Սուրբ Հովհան Ոսկեբերանի Հորդորական Խոսքը՝ Քառասնօրյա Սուրբ Պահքի Վերաբերյալ

Սուրբ Հովհան Ոսկեբերանի Հորդորական Խոսքը՝ Քառասնօրյա Սուրբ Պահքի Վերաբերյալ

«Ուրախանում եմ և ցնծում, որ այժմ Աստծո եկեղեցին գեղեցկանում է իր բազմաթիվ զավակներով, և որ դուք բոլորդ այստեղ եք գալիս մեծ ուրախությամբ։ Երբ նայում եմ ձեր լուսավոր հայացքներին, տեսնում եմ ձեր հոգևոր ուրախության անհերքելի ապացույցը,  ինչպես իմաստունն է ասում․ «Սրտի բերկրանքից ծաղկում է դեմքը» (Առակ. 15:13): Մեր բոլորի Տերը՝ որպես որդեսեր Հայր, ցանկանալով մեզ մաքրել մեղքերից, սուրբ պահքի միջոցով բժշկություն է շնորհել։ Եվ այսպես, ոչ ոք թող չտխրի, ոչ ոք թախծոտ չերևա, այլ ցնծա, ուրախանա և փառավորի մեր հոգիների համար Հոգացողին, որը բացել է  մեզ համար այս սքանչելի ճանապարհը, և դուք մեծ խնդությամբ ընդունեք պահքի սկսվելը։ 

 

Անցկացնելով քառասուն օր պահքով՝ Մեծ Մովսեսն արժանացավ ստանալու օրենքը, և երբ իջավ սարից և տեսավ ժողովրդի անօրինությունը, նետեց այդ քարե տախտակները, որոնք ստացել էր մեծ ջանքով, և դրանք ջարդեց՝ անհնար համարելով հայտնելու  Աստծո պատվիրանները հարբեցողությամբ և անօրինությամբ տարված ժողովրդին։ Եվ սրա համար  սքանչելի այս մարգարեն պետք է նորից քառասուն օր պահեցողության տրվեր, որպեսզի արժանանար վերստին ստանալու և ժողովրդին բերելու քարե տախտակները՝ ժողովրդի անօրինության պատճառով ջարդվածների փոխարեն (Ելք  24, 32,34):

 

Մեր Տեր Հիսուս Քրիստոս էլ քառասնօրյա ծոմապահությունից մարտի մեջ մտավ սատանայի հետ, և մեր բոլորին օրինակ տվեց այն բանի, որ մենք էլ նույն պահեցողությամբ զինվենք և Նրա միջոցով  զորություն ձեռք բերելով՝ ելնենք պատերազմի սատանայի դեմ (Մատթ․ 4:2)։ Այստեղ կարող է ինչ-որ մեկը իր սուր և արթուն մտքով հարցնել, թե ինչու Տերն այդքան ժամանակ պահք պահեց, որքան որ ծառաները, և ոչ ավելի նրանցից։ Նա հաճեցավ պահք պահել այդքան ժամանակ և ոչ ավելի ծառաներից, որպեսզի գործնականում սովորեցնի մեզ, որ հանդերձավորված է այնպիսի մարմնով, ինչպիսին որ մերն է, և որ Իրեն խորթ չէ մեր բնությունը։ Ահա՛ պարզ դարձավ մեզ և՛ ծառաների օրնակից և՛ հենց Տիրոջ օրինակից, որ մեծ է պահքի զորությունը, և մեծ է հոգու օգուտը։ Եվ սրա համար էլ խնդրում եմ ձեր սերը, որպեսզի իմանալով պահեցողության օգտակարությունը՝ չզրկվեք դրանից՝ անհոգության պատճառով և պահքի գալստյամբ չտխրենք, այլ ուրախանանք և ցնծանք  երանելի Պողոսի խոսքի համեմատ․ «Դրա համար էլ չենք տկարանում, այլ թեպետ, մեր այս արտաքին մարդը քայքայվում է, բայց մեր ներքին մարդը նորոգվում է օրըստօրե» ( Բ Կորնթ․ 4:16)։

 

Պահքը հոգու սնունդ է։ Եվ ինչպես մարմնավոր կերակուրը պարարտեցնում է մարմինը, այնպես էլ պահքն ամրացնում է հոգին, հաղորդ է անում նրան թեթև թռիչքի, ընդունակ է դարձնում վեր բարձրանալու և երկնայինը խորհելու՝ բարձրացնելով վեր այս կյանքի հաճույքներից և քաղցրություններից:             Ուրեմն, անհոգ չլինենք մեր փրկության գործում և իմանալով, թե որքան չարիքներ են առաջանում անժուժկալությունից՝ ջանանք խուսափել վնասակար հետևանքներից։

 

Հաճույքները կարճաժամկետ են, և ոչ՝ շարունակական, իսկ նրանից առաջացած սուգը մշտական է ու անվերջ։ Այն իր մեջ չունի ոչ մի ամուր, ոչ մի մշտական և ոչ մի հաստատուն բան, այլ փախչում է ավելի արագ, քան գետերի հոսքը և ձեռնունայն ու դատարկ է թողնում նրանց, ովքեր կառչում-մնում են նման բաներից։ Իսկ հոգևորը, ընդհակառակը, այդպիսին չէ։ Այն ամուր է ու անսասան, փոփոխության չի ենթարկվում և մնում է հավիտյան։ Ինչ անամոթություն կլիներ կայունը փոխել անկայունի հետ, հավիտենականը՝ ժամանակավորի, մշտապես եղողը՝ վաղանցուկի։ Խորհելով այս ամենի մասին, սիրելինե՛ր, և դողալով մեր փրկության համար՝ արհամարհենք անպտուղ և կործանարար զվարճանքները, սիրենք պահքը և ամեն տեսակի այլ առաքինություններ և շտապենք ամեն օր բարի գործեր անելու, որպեսզի քառասնօրյա սուրբ պահքի վերջին, ավարտելով պահոց նավարկությունը, Աստծո ողորմությամբ վերջապես հասնենք խաղաղ նավահանգստին, այդժամ պետք չէ, որ տրվենք անհոգության, այլ ավելի մեծ ջանք և զգոնություն ցուցաբերենք։ Եվ երբ Աստծո ողորմությամբ հասնենք Ավագ շաբաթին, պետք է հատկապես էլ ավելի զորացնենք պահքի սխրանքը՝ այն ավարտելով աղոթքի ջանասիրությամբ, կատարելով մեղքերի ընդհանրական և անկեղծ խոստովանություն, բարի գործեր, առատաձեռն ողորմություններ, հանդարտություն, հեզություն և ամեն տեսակի առաքինություններ ցուցաբերելով, որպեսզի նմանօրինակ բարի գործերով արժանանանք հասնելու Տիրոջ Հարությանը և բերկրելու Նրա առատաձեռնությամբ»։

 

Պատրաստեց

Մարիետտա ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

  • 2022-04-13
×