Այսօր Միջինք է. Մեծ պահքը կիսվեց

Այսօր Միջինք է. Մեծ պահքը կիսվեց

Բարեկենդանի անհոգ ուրախությանը, կենցաղային թեթևամտությանը, հասարակական սովորույթների ավանդական կարգի խախտումներին փոխարինելու էր գալիս տարեկան պասերից ամենաերկարատևը` Մեծ պասը։

 

Այն ինքնամաքրման, ինքնազոհաբերման, ապաշխարության, մաքրակենցաղության և ինքնազսպման յոթշաբաթյա շրջան է։ Մեծ պասի հենց առաջին օրը հաշտություն, համերաշխություն սահմանելու օր էր, գժտություններն ու թշնամությունները մեղմելու, հասարակության մեջ ներդաշնակ բարեկամական հարաբերությունները նորից վերականգնելու օր։

 

Միջինքը հիշեցնում է, որ Մեծ պահքը հասել է իր կեսին: Միջինքին Մեծ պահքը չի ընդհատվում, պահեցողները շարունակում են պահք պահել: Այդ օրը նախանշում է, որ մինչ Հիսուսի հրաշափառ Հարությունը՝ Սուրբ Զատիկը, մնացել է քսանչորս օր, և որ դեռևս խոկումի, ինքնաքննության, զղջումի ու ապաշխարության օրեր են: Մինչ Հարության տոնի ուրախությունը, պահեցողության օրերը հնարավորություն են տալիս յուրաքանչյուրին անդրադառնալու սեփական կյանքին, ներելու, կարևորելու  սեփական անձը և բարեգործություն անելու:

 

Ըստ Մաղաքիա Օրմանյանի` Միջինք անունը տրվում է Մեծ պասը կիսող օրվան, որը տոնական նշանակություն չունի: Այդ շրջանում պահեցողները օգտագործում են բացառապես բուսական ծագում ունեցող սննդամթերք, հրաժարվում են ոչ միայն որոշակի կերակուրներից, այլև մոլի սովորություններից, շատախոսությունից, ստախոսությունից, հայհոյանքից և այլ մեղքերից:

 

Կերակրից հրաժարվելն առանց մեղքից ետ կանգնելու՝ անօգուտ է: Պահեցողությունը չէ, որ մեղքից մաքրում է, այլ Աստված է քավիչը, սակայն պահեցողությունը կարևոր է քավչարար այս սրբագործության մեջ: Զղջումը, աղոթքը, ապաշխարանքը հիմնական պայմաններն են Աստծո բուժիչ և քավիչ զորությունն ստանալու:  Մեծ պահքի 40 օրը խորհրդանշում է անապատում Քրիստոսի քառասնօրյա աղոթքի, ծոմապահության և ապաշխարության շրջանը: Իր մկրտությունից հետո Հիսուս «հոգով անապատ առաջնորդվեց ու քառասուն օր փորձվեց սատանայից: Չկերավ ու չխմեց այն օրերին» (Ղուկ. 4:1-3):

 

Մեծ պասը լուծվում էր Զատիկին և բացվում ձվով ու ձկնեղենով: Ինչպես Ավետարանն է պատվիրում, ուտողը թող չանգոսնի չուտողին և փոխադարձաբար` չուտողն էլ թող չքննադատի ուտողին: Թող, յուրաքանչյուր ոք իր միտքը հաճեցնի և որ գլխավորն է ու Մեծ պասի կարևոր խորհուրդը՝ առանց ինքնաքննության, զղջումի ու առաքինի գործերի, պահեցողությունը արժեք չի կարող ներկայացնել:

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2022-04-13
×