Երանի աշխարհը նորոգողներին

Երանի աշխարհը նորոգողներին

«...Քաղցած էի, և Ինձ կերակրեցիք, ծարավ էի, և Ինձ ջուր տվիք... մերկ էի, և Ինձ հագցրիք...»։

 

Մատթեոս 25:35-36

 

Կավով չորս ժամ աշխատելուց հետո դուրս եմ գալիս արվեստանոցից․ ասես վերածնված լինեմ, հրաշքը ճշգրտորեն աշխատել է հազարերորդ անգամ։ Խաղաղ եմ, խաղաղ, երկնքին շատ մոտ, հագուստներս կավոտ են, հոգիս՝ մաքուր։ Պիտի նոր նյութ պատրաստեմ իմ սիրելի «Շողակնի» համար, մտքերս եմ հավաքում, փորձում եմ մտաբերել անցնող ամսվա ամենահոգևոր ապրումներս ու անշտապ քայլում եմ երեկոյան Երևանով, ոչ մի անսպասելի բանի ակնկալիք չունեմ։ Հանկարծ դիմացս է հայտնվում մի կին՝ գրկին մեկ տարեկան երեխա, կողքին մյուս բալիկը՝ տարիքով քիչ ավելի մեծ մի աղջնակ։

 

Նրանց էլի եմ տեսել, այս կողմերում գումար են խնդրում անցորդներից։ Ես, սովորաբար, գումար չեմ տալիս նման մարդկանց, որովհետև մեծ ցավ եմ ապրում, որ երեխաներն օգտագործվում են, օգտագործվում են մարդկանց խղճի վրա ազդելու համար։

 

Չեմ ուզում ապրել մի աշխարհում, որտեղ երեխաներն օգտագործվում են։

 -Խնդրո՛ւմ եմ, կօգնե՞ք երեխաներիս կերակրել,- ասում է կինը՝  աչքերիս մեջ նայելով։

-Հա՛, կօգնեմ, եկե՛ք հենց հիմա գնանք խանութ, գնեմ ինչ պետք է,- ասում եմ ես՝ առանց մի րոպե անգամ մտածելու։

 

Սկսում ենք քայլել դեպի մոտակա խանութ: Կինն ինձ ասում է՝ կուզե՞ք գրկել երեխային։ Երեխան իսկական հրեշտակ է՝ մեծ, կապույտ աչքերով, շեկ մազերով, լուռ ու հանգիստ։

 

Գրկում եմ փոքրիկին։ Գրկելուց անմիջապես հետո նա գլուխը դնում է ուսիս։ Մտաբերում եմ լսածս դաժան պատմություններն այն մասին, որ փոքրիկ երեխաներին մուրացկանության տանելիս հատուկ նյութ են ներարկում, քնաբեր, որ խելոք լինեն։ Հույս ունեմ, որ սա այդ դեպքը չէ։ Հույս ունեմ, որ փոքրիկը պարզապես հոգնել է, հետո հայտնվել շատ ապահով գրկում ու միանգամից խաղաղվել։ Մայրը մեր կողմ հազվադեպ է նայում, միգուցե իր երեխա՞ն չէ։ Կասկածները ճնշում են ինձ, բայց նայում եմ երեխայի ճերմակ մաշկին, զգում եմ նրանից եկող տաքությունը, ու սիրտս հալվում է։ Նույնիսկ եթե իր երեխան չէ, նույնիսկ եթե խաբում է ինձ, նույնիսկ եթե հիմարի տեղ  է դրել, էական չէ։ Էակա՛ն չէ։ Հասնում ենք խանութ։ Կինը խնդրում է միս գնել. «Երեխաներս երկար ժամանակ է՝ ճաշ չեն կերել»,- ասում է նա։

 

