, Փրկիչ, Մխիթարիչ․ Սուրբ Հոգու աստվածության հարցը

Կ.Պոլսի տիեզերաժողովի 150 սուրբ հայրապետների հիշատակության օրն է

 

Ընդհանրական Եկեղեցու առջև պատմության տարբեր ժամանակահատվածներում ծառացել են տարբեր տեսակի խնդիրներ՝ լինեն դրանք դավանաբանական, վարդապետական, թե վարչակազմակերպչական խնդիրներ, որոնց պատասխանները տրվել են սրբագումար տիեզերական ժողովների ընթացքում:

 

Ահա այդ ժողովներից է նաև 381 թվականին Թեոդոսիոս կայսեր հրամանով գումարված Կ. Պոլսի Բ տիեզերաժողովը, որի 150 սուրբ հայրապետներին հիշատակում ենք այսօր։ 

 

Այս ժողովում քննարկված հարցը Սուրբ Հոգու աստվածության հարցն էր։ Արիոսական վեճերի արդյունքում հայտնվել էր մի նոր հերետիկոսություն` գլուխ և պաշտպան ունենալով Կ.Պոլսի Մակեդոն արքեպիսկոպոսին, ով մերժում էր Սուրբ Հոգու աստվածությունը: Սույն խնդրով գումարված վերոհիշյալ տիեզերաժողովը վերահաստատում է Նիկիայի ժողովում ընդունված դավանությունը և ապա պաշտպանում Սուրբ Հոգու աստվածության վարդապետությունը` որդեգրելով «մի Աստվածություն, երեք անձինք» բանաձևը: Հայ Եկեղեցին ընդունեց սույն տիեզերաժողովի որոշումները:

 

Իրականում սոսկ հերետիկոսություն էր մերժել Սուրբ Հոգու աստվածությունը։ Չէ՞ որ այն հիշատակվում է դեռևս Սուրբ Գրիք առաջին տողերում․ «... և Աստծու հոգին շրջում էր ջրերի վրա…» (Ծննդոց 1:2):  Աղավնակերպ Սուրբ Հոգին հայտնվեց Քրիստոսի մկրտության պահին Հորդանան գետի մոտ, և Քրիստոսի երկրային կյանքի դրվագներում է՛լ ավելի ակներև դարձավ Սուրբ Հոգու ներկայությունը։

 

Քրիստոս իր հեռանալուց հետո մեզ թողեց Սուրբ Հոգին՝ այն համարելով Մխիթարիչ և պատգամելով․ «Իսկ Մխիթարիչը՝ Սուրբ Հոգին, որին Հայրը կուղարկի իմ անունով, նա ձեզ ամեն բան կուսուցանի և ձեզ կհիշեցնի այն ամենը, ինչ ես ասացի ձեզ» (Հովհ. 14:26)։

 

Սուրբ Երորրդությունն ամբողջանում է Սուրբ Հոգով՝ Հայր, Որդի և Սուրբ Հոգի։ Հայրն արարիչ, Որդին փրկիչ, Սուրբ Հոգին մխիթարիչ։ 

 

Սուրբ Հոգու շնորհները ակներև են մեր կյանքում։ Յուրաքանչյուր առաքինություն աստվածային պարգև է, որ տրված է մեզ Սուրբ Հոգուց։ Մեղք է, որ մեր անձին վերագրենք այդ շնորհները, և ոչ Սուրբ Հոգուն։ Եվ թող այս օրը դառնա առիթը մեկ անգամ էլ խորհելու՝ արդյո՞ք մեղք չենք գործում՝ մեր շնորհները մեր անձերին, և ոչ Սուրբ Հոգուն վերագրելով։ Թող այս օրը նաև դառնա ևս մեկ առիթ զղջման, աղոթքի ու փրկության։ 

  • 2022-04-12
×