Ինչո՞ւ էիք ինձ փնտրում

Ինչո՞ւ էիք ինձ փնտրում

Ինչո՞ւ և որտե՞ղ ենք փնտրում Տիրոջը

 

Մեր կյանքն անցնում է Քրիստոսին որոնելով։ Մենք չգիտենք, թե ինչպես արժանանանք Նրան՝ Փրկչին ոչ թե գտնելու, այլ գոնե մոտենալու շնորհին։ Սակայն մի պահ կանգ առնենք ու հարցնենք՝ որտե՞ղ եմ փնտրում Տիրոջը։ Երբ փորձենք այս հարցի պատասխանը գտնել, կտեսնենք, որ մեր մատնանշած բոլոր վայրերը՝ աշխարհիկ ու հոգևոր, մեզանից դուրս են։

 

Եվ քանի՞սս է փնտրում Նրան մեր մեջ։ Քանի՞սս գիտի, թե ինչ է անելու, երբ գտնի Նրան։Խնդրանքնե՞ր ենք հղելու, խոստումնե՞ր պահանջելու, խոսելու ենք ինքներս մեզանի՞ց, հարցե՞ր ենք ուղղելու մեր կյանքի, մեղավորության, անցած ուղու մասին։ Արդյոք սա՞ է միակ ճշմարիտ վարվելակերպը՝ Տիրոջ հետ հանդիպման պահին։ Արդյոք միայն մե՞նք ենք կարևորը մեր և Փրկչի հանդիպման ժամանակ։

 

Այս հարցն ինքնին ունի իր պատասխանը։ Բնականաբար` ոչ։ Մեր և Քրիստոսի հանդիպման պահին կարևորը Քրիստոս է, որ երևալու է մեզ, ու ուղղի մի հարց՝ ինչո՞ւ էիք ինձ փնտրում։

 

Այս հարցը Քրիստոս տվեց նաև Աստվածածնին, երբ նրան 12 տարեկանում Տաճար տարան Մարիամն ու Հովսեփը, և կորցրին։ Տագնապած Աստվածածինը, գտնելով Հիսուսին, հարցրեց, թե այս ի՞նչ արեցիր, իսկ Քրիստոս պատասխանեց Տիրամորը․ «Ինչո՞ւ էիք ինձ փնտրում, չգիտեի՞ք, թե ես Հորս տանը պետք է լինեմ» (Ղուկաս 2։49)։

 

Այս հարցը Քրիստոս ուղղում է նաև մեզ։ Ինչո՞ւ ենք փնտրում Նրան ամենուր, եթե Նա իր տեղն անգամ գաղտնի ու ծածուկ չի պահում մեզանից։ Մենք Քրիստոսին փնտրում ենք մեզանից դուրս՝ հնարավոր բոլոր վայրերում, սակայն մոռանում ենք մի պահ նայել Աստծու Տաճարին։ Ո՞րն է՝ կհարցնենք, Աստծու Տաճարը։ Դա հենց մենք ենք, հենց մեր մեջ է բնակություն հաստատել Սուրբ Հոգին։ 

 

Առաքյալն այս մասին զուր չի ասում, թե «Չգիտե՞ք, թե ձեր մարմինները տաճար են Սուրբ Հոգու, որ ձեր մեջ է, և որն ստացել եք Աստծուց. և դուք ձեր տերը չեք, քանզի մե՛ծ գնով գնվեցիք: Փառավորեցե՛ք Աստծուն ձեր մարմինների մեջ (Ա․ Կոր 6։19-20):

 

Քրիստոսին որոնել պետք չէ, Նա արդեն իսկ հայտնվել է մեզ՝ Սուրբ Հոգու միջոցով բնակություն հաստատելով մեր հոգիներում։ Ուրեմն՝ մեր սրտերում փնտրենք Քրիստոսին, որպեսզի գալով մեզ էլ չհարցնի, թե «Ինչո՞ւ էիք ինձ փնտրում, չգիտեի՞ք, թե ես Հորս տանը պետք է լինեմ» (Ղուկաս 2։49)։ Եվ ինչպես առաքյալն է պատվիրում, փառավորե՛նք Աստծուն մեր մարմինների մեջ։

  • 2022-04-13
×