Սպասում ենք՝ մսամթերքի բաժինը սպասարկող տղան կտրտի միսը։ Երեխան դեռ գրկումս է, գլուխը՝ հենած ուսիս, պարբերաբար նայում է աչքերիս մեջ, ասես ինչ-որ բան է ուզում ասել։ Հանկարծ ականջներիս մեջ զնգում է. «Քաղցած  էի, և Ինձ կերակրեցիք»։

 

Հուզվում եմ։ Մի կերպ եմ զսպում արցունքներս։ Վաղը բալիկները տաք ապուր կուտեն։

 

Միգուցե այս կինը չի խաբում, միգուցե իրոք երեխաների հետ ճարահատյալ է դուրս եկել փողոց։

 

Էական չէ, էականն է մեն-մի միտքը. «Քաղցած  էի, և Ինձ կերակրեցիք»։ Սա ամենակարևոր բանն էր, որ պիտի անեի այսօր...

 

Երեխային վերադարձնում եմ մորն ու շարունակում ճանապարհս։ Նստում եմ երթուղայինտաքսի։ Դեռ կատարվածի ազդեցության տակ եմ, հիշում եմ հրեշտակ բալիկին՝ գրկիս մեջ։ Մտածում եմ մայր դառնալու մասին։ Հետո ականջիս է հասնում երկու հարբած մարդկանց խոսակցություն։ Արցախյան վերջին պատերազմից են խոսում՝ բարձր-բարձր, հայհոյանքներով։ Մեկը մյուսին ասում է, որ փոշմանել է մասնակցելու համար․ մարդիկ արժանի չէին իր զոհողությանը։ Երթուղայինն առայժմ լուռ է։ Հետո մի տարեց մարդ խնդրում է այս տղամարդկանց կանանց ներկայությամբ չհայհոյել։

 

 -Չե՞ս լսում՝ ես ով եմ։ Ես կռված տղա եմ։ Դու ինձ մի ասա՝ ինչ անեմ։

 

Այս մտքին արձագանքում է կողքիս նստած մի տղա՝ փորձում է պաշտպանել տարեց մարդուն, սկսվում է մեծ վեճ։ Ի վերջո, երթուղայինի վարորդը դուրս է հրավիրում վեճի մասնակիցներին։ Իսկ այս ամենից հետո ինձ մնում է մտածել՝ մենք վնասված ենք։ Աշխարհը վնասված է։ Մարդիկ կոտրված են, մարդիկ, որ տեսել են ցավ, տառապանք, կորուստ, կորցրել են նաև իրենց։ Ոչ միայն պատերազմին մասնակցած մարդիկ, կամ նրանք, ովքեր կարողանում են շահարկել այդ փաստը։ Մենք՝ բոլորս, մենք՝ բոլորս, կոտրված ու վնասված ենք։ Եվ մենք բոլորս ունենք սիրո և մխիթարության կարիք։

 

Հենց հիմա, երբ այս տողերն եմ գրում, էլի պատերազմ է, էլի մարդիկ են զոհվում, էլի մարդիկ են կոտրվում, էլի շատ երեխաներ սոված են քնում։ Եվ մեզնից ամեն մեկը ունեցածի չափով պիտի փորձի նորոգել երկիրը, սեր շրջանառել, կերակրել քաղցածներին, ջուր տալ ծարավներին, մերկությունը ծածկել նրանց, ովքեր հագուստ չունեն։ Որովհետև այդպես, միայն այդպես է մոլորակը շարունակում պտտվել՝ այսքան արկերի պայթյուններից հետո։

 

Որովհետև սերը ուժ է, լույսը ուժ է, սերն ու լույսն ունեն իրենց մարտիկներն աշխարհի վրա։

 

Ու մեզնից ամեն մեկին տրված է հնարավորություն՝ լինելու այդ մարտիկներից մեկը։

 

Երանի նրանց, ովքեր կկարողանան, ովքեր կլինեն։ Երանի աշխարհը նորոգողներին։

 

Անժելա ՊՈՂՈՍՅԱՆ

  • 2022-04-12
×