Մեր կյանքում լինում են այնպիսի իրավիճակներ, երբ մենք մեզ լիովին միայնակ ենք զգում՝ փորձությունների առաջ։ Այդ ժամանակ կարծում ենք, թե ոչինչ հնարավոր չէ անել, քանի որ ոչ ոք չի կարող օգնել մեզ։ Այդ պահերին մտածում ենք, որ լիարժեք միայնակ եք ու հուսահատության գիրկն ենք ընկնում։
Ո՞ւմ վրա դնեմ հույսս՝ հարցնում ենք ինքներս մեզ՝ կարծելով, թե ոչ ոք չունենք։ Սակայն հենց նեղության ու փորձության պահերին է, երբ մեզ լիարժեք միայնակ զգալով՝ տեսնում ենք նաև, որ միայնակ չենք, քանի որ Աստված է մեզ հետ։ Եվ հենց այդ գիտակցումն է, որ մեզ ուժեղ է դարձնում։
«Երանի այն մարդուն, ով իր հույսը Աստծո վրա է դրել» (Սաղմ. 2:13),- ասված է Սուրբ Գրքում՝ որպես պատասխան մեր հուսահատության։ Հենց հուսահատության այդ պահերին է, որ զգում ենք Աստծո ներկայությունը մեր կյանքում։ Զուր չէ ասված, որ մթությունը նրա համար է, որպեսզի
արժևորենք Լույսը։ Եվ գուցե հենց հուսահատության պահին մեր մեջ պիտի ուժ գտնենք, հաղթահարելով փորձությունները, արժևորենք հույսը, որն Աստծուց է։
Մեր կնքահայրերը Սուրբ Մկրտության խորհրդի կատարման պահին մեզ հավատի ու սիրո հետ մեկտեղ մաղթում են նաև հույս։ Քանի որ Սուրբ Գիրքն է վկայում՝ «Բայց արդ, մնում են հավատ, հույս, սեր. սրանք` երեքը» (Ա Կորնթ. 13:13)։
Հույսն այն ուժն է, որը ձգում է մեզ դեպի վեր՝ մոտեցնելով Աստծուն։ Հույսն ամրացնում է մեր հավատը, մեծացնում սերը։ Եվ ինչպես Սուրբ Գրքում տեղ գտած ամեն մի տող, այս մեկն էլ արթնացնում է մեր հույսը՝ առ այն, որ զուր չենք հավատում, հուսադրվում ու սիրում․«Ընտիր են խոսքերը Տիրոջ, Նա ապավեն է բոլոր նրանց, ովքեր հույսը դրել են Նրա վրա» (Սաղմ. 17:31)։ Այժմ գիտենք, թե Ում վրա կարող ենք մշտապես հույս դնել։