Այսօր Մեծ պահքի երկրորդ կիրակին է, որը կոչվում է Արտաքսման՝ ի նշան Ադամի ու Եվայի՝ դրախտից վտարվելուն։ Դրախտից արտաքսումը մեղքի ու մահվան դառնության ճաշակման մասին է, և հայտնում` Քրիստոսի միջոցով մարդու՝ Դրախտին կրկին արժանանալու հնարավորության մասին։
Ինչպես հիշում ենք, Աստված Ադամին ու Եվային տվեց կյանքի պատվիրանը. «Դրախտում ամեն ծառի պտուղներից կարող ես ուտել, բայց բարու և չարի գիտության ծառից մի՛ կերեք, որովհետև այն օրը, երբ ուտեք դրանից, մահկանացու կդառնաք» (Ծննդոց 2:16-17):
Ադամն ու Եվան, հնարավորություն ունեին ապրել դրախտում՝ վայելելով Արարչի անսպառ պարգևները ու որ ամենակարևորն է՝ ներկայությունը: Նրանք չէին կրում ոչ հոգսի, ոչ տառապանքի և ոչ էլ մահվան երկյուղը: Սակայն Ադամն ու Եվան դրախտի այդ երանական կյանքի մեջ երկար չմնացին, և ընտրելով սխալ ճանապարհը՝ վտարվեցին` չանսալով Աստծո պատգամին։
«…Եվ Տեր Աստված արտաքսեց նրան բերկրության դրախտից, որպեսզի նա մշակի այն հողը, որից ստեղծվել էր»: (Ծննդ. 3:23),- ասված է Սուրբ Գրքում։
Ավելի վատ պատիժ կար, քան մահը։ Աստված նախընտրեց արտաքսել Ադամին ու Եվային։ Նրանք կորցրին իրենց երջանկությունը, թաթախվեցին մեղքերի մեջ՝ սպասելով Երկրորդ Ադամի՝ Քրիստոսի գալուստին, ով պետք է իր արյամբ մաքրեր մեր մեղքերը ու տար նոր հնարավորությունը։
Աստվածաշնչյան այս դրվագը մեզ ցույց է տալիս՝ ինչպես առաջին մարդիկ ընտրեցին հրապուրիչը, որ չարն էր՝ թողնելով երանելի բարին։ Զուր չէ, որ այս կիրակին կոչվում է Արտաքսման՝ մեզ հիշեցնելով այն մասին, որ մենք էլ մեր առօրյայում հաճախ ենք հրապուրանքի զոհ դառնում։ Պահքը հենց այդ հրապուրանքներից հրաժարվելն է՝ գայթակղություններին զոհ չգնալը։ Ուստի՝ Արտաքսման կիրակիին եկեք խորհենք այս մասին՝ արդյոք կրկին զոհ կգնա՞նք չարին ու գայթակղություններին, թե՞ բավական ամուր ենք հոգով ու հավատով։