Ինչու է կարևոր հոգու մաքրությունը

Ինչու է կարևոր հոգու մաքրությունը

«Երանի՜ նրանց, որ սրտով մաքուր են, որովհետև նրանք Աստծուն պիտի տեսնեն» (Մատթ. 5.8): Հիսուսի խոսքերը ցույց են տալիս, թե սրտով մաքուր լինելը որքան կարևոր նշանակություն ունի քրիստոնյայի համար։ Մեր մտքերը մաքուր ու անբիծ պահելով, թույլ ենք տալիս, որ Տերը բնակվի մեր սրտերում։ Չմոռանանք, որ մեր հոգու մաքրությունը կարևոր է ոչ միայն մեզ համար, այլև այն մարդկանց, ովքեր գտնվում են մեր կողքին։

 

Աստված մեծ նշանակություն է տալիս մարդու սրտին, ուստի մենք պետք է ուշադրություն դարձնենք, թե մեր սիրտն ինչպիսի խորհուրդներով ու հոգևոր գանձերով է լցված: Հոգին ու միտքը մաքրելու լավագույն տարբերակը ամենօրյա աղոթքն է, որը թույլ է տալիս մեզ ապրել խաղաղության ու ներքին ներդաշնակության մեջ։ 

 

Ս. Աթանաս Մեծը գրում է, որ մաքուր սիրտ ունեցողն իր էության մեջ կտեսնի Աստծո պատկերը: Հոգու այդպիսի մաքրությունը նման է հայելու, որի մեջ արտացոլվում է Աստծո պատկերը: Իսկ սրտի անմաքրությունը թույլ չի տալիս մարդուն մոտենալ Տիրոջը, այն կարծես փշոտ վարդ լինի, որին մոտենալ ոչ մեկ չի ցանկանում։

 

Այդ փշերը, վնասում են մարդու սիրտը՝ բերելով նրա հոգուն մռայլություն և գորշություն: Հոգևոր արժեքները գնահատելով ու դրանցից չշեղվելով, մարդը հնարավորություն է տալիս, որ Աստված բնակվի իր ներսում։ 

 

Ուստի, ինչու՞ չպայքարենք, բարուն հասնելու ու նրան մեր հոգում հավերժ բնակեցնելու համար։  Պայքարի այդ ճանապարհին, վստահաբար, շատ անգամներ կփորձվենք չարից, բայց հաստատուն հավատքով ու ամուր կամքով կկարողանանք դուրս գալ ամեն տեսակ փորձությունից։

 

Առակաց գրքում կարդում ենք. «Պահի՛ր իմ խոսքերը քո սրտի մեջ, քանզի դրանք կյանք են գտնողների համար և բժշկություն՝ ամբողջ մարմնի համար» (Առակ. 4.22-23):

 

Մաքուր սիրտ ունենալու խնդրանքն առ Աստված պիտի լինի յուրաքանչյուր քրիստոնյայի հոգևոր կյանքի ձգտման կարևորագույն ճանապարհը:

  • 2022-04-13
×